10/09/2024

Արդեն անթույլատրելի է համարում ՌԴ հասցեին բացասական հռետորաբանությունը

Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին նպաստելու Ռուսաստանի ցանկությանը, որ արտահայտել էր Բաքու այց կատարած ՌԴ նախագահ Պուտինը, ասել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցում ինքն անկեղծորեն հայտնել է հայ-ադրբեջանական երկկողմ ձեւաչափով շփումը նախընտրելու մասին:

Փաշինյանն այդպես է արձագանքել ռուսական միջնորդության հանդեպ դիրքորոշման վերաբերյալ հարցին, ասելով, որ տեւական ժամանակ է գործընթացը երկկողմ ձեւաչափով է եւ այն արձանագրել է որոշակի արդյունավետություն:

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ մատնացույց է անում նախորդ տարի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, ընթացիկ տարում ապրիլի 19-ի պայմանավորվածությունը, նաեւ բառացիորեն նախօրեին ստորագրված՝ սսահմանազտման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնակարգի հանգամանքը:

Միաժամանակ, Փաշինյանը անդրադառնալով Լավրովի հայտնի եւ աղմկոտ հայտարարությանը, ասում է, թե ինչպես կարող է երկիրը լինել միջնորդ, որ Երեւանին մեղադրում է ճանապարհների ապաշրջաձակումը սաբոտաժի ենթարկելու համար:

Չնայած դրան, Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ ընդհանուր առմամբ բավականին հարգալից եւ «կառուցողական» կամ «հանդուրժողական» էր Ռուսաստանի հանդեպ: Ավելին, հատկանշական է, որ հենց իր ընտանիքին պատկանող թերթը հարց հնչեցրեց, որ Ռուսաստանջ «ջղաձգվում» է հայ-ադրբեջանական պայմանագրի հեռանկարից, քանի որ այդ դեպքում դուրս կմնա ռեգիոնից:

Եվ հենց ընտանիքին պատկանող թերթի այդ հարցին պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում գործընկեր Ռուսաստանի հասցեին այդպիսի հռետորաբանությունը եւ կարծում է, որ պետք է հարգանքով խոսել Ռուսաստանի եւ ցանկացած պետության հասցեին:

Հարկ է նկատել, որ վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն այդ իմաստով շոշափելի տարբերվում է այն տոնայնությունից, որով նա տարբեր առիթներով խոսել է Ռուսաստանի մասին, նրա դերի մասին, հավակնությունների մասին:

Հարց է առաջանում, թե առնվազն օգոստոսի 31-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության շոշափելի փոփոխության հարցում ինչ դեր ունի օգոստոսի 23-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը, որ կայացավ Պուտինի՝ Բաքու այցից չորս օր անց: Ի դեպ, դրանից չորս օր անց էլ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի հետ, իսկ մեկ օր անց ստորագրվեց վերը նշախս կանոնակարգը, որ ձգձգվում էր գրեթե երկու ամիս:

Արդյո՞ք Պուտինն արել է առաջարկ, որից Նիկոլ Փաշինյանը գոհ է, ինչն էլ բերել է Ռուսաստանի հանդեպ խոսակցության տոնի եւ բառապաշարի փոփոխության: Եվ որքա՞ն կմնա այդ տոնն ու բառապաշարը, ու արդյո՞ք դա կվերաբերի նաեւ քաղաքական թիմին:

Թե՞ դա զուտ Փաշինյան-Պուտին պայմանավորվածության «գիծ» է: Մյուս կողմից, կարող է թվալ հակասություն՝ Նիկոլ Փաշինյանը մերժում է միջնորդ լինելու ՌԴ առաջարկը: Սակայն, այստեղ թերեւս հնարավոր է, որ շատերը չափազանցված են ընկալում օգնելու այն ցանկությունը, որ արտահայտում է Պուտինը, դիտարկելով դա միջնորդություն ստանձնելու իրական ցանկություն:

Ստանձնել միջնորդություն, նշանակում է ստանձնել պատասխանատվություն: Իսկ այստեղ «բանալի» ձեւակերպումը թերեւս Նիկոլ Փաշինյանի հետեւյալ նախադասությունն է՝ «իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանի ռեսուրսներն անսահմանափակ» են:

Իհարկե, դա վերաբերում էր այլ թեմայի, սակայն խոշոր հաշվով բոլոր թեմաները այսօր մեկ տրամաբանության «փականի» ներքո են: Ռուսաստանը թերեւս ոչ այնքան ուզում է միջնորդի կարգավիճակ, որքան թերեւս չի ուզում պարզապես որեւէ անակնկալ խնդիր Ադրբեջանից ու Հայաստանից: