Նախորդ ամիս՝ հուլիսին, պետական գրանցում են ստացել 2 կուսակցություն, 10 հիմնադրամ, 29 ՀԿ, ինչպես նաև՝ 2127 ԱՁ, 635 ՍՊԸ, 9 ՓԲԸ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ԱՆ պետական ռեգիստրում հրապարակված հուլիս ամսվա հաշվետվությունից։
Նշենք, որ նախորդ ամիս պետական գրանցում ստացած կուսակցություններն են Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ»-ը և Վարդան Ղուկասյանի հիմնադրած «ԴՕԿ»-ը։
Պետռեգիստրից տեղեկացանք նաև, որ օրերս վերջապես, հազիվհազ, «երկրորդ փորձից» հետո պետական գրանցում է ստացել նաև ՌԴ-ում ապաստանած ու հեռավար ֆորմատով քաղաքական խաղացող պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ»-ը. պետռեգիստրը նախկին նախարարի քաղաքական կազմակերպությունը գրանցել է օգոստոսի 23-ին։ Կուսակցության գտնվելու վայրն է ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂ., Շ. 76/3, 0033։
Նկատենք, որ նույն այս հասցեում ավելի վաղ գրանցվել է նաև նույնանուն մեկ այլ կազմակերպություն՝ հավանաբար առաջնորդվելով «տուն ա, թող լինի» սկզբունքով. խոսքը «Համահայկական ճակատ» բարեգործական հիմնադրամի մասին է։ Նախկին նախարարի հետ կապված այս նոր կառույցն էլ պետական գրանցումը ստացել է օգոստոսի 7-ին։ Ինչն է ուշագրավ՝ երբ ԱՆ-ն, մի շարք հանգամանքներ նշելով, ամիսներ առաջ մերժել էր կուսակցության գրանցումը, Կարապետյանն այդ մերժումը որակել էր «իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերը», որն իբրև միտումնավոր է «ձգձգում «Համահայկական ճակատ» կուսակցության ստեղծումը՝ խոչընդոտներ ստեղծելու լիարժեք գործունեության համար»:
Փաստորեն, իշխանությունը՝ ի դեմս ԱՆ-ի, «մտքափոխվել» է՝ օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված հայտը գրանցել է ու «կանաչ լույս վառել» վարչապետի նախկին խորհրդականի և այլ պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գործչի քաղաքական գործունեության համար։ «Խորհրդանշական է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի հենց 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձին։
Մենք չենք հավատում պատահական զուգադիպություններին և կուսակցության կյանքի այս կարևոր իրադարձությունն ընկալում ենք որպես ի վերուստ վստահության նշան, որպես հաստատում, որ մեր նպատակները ճիշտ և ազնիվ են, որպես մեր ողջ ուժերը Հայրենիքին տալու հստակ ազդանշան։ Եվ մենք կարդարացնե՜նք այս վստահությունը»,- կուսակցության գրանցման մասին այսպիսի խանդավառությամբ էր հանրությանն իրազեկել նախկին պաշտոնյան՝ գրանցման փաստը գրեթե ներկայացնելով որպես միստիկ երևույթ, և չէր մոռացել իր «խորին շնորհակալությունը» հայտնել ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ղեկավար կազմին, «ովքեր անաչառ, անկողմնակալ, ազնվորեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը, բարեխղճորեն ապահովում են Անկախության հռչակագրի՝ խղճի ազատության, բազմակուսակցական համակարգի և կուսակցությունների իրավահավասարության դրույթների իրականացումը»։
Նկատենք, որ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ինքնագովազդի հետաքրքիր ձև է ընտրել՝ օրումեջ հրապարակում է զինվորների լուսանկարներ՝ կից գրելով. «Բարի լույս, Հայ Զինվոր»։ Բնական է, նման ողջույնի խոսքերը ունենում են մեծաքանակ արձագանքներ՝ «լայքերի» ու «սրտիկումների» տեսքով՝ հայ զինվորին ուղղված բարևին շատերն են միանում։ Նախկին նախարարը մեկումեջ էլ հանդես է գալիս ապոկալիպտիկ վերլուծություններով ու, հավատարիմ իր քնարին, գուժում սպասվող վտանգների մասին։
Բաց մի թողեք
«Սրբազան պայքար»-ի «բաց խաղաքարտերով» խաղը․ Քոչարյանն ու Սարգսյանը ներկա կգտնվե՞ն սեպտեմբերի 22-ի հավաքին
Պուտինի հետ սիրախաղի դիմաց՝ Թուրքիան կստանա Ղրիմը
Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու