Տարին ոչ միայն կորստաբեր էր Երևանի նախկին քաղաքապետ, կատակերգական ժանրի դերասան Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի համար (բացակայությունների պատճառով զրկվեց Երևանի ավագանու անդամի մանդատից), այլև «կուսակցաբեր»՝ Մարությանը վերջապես հիմնեց ու գրանցեց սեփական, այն էլ՝ ռեֆորմիստական կուսակցությունը՝ «Նոր ուժ»-ը։
Տարին, մասնավորապես թավշյա այս սեզոնը խոստանում է նաև «կոմերցիաբեր» լինել նախկին քաղաքապետի համար՝ նա պատրաստվում է այս ամիս երկու օր հանդես գալ նոր մոնո-ներկայացմամբ, որին տվել է ինտրիգային անվանում՝ «Պետական գաղտնիք»։ «Նոր ուժ»-ի ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում արդեն իսկ զետեղել է ներկայացման ազդագիրը։
«Տարվա ամենադելիմիտավորված, եվրոինտեգրված, կեցցե՛-հեծանվացած, սրբազանացված և դոգացված իրադարձությունը, Հայկ Մարությանի նոր մոնո-ներկայացումը՝ պետական գաղտնիք»,- այսպես է «հաճոյախոսվում» Կարգին Հայկոյի նոր թատերական պրոյեկտը, իսկ նրա պոտենցիալ հանդիսատեսն էլ զգուշացվում՝ «աշունը թեժ է լինելու»։ Փաստորեն, ընդդիմությունն իր հերթին է սպառնում հանրությանը «թեժ աշնան» խոստումով՝ սկսելով իր նոր թատերաշրջանը, Մարությանն էլ իր հերթին՝ ազդարարելով բառիս բուն իմաստով թատերաշրջանի բացման մասին։
«Պետական գաղտնիք» բացահայտած չենք լինի, եթե արձանագրենք, որ մինչ կայացած քաղաքական գործիչները արվեստն են փորձում ծառայեցնել քաղաքականությանը, Մարությանը հակառակ ուղղությունն է նախընտրում՝ քաղաքականությունը փորձում է ծառայեցնել իր «արվեստին», ավելի ճիշտ՝ սեփական PR-ին, որը գրագետ կազմակերպելը, համաձայնեք, նույնպես արվեստ է։ Մարությանին, նկատենք, մեկ անգամ է բախտ վիճակվել արվեստը ծառայեցնել քաղաքականությանը՝ 2018-ի հեղափոխությունից հետո, և քաղել դրա առատ պտուղները՝ Երևանի հետհեղափոխական ՏԻՄ ընտրություններում գլխավորելով «Իմ քայլ»-ի ցուցակը քաղաքապետ դառնալ։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, հիշում են բոլորը։
Այժմ էլ, փաստորեն, Մարությանը կիսվել է քաղաքականության ու դերասանության միջև, միայն թե հայտնի չէ՝ ո՞ր «կեսում» է անկեղծություն ցուցաբերում՝ քաղաքականությա՞ն, թե՞ դերասանական արվեստի։ Դատելով ներկայացման ազդագրի ծաղրանկարներից՝ դերասան-քաղգործիչը ենթադրաբար ծաղրելու է «կեցցե-հեծանվացումը», այն դեպքում, երբ ինքն էր քաղաքապետ եղած ժամանակ անձամբ ստանձնել Երևանում հեծանվային սպորտի ժողովրդականացումն ու գլխավորել մայրաքաղաքի 2800 ամյակին նվիրված հեծանվավազքը։ Այդ ժամանակվա քաղաքապետը Հանրապետության հրապարակից իր դեղին հեծանիվով ուղևորվեց դեպի «Էրեբունի» թանգարան-ամրոց, հեծանվորդները նրան շնորհավորական գրություն հանձնեցին ու շնորհակալություն հայտնեցին այդ մարզաձևի զարգացման մեջ ներդրում անելու համար։ Մարությանն էլ, հիշեցնենք, կոչ արեց քաղաքացիներին ավելի ակտիվ զբաղվել սպորտով, հատկապես հեծանվասպորտով, որը, ինչպես պարզվեց, սիրում են նրա ընտանիքի բոլոր անդամները։
Այս փոքրիկ, բայց ոչ «պետական» գաղտնիքը Երևանի նորաթուխ քաղաքապետը բացահայտեց հեծանվավազքից առաջ։
«Կարևոր է գիտակցել, որ հեծանիվը տրանսպորտային միջոց է, որը կարող է օգնել բեռնաթափել Երևանի տրանսպորային ցանցը ու պահպանել շրջակա միջավայրը»,- ասաց նա ու խոստացավ՝ քաղաքային նոր իշխանությունները կանեն ամեն ինչ հեծանվային մշակույթը զարգացնելու համար։
Դառնանք մոնոներկայացման «պետական» հաջորդ «գաղտնիքին». նախկին «կեցցե-հեծանվացված» քաղաքապետը, ենթադրում ենք, որոշել է նաև «դելիմիտացվել» ու «դեմարկացվել» ընդդիմադիր դաշտի որոշ սուբյեկտներից, մասնավորապես սրբազանից ու սրբազանականներից կամ սրբազանիստներից, մեկ էլ՝ եվրաինտեգրացիայի ջատագով քաղաքական ուժերից, որոնք պլանավորում են առաջիկայում այդ հարցով հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաք նախաձեռնել։ Ի դեպ, հետաքրքիր է, ռեֆորմիստ Մարությանը կո՞ղմ է այդ հարցով հանրաքվեին, թե՞ դեմ։ «Նոր ուժ»-ի ծրագրում, ի դեպ, նշված է, որ «Եվրամիության և եվրոպական երկրների հետ ինտեգրացիոն ծրագրերի լայնացումն ու խորացումը՝ հնարավոր բոլոր ուղղություններով ու մակարդակներով», դիտարկվում է ՀՀ արտաքին քաղաքական կարևոր խնդիրների շարքում, «հավասարակշռված դիվանագիտության, գործընկերների հետ անկեղծ երկխոսության ծավալման, բարեկամության և փոխշահավետ համագործակցության ձգտման» համատեքստում։
Դե իսկ ինչ վերաբերում է մոնո-ներկայացման հաջորդ «կոդին»՝ «դոգացմանը», ապա այդ մասին, թերևս, ամենապերճախոս ասելիքը կունենա ինքը՝ դոգը։ Այս մասով մեր ասելիքի իրավունքը զիջում ենք նրան։
«Կարգին հաղորդման» սկետչերից մեկը հիշեցինք. մի ծեր կին այգում տեսնում է գետնին թավալվող հարբեցողին ու գլուխը զզվանքով տարուբերում։ Հարբեցողն էլ արձագանքում է՝ «խոզը դու ես»։ Կինը, թե՝ տղա ջան, հալովդ մնա, հա՞, ես քեզ բան չասեցի։ «Չես ասել, բայց հաստատ մտածել ես»,- արձագանքում է հարբեցողն ու հունից հանում ծեր կնոջը՝ ստիպելով բացականչել՝ «խո՛զ, մեյմո՛ւն…»։
Հ. Մանուկյան
Բաց մի թողեք
Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը
Հայաստանը կհայտնվի՞ ռազմա-քաղաքական «աքցանում»
Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան չեն հավատում Իրանի հռետորաբանությանը