Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Telegram-ի հիմնադիր, միլիարդատեր Պավել Դուրովին: Դուրովը դեռեւս դպրոցական տարիներին զբաղվել է համակարգչային ծրագրավորմամբ եւ եղբոր հետ ստեղծել Facebook-ի ռուսաստանյան նմանակ В Контакте սոցիալական ցանցը: Նրա կարողությունը գնահատվում է 15 միլիարդ դոլար:
Ըստ աղբյուրների, Դուրովը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: Նրան նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Telegram-ի եւ հանցավոր խմբավորումների ու օտարերկրյա հատուկ ծառայությունների միջեւ կապի կասկածանքով:
Դուրովի ձերբակալության ժամեր անց Ռուսաստանի փոխխոսնակ Վյաչեսլավ Դավանկովը դիմել է արտգործնախարար Լավրովին եւ հորդորել, որպեսզի «բոլոր միջոցները ձեռնարկել Դուրովին Արաբական միացյալ էմիրություններ կամ Ռուսաստան տեղափոխելու ուղղությամբ, եթե ֆրանսիական իշխանությունները նրան ազատ չարձակեն»: Դավանովը Դուրովի ձերբակալությունը որակել է «քաղաքական»: Նրա համոզմամբ՝ նպատակն է «մուտք ունենալ Telegram-օգտատերի անձնական տեղեկությունների տիրույթ»:
Խնդրին ինտրիգ է հաղորդում փաստը, որ Պավել Դուրովը օգոստոսի 24-ին անձնական ինքնաթիռով Փարիզ է մեկնել Բաքվից: Բաքվի իշխանական լրատվամիջոցի բարկածով՝ նա հրավիրվել է «որպես DREAM FEST 2024 միջազգային փառատոնի պատվավոր հյուր եւ ապրել է Sea Breeze առողջարանում՝ ընկերուհու հետ»:
Վարկածը, որ նա մերձկասպյան առողջարանում «հանգստացել է», ծիծաղելի է թվացել: Բանն այն է, որ Պուտինի Բաքու այցի նախօրեին տեղեկություն է հայտնվել, որ «նախապատրաստվում է նրա հանդիպումը ռուսաստանցի միլիարդատեր, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի հետ»: Կրեմլը, սակայն, այդ տեղեկությունը հերքել է՝ ասելով, որ «նման առաջարկ եղել է, բայց նախագահ Պուտինը չի համաձայնել»:
Ըստ երեւույթին, Դուրովը «կապված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ»: Նա, հավանաբար, հույս է ունեցել կամ ադրբեջանական կողմը վստահեցրել է, որ Բաքվում կարժանանա Պուտինի ընդունելությանը եւ կկարողանա Ադրբեջանից մեկնել Ռուսաստան՝ խուսափելով ֆրանսիական արդարադատությունից:
Telegram-ի եւ հանցավոր խմբավորումների ու տարբեր երկրների հատուկ ծառայությունների կապերն, ամենայն հավանականությամբ, այնքան խորը եւ սկանդալային են, որ Ռուսաստանի նախագահը Դուրովին իրավական պաշտպանության տակ առնելու քայլից ձեռնպահ է մնացել:
Իսկ թե ինչու՞ Բաքուն պիտի միջնորդ եւ Պուտին-Դուրով հանդիպման կազմակերպիչ լիներ, կարելի է ենթադրել, որ Telegram-ի միջոցով ադրբեջանական հատուկ ծառայությունները Ֆրանսիային վերաբերող կոնֆիդենցիալ տեղեկություններ են ստացել:
Ադրբեջանը տարեսկզբին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին հետախուզական ծառայության «գործակալական ցանցի բացահայտման» մասին, լրտեսության մեղադրանքով Ֆրանսիայի քաղաքացի է ձերբակալվել: Դուրովի նկատմամբ Ֆրանսիայում հարուցված քրեական գործի վարույթը կարող է շատ գաղտնիքներ բացահայտել: Բաքվի իշխանական մամուլը ջղաձգված է:
Բաքուն Ֆրանսիայի դեմ քայլեր է ձեռնարկել Նոր Կալեդոնիայում, կապեր հաստատել Կորսիկայում գործող անջատողականների հետ: Նման խարդավանքներ կազմակերպելու համար Ադրբեջանի հատուկ ծառայությունների հնարավորությունները բավարար չեն: Բացառված չէ, որ ամեն ինչ կազմակերպվել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության կուրացիայով եւ օգտագործվել է նաեւ Telegram-ը՝ միջազգային հանցավոր խմբավորումների հետ կապերով հանդերձ:
Բաց մի թողեք
«Չնստեք կոճղին, չուտեք կարկանդակ», այն է՝ չտապալեք ավագանու նիստերը՝ հարուցելով կառավարման ճգնաժամ
Վարդան Ղուկասյանն ու Ռուբեն Մխիթարյանը կվերականգնե՞ն Սարգսյանին ու Քոչարյանին շնորհված՝ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը, որից նրանք զրկվել էին 2018-ին
Պուտինն ինչ նոր հետաքրքրություն ունի Հարավային Օսիայում, նոր կուրատորը ստուգումներ է անցկացրել