19/09/2024

Պուտին – Ալիևի խորհրդավոր ընթրիքի քաղաքական ճաշացանկում հայ դիակներ

Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը հազիվ էր Բաքվի օդանավակայանում վայրէջք կատարել, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ «հայկական կողմը հրաձգային զենքերից գնդակածել է Նախիջեւանի ԻՀ Ջուլֆայի շրջանում ադրբեջանական բանակի դիրքերը, ձեռնարկվել են պատասխան համարժեք միջոցներ»։

Կարճ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռուսաստանի նախագահը մեկնել է Իլհամ Ալիեւի «մերձքաղաքային ընտանեկան առանձնատուն»։ Այնտեղ նրա պատվին կազմակերպվել է ոչ պաշտոնական ընթրիք։

Ի՞նչ է մատուցվել «խորհրդավոր ընթրիքին»՝ հայտնի չէ։ Իսկ քաղաքական «ճաշացանկի» մասին պատկերացում, կարծես, կարելի է կազմել։ Նախ, օգոստոսի 19-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել Քելբաջարի շրջանում «հայկական կողմից հրադադարի խախտման» մասին, ապա և հայտնել, որ Գորիսի շրջանի ուղղությամբ «փորձ է արվել կվադրակոպտերի միջոցով հետախուզել ադրբեջանական բանակի դիրքերը, բայց աչալրջության շնորհիվ հաջողվել է այն հայտնաբերել և տեխնիկական միջոցների կիրառմամբ տարածքից հեռացնել»։

Փոխվել է Պուտինի այցի ծրագիրը։ Կրեմլը նախապես անոնսավորել էր, որ նա բանակցություններից առաջ ծաղկեպսակ կտեղադրի Հեյդար Ալիեւի գերեզմանին։ Պուտինը, սակայն, այցելել է նաև «շեհիդների պուրակ»։ Դա նրա հարգանքի տուրքն է Ադրբեջանի «անկախության և տարածքային ամբողջականության համար զոհվածների» հիշատակին։ Այսինքն, նա ընդունում է քառասունչորսօրյա պատերազմի և անցյալ տարվա սեպտեմբերյան ահաբեկչական գործողության մասին Բաքվի պաշտոնական տեսակետը։

Դա սպասելի էր։ Արտառոցը, որ, թերևս, Պուտին-Ալիեւի խորհրդավոր ընթրիքի ամենակարեւոր «ճաշատեսակն» է՝ Մոսկվայում դիվանագիտական առաքելությունն ավարտած Փոլադ Բյուլբյուլ-օղլուի հայտարարությունն է, որ «ՏԱՍՍ-ը նենգափոխել է իր հարցազրույցը, ինքը չի ասել, թե շուտով Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի, ասել է, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում, առաջարկվում են տարբեր լուծումներ»։

ՏԱՍՍ գործակալության փոխտնօրեն Գուսմանը Մոսկվայում Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական «դեսպանն» է։ Նա ծնունդով Բաքվից է, լրագրողական գործունեությունն սկսել է Հեյդար Ալիեւի կոմունիստական իշխանության շրջանում և հազիվ թե թույլ տար, որ Բյուլբյուլ-օղլուի խոսքը «նենգափոխվի»։ Ավելի հավանական է, որ այդ թեման Պուտին-Ալիեւ խորհրդավոր ընթրիքին քննարկվել է, և Ալիեւը կամ նախնական պայմանավորվածությունից հրաժարվել է, կամ առաջարկել է, որ որոշումը հետաձգվի։

Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու գաղափարը Բաքվում ոչ մի քաղաքական գործչի, փորձագետի, վերլուծաբանի հավանությանը չի արժանացել։ Այնտեղ տպավորություն ունեն, որ Ռուսաստանը «մտադիր է հայերին վերադարձնել Ղարաբաղ»։ Անշուշտ, նման առաջարկությամբ ոգևորված չէ նաև Ալիևը։

Պուտինի այցի նախօրեին տեղի է ունեցել Էրդողան-Ալիեւ հեռախոսազրույց։ Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու գաղափարը շրջանառության է դրվել երեք տարի առաջ, երբ կողմերն ստորագրել են ռազմական փոխադարձ օգնության մասին հռչակագիրը։ Հարցն առայժմ լուծում չի ստացել։

Այս իրավիճակում Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացումը կամ դրան Իհամաձայնության հրապարակայնացումը չափազանց ռիսկային կլիներ Ալիևի համար։ Բայց սկզբունքային զիջում Պուտինն արել է՝ այցելելով «շեհիդների պուրակ»։ Ինչպես արտոնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին Ադրբեջանի ՊՆ-ն բացահայտ ապատեղեկատվություններ տարածի։

Կամ էլ քաղաքական այդ ճաշատեսակներն Ալիևն է նրան մատուցել, որպեսզի Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու թեման այս փուլում ոչ այնքան ակտուալ դիտվի։ Ամեն դեպքում, Պուտին-Ալիևի խորհրդավոր ընթրիքի քաղաքական ճաշացանկը Հայաստանի համար ամբողջովին մարտահրավերային է։