Հայաստանի արտգործնախարարության խոսնակն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին արած հայտարարությանն այն մասին, թե Երեւանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքով ճանապարհների ապաշրջափակումը:
Հայաստանի ԱԳՆ փաստացի հիշեցնում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերած պայմանավորվածությունները եւ դրանց խախտումը, այդ համատեքստում շեշտելով ՌԴ ստորագրության ու պատասխանատվության հանգամանքը:
Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ Ռուսաստանին է կոչ անում «սաբոտաժի չենթարկել խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որ ներկայացրել է Հայաստանն ու որը, ըստ արտգործնախարարության, վայելում է միջազգային տարբեր գործընկերների աջակցությունը:
«Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը», հայտարարում է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:
Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ Երեւանը մերժում է Ռուսաստանի ներգրավվածության այն ակնկալիքները, որ նախօրեին Բաքվում արտահայտել է ՌԴ նախագահ Պուտինն Իլհամ Ալիեւի հետ բանակցությանը: Պուտինը հայտարարել է, որ Ալիեւի հետ բանակցության արդյունքը կքննարկի Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանի արտգործնախարարության ձեւակերպումը, որ Լավրովի հայտարարությունները «կասկածի տակ են դնում ՌԴ կառուցողականությունը», նշանակո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանը կմերժի՞ Ռուսաստանի ներգրավվածությամբ գործընթացի հնարավորությունը՝ հղում անելով հենց ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններին: Թե՞ Երեւանն այդ կերպ պատրաստում է իր փաստարկը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր զրույցից առաջ: Միարժեք բարդ է ասել, սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք:
Ռուսաստանը Երեւանին է մեղադրում ճանապարհների հարցի եռակողմ տրամաբանությամբ հանգուցալուծումը սաբոտաժ անելու համար, իսկ Երեւանը փաստորեն մեղադրում է Ռուսաստանին՝ ճանապարհների հարցը խաչմերուկի հայաստանյան տրամաբանությամբ սաբոտաժ անելու համար:
Փաստը մնում է այն, որ հարցը ենթարկվում է «սաբոտաժի» եւ փաստացի «արգելակվում» տեղում: Եվ այստեղ առանցքային պատասխանը գուցե մեկ այլ հարցի մեջ է՝ իսկ ով կամ ովքեր են Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհների ապաշրջափակման առանցքային շահառուները:
Բաց մի թողեք
90 տոկոսով, 17 կետից 13-ը, 17-ից՝ 17-ը, ինչ է կատարվում «խաղաղության պայմանագրի» շուրջ
Արդարադատության նախարարի տեղակալն ասում է, որ ինքը Բրուտոս չէ․ Լուսանկար
Արցախի խնդրի միջազգային իրավա-քաղաքական «քեյսի» ձեւավորումն ու Հայաստան այցելող Օկամպոն