20/09/2024

Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների քվեարկության սկանդալները

Ադրբեջանում Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է սկանդալով. «Մուսավաթ» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ Բաքվի մի քանի ընտրատարածքների գրեթե բոլոր ընտրատեղամասերում, ինչպես նաեւ շրջաններում իր վստահված անձինք ենթարկվում են բռնությունների:

Հայտարարություն է տարածել նաեւ Ջալիլաբադի ընտրատարածքից պատգավորության թեկնածու Ֆարիզա Նաղին: Նա հայտնել է, որ վստահված անձանց ահազանգով ներկայացել է Ղաչաղքենդ գյուղի ընտրական տեղամաս՝ պարզելու, թե ինչու՞ ընտրողների մեծ մասը ցանկություն է հայտնել քվեարկել տանը: Ադրբեջանի օրենսդրությամբ խորհրդային վերապրում «շրջիկ քվեատուփ» դեռեւս գոյություն ունի:

Նրա մրցակիցը Թանզելի Ռուստամխանլին է, բանաստեղծ, նույն ընտրատարքից նախորդ գումարման Միլլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիի կինը: Նա «Կանանց համաթուրքական շարժում» ՀԿ նախագահն է, իշխանության ֆավորիտ թեկնածուն:

Այս ֆոնին Եվրոպայում գործող «Ադրբեջանական ընդդիմության կոորդինացիոն խորհուրդ» կառույցը կոչով դիմել է Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին: Հեղինակներն արձանագրում են մարդու իրավունքների եւ ազատությունների «տոտալ սահմանափակումները, որ դրսեւորվում են հանրային ու քաղաքական գործիչների, հետաքննող լրագրողների, իրավապաշտպանների, իսկ վերջին օրերին՝ նաեւ փաստաբանների ձերբակալություններով, կալանքով, ապօրինի դատապարտմամբ»։

Բաքվում Վլադիմիր Պուտինին ցուցաբերած արտակարգ ջերմ ընդունելությունը, Բելառուսի բռնապետ Լուկաշենկոյին ծննդյան տոնի առթիվ հղած ուղերձը միանշանակորեն վկայում են, թե ովքեր են Իլհամ Ալիեւի ընկերները, եւ նա որ ճամբարում է, — գրում են հեղինակները եւ կոչ անում, որպեսզի Եվրախորհրդարանը եւ ԵԽԽՎ-ն «ոչ մի պայմանով չճանաչեն ալիեւյան ռեժիմի կազմակերպած ներկայացման՝ Միլլի մեջլիսի «արտահերթ ընտրությունների» արդյունքները»։

«Ադրբեջանական ընդդիմության կոորդինացիոն խորհուրդ» կառույցը ձևավորվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցնելուց կարճ ժամանակ անց: Մինչեւ վերջերս այն մի քանի հայտարարություն է տարածել եւ Եվրախորհրդարանին ու ԵԽԽՎ-ին հորդորել, որ Ալիեւի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների հարցում ճնշումներ չգործադրեն, հավասարության նշան չդնեն հայ ռազմագերիների ու պատանդների եւ ադրբեջանցի քաղբանտարկյալների միջեւ:

Փաստացի, դա Ալիեւի պաշտպանությանը ուղղված քարոզչություն է, որը կառույցի առանձին անդամները Եվրոպայում իրականացնում են նաեւ ինկոգնիտո՝ այս կամ այն երկրի ներկայացուցիչների, իրավապաշտպան կազմակերպությունների հետ անձնական կապերի, սոցիալական մեդիայի եւ հասանելի լրատվամիջոցների ներգրավմամբ:

Այս նկատառմամբ, նույն կառույցի կողմից Միլլի մեջլիսի արտահերթ ընտրությունների արդյունքները չճանաչելու՝ Եվրախորհրդարանին եւ ԵԽԽՎ-ին ուղղված կոչը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում, ինչպես նաեւ քվեարկության ընթացքի մասին «Մուսավաթի» տարածած հայտարարությունը:

Ավելի շատ տպավորություն է, որ Իլհամ Ալիեւը դեմոկրատիա է խաղում: Բացառված չէ, որ մի քանի տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներ «պատժվեն» կամ որոշ տեղերում «քվեների վերահաշվարկ անցկացվի»: Կարեւորն այն է, որ ձեւավորվի ընտրությունների «մրցակցայնության» ֆոն: