Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված` զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված քրեական վարույթով իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինծառայողի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը:
«Մասնավորապես՝ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում, կոչումով լեյտենանտ Կ.Կարապետյանը ծառայողական հարցերի շուրջ, այն է՝ դիրքում քնելու կապակցությամբ առաջացած խոսակցության ժամանակ, վիրավորական արտահայտություն է հնչեցրել ծառայակցի՝ Ն.Խ.-ի հասցեին:
Վերջինս, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, վրեժխնդրության շարժառիթով, 2024 թվականի հունվարի 9-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հանձնելով մարտական հերթափոխը, մտել է մարտական դիրքի գետնատնակ և, լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգը, մոտեցել է պառկած վիճակում գտնվող Կարեն Կարապետյանին, որից հետո նախ՝ մենահատ, ապա կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ն.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի՝ հրազենային վնասվածքով դին:
Կարենը 23 տարեկան էր, Ոսկեվազ համայնքի բնակիչ: Նա կոչումով լեյտենանտ էր։ Ավարտել էր ռազմական համալսարանը։
Բաց մի թողեք
ՀՀ ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ ազատազրկման. դատախազի միջնորդությունը բավարարվել է. Տեսանյութ, Լուսանկար
ՊՈՒ պատգամավորի և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ դատարանը վարույթ է ընդունել․ հայտնի է նիստի օրը․ Լուսանկար
Ինքնաձիգ, 349 փամփուշտ, նռնակներ, «Մակարով» ատրճանակ և այլն․ «Աբովյան» ՔԿՀ-ի մոտ զինամթերք է հայտնաբերվել. Լուսանկար