10/09/2024

Ինչի համար էին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները, ինչ սպասել ․․․

Յոթերորդ գումարման Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրություններն արդեն անցյալ են: Ըստ էության, տեղի է ունեցել միայն քվեարկություն:

Ընդ որում, ժամը 15:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 33,82 տոկոսը: Եւ ինչքան էլ ԿԸՀ-ն «հավելագրումներ անի»՝ մասնակցության ընդհանուր ցուցանիշը հազիվ թե հիսուն տոկոսիվ բարձր լինի:

Նախնական տեղեկությունների համաձայն, Իլհամ Ալիեւի գլխավորած կուսակցությունը խորհրդարանի 125 մանդատներից ստանում է 63-ը, մյուս կուսակցությունները միասին վերցրած՝ 45-ը: Պատգամավորական մնացած մանդատները բաժին են ընկնում անկախ թեկնածուներին:

Միլլի մեջլիսի արտահերթ ընտրություններին մասնակցել է ընդդիմադիր երկու կուսակցություն՝ «Մուսավաթը» եւ Real-ը, որ երբեմն անվանվում է նաեւ «ժողովրդավարական այլընտրանք»: Պատգամավորության 25 թեկնածու առաջադրել է «Մուսավաթը», 14-ը՝ Real-ը: Նախնական տվյալներով նրանցից ոչ ոք Միլլի մեջլիսում տեղ չի ունենա:

Քաղաքական առումով Ադրբեջանի խորհրդարանում «դիմագիծ» չի փոխվել, նույն դասավորությունը վերարտադրվել է: Դա նշանակում է, որ Իլհամ Ալիեւը լիովին պատասխանատվություն է ստանձնում ներքին եւ արտաքին քաղաքականության, Ադրբեջանի քաղաքակրթական ընտրության համար:

Տպավորությունը, որ ընտրություններին «Մուսավաթի» մասնակցությունը թե ներքին, թե, մանավանդ, արտաքին քաղաքականության առումով «ժողովրդավարական բարձիկի» նշանակություն ունի, իրականում չի հաստատվում: Եթե, իհարկե, քվեարկության արդյունքներն ամփոփելիս ԿԸՀ-ն «անակնկալ չմատուցի»:

Բայց դա հազիվ թե տեղի ունենա: Ադրբեջանական վտարանդիության աղբյուրները համոզված են, որ «Մուսավաթի» խնդիրը կամ նրա «քաղաքական մահախոսականի» հարցը որոշվել է կուսակցության առաջնորդ Իսա Գամբարի «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցից հետո, երբ նա Վլադիմիր Պուտինի Նախիջևան պետական այցը որակել է «Ադրբեջանի ազգային-պետական շահերին խիստ վնասող»:

Խնդիրն, իհարկե, Ադրբեջանի ներքաղաքական կյանքի ազատականացումը կամ Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների թափանցիկությունը չէ, նման հեռանկարը բացառված է: Ընտրված խորհրդարանը պետք է վավերացնի սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը: Այդ գործընթացի միանձնյա պատասխանատվությունը մնում է Իլհամ Ալիեւի վրա:

Դա լրջագույն պատասխանատվություն է, որովհետև հայ-ադրբեջանական կարգավորման գլխավոր հարցը սահմանազատումն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ գործընթացի իրավական հիմք է ճանաչվում Ալմա-Աթայի հռչակագիրը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն բավական ծավալուն անդրադարձ է կատարել Փաշինյանի հարցազրույցին եւ նրա վերաբերող հավաստիացումը չի հերքել, ձեւակերպման վերաբերյալ առարկություն չի հնչեցրել: Սա խիստ սկզբունքային պահ է: Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների օրը հայտնի է դարձել, որ Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել «խաղաղության պայմանագրի» առաջարկությունների տասերորդ փաթեթը:

Ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից որեւէ նահանջ կամ Կանոնագրքի վավերացման ընթացակարգային ձգձգում հանրային կարծիքով կամ քաղաքական ընդդիմության կեցվածքով պատճառաբանելու առիթ Ալիեւը չի կարող վկայակոչել: Նրա կուսակցությունը վայելում է ընտրողների 60, իսկ ինքը՝ 94 տոկոսի վստահությունը: