10/09/2024

Պուտինը Իվանիշվիլիի առջև դնում է ընտրություններում անպատճառ հաղթելու ու բողոքի ցույցերը ճնշելու խնդիրը

«Telegram-ի հիմնադիր Դուրովի ձերբակալությունից մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն Վրաստանի մասին բավական ընդարձակ շրջաբերական է տարածել, որում նշվում էր, թե Վաշինգտոնը գունավոր հեղափոխություն է նախապատրաստում»:

«ՌԴ ԱՀԾ-ն ներկայացրել է սցենարը. խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» հաղթում է, ի պատասխան ԱՄՆ-ը զորակոչի է ենթարկում արևմտյան ֆինանսավորման ՀԿ-երը, և փողոցային պայքարի միջոցով տապալում օրինական իշխանություններին»:

«Տպավորություն էր, որ Մոսկվան «Վրացական երազանքի» և երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի առջև դնում էր ընտրություններում անպատճառ հաղթելու ու բողոքի ցույցերը ճնշելու խնդիրը: Պաշտոնական Թբիլիսին ՌԴ ԱՀԾ-ի «հանձնարարականին» հրապարակային չարձագանքեց:»

«Հավանական է, որ փակ խողովակներով «մտքերի փոխանակություն» տեղի է ունեցել, ինչը, սակայն, Մոսկվային չի բավարարել: Կիևի «ռեժիմի հանցագործությունների հարցերով» ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը ՌԻԱ-Նովոստիին ասել է, որ Կուրսկի մարզի բնակիչներն «ուշադրություն են դարձրել վրացական ակցենտով անգլերեն խոսող վարձկաններին և լեհական (զինված) կազմավորումներին»:»

«Նա պատմել է, որ Կուրսկում խաղաղ բնակչությունը նրանց «հանդիպել է իրենց տների մոտակայքում, Կիևյան ռեժիմի կողմից հաստատված հսկիչ կետերում» և արձանագրել դեպքեր, երբ վարձկանները մեքենաներ են գնդակոծել՝ ինչպես հրաձգարանում: Ի՞նչ է տեղի ունենում Կուրսկի մարզի ուկրաինական վերահսկողության անցած բնակավայրերում՝ հստակ ոչ ոք չի գիտի: Ինչպես ռուսներն իրենց խոսքով ասում են՝ «պատերազմում ամեն ինչ կարող է պատահել»»:

«Բայց մարդիկ ինչպե՞ս են պարզել, որ «օտարերկրյա վարձկանները խոսում են անգլերեն, բայց՝ վրացական ակցենտով»՝ սա արդեն միայն տեղեկատվության աղբյուրը կիմանա: Ընդ որում, խոսքը ոչ թե Ռուսաստանի զինվորական թղթակցի կամ մասնավոր անձի Telegram գրառման, այլ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի կողմից արված հայտարարության մասին է:»

«Մանավանդ որ նա տեղեկացրել է, որ Կուրսկի մարզում «ներխուժած 4000 վարձկաններ արդեն իսկ իդենտիֆիկացվել են»: Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները ունեն «Կիևյան ռեժիմին վարձկաններ տրամադրած» երկրների ցանկ: Վրաստանը այնտեղ ընդգրկվա՞ծ է»:

«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ռուս-ուկրաինական պատերազմում պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշումը բարձր է գնահատել: Այդ համատեքստում «անգլերեն վրացական ակցենտով խոսող վարձկանների» մասին նույն գերատեսչության հատուկ ներկայացուցչի դիտարկումը բավական արտառոց է:»

«Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվան Թբիլիսիին ինչ-որ առաջարկություն է արել, օժանդակության պատրաստակամություն հայտնել, որը «Վրացական երազանքի» կողմից միանշանակ չի ընդունվել, և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը ազդեցության լրացուցիչ գործիքակազմ է կիրառում:»

«Ուկրաինական բանակում «վրացական լեգեոնի» մասին մամուլում տեղեկություններ եղել են նաև նախկինում, բայց, որքան հիշվում է, սա առաջին դեպքն է, երբ այդ մասին, թեկուզ Կուրսկի բնակիչների լեզվագիտական «հմտություններին» հղումով, Մոսկվան արտահայտվում է պաշտոնական անձի մակարդակով: Ըստ երևույթին, Թբիլիսիում ռուսաստանյան «արշալույսները խաղաղ չեն»:»