Օգոստոսի 3-ին ՆԳ նախարարության նախաձեռնությամբ լրագրողների այց կազմակերպվեց Սևանա լիճ՝ Ջրային պարեկային ու փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Շրջայցը ղեկավարում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը և ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը նշել է, որ Ջրային պարեկային ծառայությունը 24 ժամյա ուժեղացված ծառայություն է իրականացնում լճի ավազանում և ափամերձ գյուղերում։ Ջրային պարեկներն իրականացնում են մեծածավալ ու բացատրողական աշխատանք, և արդեն իսկ բացահայտվել է հանցագործության 33 դեպք, այդ թվում՝ թմրանյութի, սառը զենքի, զենք-զինամթերքի հայտնաբերման, մարմնական վնասվածք պատճառելու, ապօրինի ձկնորսության և այլ դեպքեր, կազմվել է 7781 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում շրջայց կազմակերպեցին լրագրողներիս համար՝ ներկայացրեցին իրականացվող աշխատանքները, իրավախախտների նկատմամբ վերահսկողության միջոցառումները, ծանոթացանք ծառայության տեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը` լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին …
Արթուր Խուդինյանն ընդգծեց, որ հատկապես մեծ ուշադրություն է դարձվում Սևանա լճում անվտանգության կանոնների պահպանմանն ու առանց համապատասխան իրավունքի լողամիջոցներ վարելուն։ Սևանա լճում հանգստի մեկնարկից սկսած՝ իրականացվում է վարչարարություն․ արձանագրվել են ջրային անվտանգության կանոնների խախտման դեպքեր՝ ոչ սթափ սկուտեր վարելու՝ 2, առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելու՝ 14, առանց համապատասխան իրավունքի լողամիջոց վարելու՝ 1 դեպք։
Ջրային պարեկային ծառայության ստեղծումից հետո դժբախտ դեպքեր չկան՝ Արթուր Խուդինյանն այդ առիթով մանրամասնեց, որ դրական արձագանք են ստանում նաև հանգստացող քաղաքացիներից, որ ավելի անվտանգ է դարձել Սևանի ավազանում հանգստի կազմակերպումը։
Գերագույն հաճույք էր ոստիկանության արագընթաց նավով երթևեկությունը Սևանի վրա, արագությունն ու քամու ուժը, կարծես թռիչքի վայելքը: Եվ իհարկե նաև ԱԻՆ փրկարարների նավակով երթևեկությունը հրամանատարի տեղակալ Գոռ Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ․ հուլիսի 1-ից սկսած Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը, համագործացելով Ջրային պարեկների հետ, իրականացնում է ուժեղացված ծառայություն, արդյունքում՝ աշխատանքները ստացվում են առավել արդյունավետ։
Տիգրան Պետրոսյանը մանրամասնեց, որ ծառայությունն իրականացվում է ժամանակակից տեխնիկական լուծումներով․ 2024 թ.-ից անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, իրազեկում է իրականացվում, որպեսզի թե՛ մեր քաղաքացիները, թե՛ զբոսաշրջիկները կարողանան հետևել անվտանգության կանոններին և, ամենակարևորը, պահպանեն դրանք։
Ըստ վիճակագրության, հուլիսի 1-ից մինչ օրս ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել․ անվտանգության կանոնները չպահպանելու 19 դեպքից 4-ը եղել են ջրահեղձվող քաղաքացիներ, որոնցից 3-ը՝ ալկոհոլ օգտագործած, ոչ հմուտ լողորդներ: Փրկարարների աչալուրջ ծառայության արդյունքում 4 քաղաքացիներն էլ փրկվել են։
Սևանա լճում հանգիստն անցկացնել նախընտրող մեր քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ՆԳ նախարարությունը հորդորում է՝ Ջրափրկարարները տեղում են, սակայն պետք է լինել օրինապահ և պահպանել լողամիջոցների շահագործման կանոնները։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Ինչ կտա հանրությանը դատավարական նոր շոուն
Ով է Ադրբեջանի նախագահի խորհրդատուն, բայց ԵԽԽՎ հետ շանտաժի լեզվով չպետք է խոսել
Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են կարգավորման մի տարբերակ, որ երկուսին էլ թույլ կտա «դեմք փրկել»