Չինաստանը հաստատել է նախօրեին տարածված տեղեկությունը, որ հաջորդ շաբաթ Պեկին է այցելելու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը:
Չինաստանի ԱԳՆ հայտնել է, որ Սալիվանը Պեկին կայցելի արտգործնախարար Վան Իի հրավերով եւ կքննարկվեն թե երկկողմ, թե միջազգային օրակարգին առնչվող հարցեր, այդ թվում ուկրաինական հակամարտությունը:
Նշվում է, որ Սալիվանի այցը կլինի չին-ամերիկյան երկխոսության շարունակություն, թերեւս նկատի ունենալով, որ հունիսին Չինաստան էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Բլինքենն այժմ զբաղված է Մերձավորարեւելյան հակամարտությամբ:
Սալիվանը փոխարինու՞մ է նրան, թե՞ Սալիվանը այդուհանդերձ Սպիտակ տան՝ ամերիկա-չինական շփումների «այլ գիծ» է: Բոլոր դեպքերում հատկանշական է, որ ազգային անվտանգության հարցերի խորհրդականը բանակցելու է արտգործնախարարության հարթակում: Այցը ներկայումս ուշագրավ է նրանով, որ փաստացի հաջորդում է Դեմոկրատական կուսակցության համագումարին, որն արդեն պաշտոնապես նախագահի թեկնածու է առաջադրել փոխնախագահ Կամալա Հարիսին:
Դեմոկրատական կուսակցության համագումարում հնչեցվել են կուսակցության պաշտոնական թեզիսները, կապված թե ներամերիկյան իրողությունների, թե արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հետ, ու դրանցում դարձյալ ամրագրվել է, որ գլխավոր մարտահրավեր դիտվում է Չինաստանն իր աշխարհաքաղաքական եւ աշխարհտնտեսական հավակնություններով: ԱՄՆ ռազմավարության մեջ այդ արձանագրումը Ջո Բայդենի վարչակազմը արել է դեռեւս պաշտոնամուտից՝ 2021 թվականից:
Փաստացի, մոտեցումը պահպանվում է եւ Կամալա Հարիսը նախագահի թեկնածու է առաջադրվում այդ մոտեցումով: Այդ ուղերձից օրեր անց Չինաստան է մեկնում Ջեյք Սալիվանը եւ Պեկինը հայտնում է նրան ընդունելու պատրաստակամություն: Հետաքրքիր է, Սալլիվանի այցը կարտահայտի՞ այն ներկուսակցական տարակարծություններն ու մրցակցությունը, որ առկա է դեմոկրատական կուսակցությունում, չնայած Կամալա Հարիսի առաջադրման հարցում կուսակցական միասնականությանը:
Այստեղ հիշարժան է տեղեկությունը, որ շաբաթներ առաջ հրապարակեց ամերիկյան հեղինակավոր մամուլը, հայտնելով, որ Կամալա Հարիսի ընտրության պարագայում իրենց պաշտոնները չեն պահպանի պետքարտուղար Բլինքենն ու ազգային անվտանգության հարցերի խորհրդական Սալիվանը:
Մի բան անկասկած է, որ Կամալա Հարիսի թիմը անշուշտ լինելու է այլ, եւ Հարիսը ոչ թե Բայդենի փոխանորդն է, այլ վարչակազմում ուժերի հարաբերակցության փոփոխության արտահայտողը:
Այդ համատեքստում Սալիվանի այցը Չինաստան դառնում է առանձնահատուկ ուշագրավ, որովհետեւ բացի չին-ամերիկյան երկխոսության կամ շփումների հանգամանքից, թերեւս աներկբայորեն իր վրա կրելու է ներամերիկյան իրողությունների ազդեցությունը:
Իսկ չին-ամերիկյան երկխոսությունն իր բազմաշերտությամբ, բնականաբար էական ազդեցություն է ունենալու միջազգային իրադրության զարգացումների իմաստով, ու այդ թվում նաեւ կովկասյան ռեգիոնի առումով, ընդ որում ավելի շատ, հաշվի առնելով հանգամանքը, որ առնվազն 2024 թվականի հուլիսից ավելի բարձր է Չինաստանի ներգրավվածության աստիճանը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
Ի դեպ, այդ իմաստով Կովկասում փաստացի բավականին սրվում է Միջին միջանցքի հարցում շահագրգռություն ունեցող, բայց տարբեր պատկերացումներով առաջնորդվող երկու խոշոր խաղացողների դիմակայությունը՝ ԱՄՆ-Չինաստան:
Բաց մի թողեք
Արցախի խնդրի միջազգային իրավա-քաղաքական «քեյսի» ձեւավորումն ու Հայաստան այցելող Օկամպոն
Արդյո՞ք կլինեն շփումներ Ալիեւի եւ Էրդողանի հետ
Բաքվում ինչ է փնտրում ամերիկյան բանակի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան