Մինչ ՀՀ-ում ժողովրդավարական ուժերի հարթակն առաջարկում է ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, ռադիկալ ընդդիմությունն էլ հեգնում ու ժամանակավրեպ, վտանգավոր է համարում նման «եվրո-օրակարգը», Մարիա Զախարովան էլ հրապարակավ արտահայտում է իր հոգեկան ցնցումները, որոնց հարուցման պատճառը ԵՄ-ի կողմից ՀՀ-ին 10 միլիոն դոլարի ռազմական օգնության տրամադրումն է, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակում է իր եվրովոյաժը հեռավոր Բելգիայի Թագավորությունում։
Ինչպես ավետում է ՀՅԴ պաշտոնական կայքը՝ ընկեր Իշխանը աշխատանքային այցով այս օրերին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ օրենսդիր, գործադիր տարբեր պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքական շրջանակների հետ։ Ընդդիմադիր գործիչը հանդիպել է մասնավորապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի Ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ, շնորհակալություն հայտնել «Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար»: «Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ներկայացրել է տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները»,-Սաղաթելյանի եվրոպական այցի վերաբերյալ մասնավորապես նշել է ՀՅԴ պաշտոնական կայքը և հավելել՝ Սաղաթելյանը խոսել է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրի մասին և այդ հարցում կարևորել «Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը»։
Հատկանշական է, որ դաշնակցական գործիչը, որի կուսակցությունն ու ռադիկալ ընդդիմությունն առհասարակ գուժում են առաջիկայում ՀՀ-ին պատուհասելիք մարտահրավերների՝ ընդհուպ պատերազմի մասին, և խոստանում են աշնանը վերսկսել փողոցային պայքարը, հայրենիքի դարդ ու ցավերը շալակել, «ցուպը ձեռքն առել» ու հասել է ոչ թե ռազմավարական դաշնակից ՌԴ, այլ… Եվրոպա և ԵՄ խորհրդարանականների հետ է կիսվել «մեզ տանջող ցավերով», նրանցից ակնկալել միջամտություն ու ճնշումներ Ադրբեջանի վրա։ Դավադրապաշտական տեսության սիրահարները, ենթադրաբար, սա կմեկնաբանեին որպես ՀՅԴ-ի «վեկտորալ փոփոխություն», ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու անհեռատեսություն և նման այլ՝ անհեթեթ որակումներ կտային։
Ակնհայտ է, որ Արցախում ռուսական ներկայության թողտվությամբ տեղի ունեցած էթնիկ զտումից և Արցախի հանձնումից հետո նույնիսկ անուղղելի պրոռուսական սուբյեկտներն են ստիպված ընդունել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում պետք է միջնորդական ջանքեր ակնկալել ոչ թե «տավարիշչ» Պուտինից, այլ՝ ԵՄ-ից և հավաքական Արևմուտքից։ ՌԴ-ն, ընկեր Իշխանն ու նրա կուսակցությունն էլ կհամաձայնեն, չունի կամք և կարողություն Ադրբեջանի վրա ազդելու, առավել ևս՝ որևէ հարցով ճնշումներ բանեցնելու, այդ թվում և իր անգործության հետևանքով Ադրբեջանի կողմից առևանգված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման։
Հետաքրքիր է՝ ՀՀ վերադառնալուց հետո ընկեր Իշխանին կհրավիրե՞ն Կոպիրկինի ընդունարան՝ այցի տպավորություններով կիսվելու, ինչու չէ՝ նաև բացատրություններ տալու համար։
Բաց մի թողեք
Ինչպես է Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ ապօրինի գույքի վերադարձի պատմությունը. Fip
Անկարայի «վրեժն» է այն վարքագիծը, որ Բաքուն է այս շրջանում ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը․ Լուսանկարներ