Հայաստանը զարգանում է տեսանելի տեմպերով, Արմավիրի մարզ կատարած այցից հետո ֆեյսբուքյան գրառում է արել Փաշինյանը, ասելով, որ այդ եզրակացությունը մարզ կատարած այցի արդյունք է:
Հայաստանում իհարկե չի եղել որեւէ ղեկավար կամ կառավարող ուժ, որը ոչ միայն ասել է հակառակը՝ որ Հայաստանը չի զարգանում, այլ չի ասել՝ որ զարգանում է: Իրականությունը գործնականում մշտապես եղել է այլ եւ չի արտացոլել այն «ավետիսները», որ հանրությանը փոխանցել են կառավարող ուժերն ու նրանց առաջնորդները:
Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում տեսել է կառուցվող դպրոցներ, նորոգվող, ասֆալտապատվող ճանապարհներ, մանկապարտեզներ, էլի որոշ բաներ, որոնք իրականացվում են պետական բյուջեի միջոցներով:
Ինչ խոսք, կառուցվող ցանկացած նոր բան, ասֆալտապատվող ցանկացած նոր ճանապարհ դրական է եւ ողջունելի: Բայց, արդյո՞ք դրանք «տեսանելի զարգացման» ստույգ ցուցիչ են, թե՞ խաբուսիկ պատկեր, հնարավոր է՝ ինքնախաբեություն, կամ պարզապես տեղեկատվա-քարոզչական հնարք:
Օրինակ, ի՞նչ որակով է իրականացվում պետական միջոցներով կատարվող կապիտալ շինարարությունն ու ճանապարհաշինությունը: Սա է ցուցիչը՝ զարգանում է Հայաստանը, թե՞ ոչ: Մինչդեռ, այդ առնչությամբ կան մեղմ ասած բավականին մտահոգիչ օրինակներ: «Տեսանելի տեմպով» զարգացող Հայաստանի մայրաքաղաք Երեւանում օրինակ ճանապարհային ծածկը աստիճանաբար մոտենում է 20-րդ դարասկզբի Երեւանին:
Վանաձոր-Ալավերդի միջպետական, Հայաստանի համար ըստ էության ողնաշարային նշանակության ճանապարհի նոր կապիտալ նորոգված հատվածը քշում տանում է վարարած գետը: Օրինակները հնարավոր է շարունակել:
Օրեր առաջ կառավարությունն իր նիստում հավանության արժանացրեց Եվրասիական զարգացման բանկից 100 միլիոն դոլար բյուջետային վարկ վերցնելու համաձայնագիրը: Բյուջետային վարկը ըստ էության նշանակում է, որ դրանով իրականացվելու են բյուջետային ծախսեր: Իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի բյուջետային մուտքերը թերակատարվել են մոտ 120 միլիարդ դրամով:
Հայաստանի պետական պարտքը գերազանցում է արդեն ՀՆԱ 50 տոկոսը, հասնելով 12 միլիարդ դոլարի: Հայաստանի տնտեսությունը ներկայումս «շնչում» է գերազանցապես վերարտահանում երեւույթի հաշվին, ինչը տնտեսությունը դաձնում է խիստ խոցելի, որովհետեւ այդ երեւույթը պայմանավորված է արտաքին կոնյուկտուրայով, միեւնույն ժամանակ Հայաստանի համար ստեղծում է քաղաքական մեծ խոցելիություն:
Այս պայմաններում, Հայաստանի «տեսանելի տեմպով զարգանալու» մասին հնարավոր է խոսել մեծ, չափազանց մեծ վերապահումով, իսկ առավել ճիշտը թերեւս կլինի չխոսելն ու Հայաստանում տնտեսության կառուցվածքի փոփոխությանն ուղղված իրապես խորքային, հայեցակարգային, տնտեսության արտադրողականությանը, արդյունաբերականացմանն ուղղված տնտեսական քաղաքականություն իրականացնելը:
Հայաստանի զարգացման, «վագրային թռիչքների» մասին գնահատականներ հնչում էին նաեւ մոտ երկու տասնամյակ առաջ, երբ տնտեսությունը դարձյալ ապահովում էր տպավորիչ վիճակագրություն եւ երկրում իրականացվում էր մեծ ծավալի կապիտալ շինարարություն: Արտաքին քաղաքական կոնյուկտուրայի փոփոխությունը բերեց այդ ամենի «ակնթարթային» փլուզման:
Բաց մի թողեք
Ազատություն՝ նշանակում է կարողանալ կատարել ընտրություն
Խեղկատակություններով հանրային խոսույթ չես ձեւավորի՝ փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը
Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի