Իրանի արտգործնախարարությունում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի դեսպան Դեդովի հետ: Հանդիպմանը, ըստ իրանական լրատվամիջոցների, իրանական կողմից մասնակցել են Իրանի ԱԳ նախարարի օգնականն ու Եվրասիական ռեգիոնի հարցերի տնօրենը:
Նրանք, ինչպես հաղորդում է ԻՐՆԱ-ն, հայտնել են Թեհրանի աջակցությունը խաղաղությանը, միաժամանակ նշել, որ Իրանը դեմ է ռեգիոնում միջազգային ճանաչված սահմանների եւ աշխարհաքաղաքական ստատուս-քվոյի փոփոխությանը:
Իրանի ԱԳՆ-ում հանդիպումն ըստ ամենայնի պայմանավորված է այն հայտարարություններով, որոնք վերջին օրերին հնչել են Ռուսաստանից՝ հաղորդուղիների ապաշրջափակման վերաբերյալ, երբ Մոսկվան մի քանի անգամ խոսել է եռակողմ պայմանավորվածություններով նախատեսված ապաշրջափակման մասին:
Այդ խոսակցությունը սկսել է ՌԴ նախագահ Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում ՌԴ արտգործնախարար Լավրովի այն հայտարարությունից, որ Երեւանը սաբոտաժ է անում եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա ապաշրջափակումը:
Այստեղ կա մի նրբություն: Ասելով, որ Երեւանը սաբոտաժ է անում, ստացվում է, որ սաբոտաժ է անում նաեւ Իրանը: Չէ՞ որ Իրանն է հստակ դեմ արտահայտվել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքին»: Ավելին, բարդ է ասել, թե ինչպիսին կլիներ իրավիճակը այսօր, եթե Իրանը պարբերաբար ու հստակ չարտահայտվեր այդ հավակնության դեմ, նշելով, որ դա իր համար կարմիր գիծ է:
Ըստ այդ, ըստ Լավրովի տրամաբանության, եթե Երեւանը «սաբոտաժ» է անում, ապա դրան կամ մասնակցում է Իրանը կամ աջակցում: Արդյո՞ք այս շեշտադրումները հասկանալու համար է ՌԴ դեսպան Դեդովը հրավիրվել Իրանի ԱԳՆ, որտեղ թերեւս փորձել են մի կողմից պարզել, թե ինչն է ճանապարհների հարցում վերջին օրերին եռակողմը պարբերաբար հիշատակելու պատճառը, մյուս կողմից դարձյալ ներկայացնել Իրանի դիրքորոշումը այդ հարցում:
Միեւնույն ժամանակ, իհարկե այստեղ կա մեկ այլ ուշագրավ հարց՝ արդյո՞ք Իրանի հետ ռազմա-քաղաքական մեծ պայմանագիր պատրաստող Ռուսաստանը, որը հայտնել է հոկտեմբերին ԲՐԻԿՍ կազանյան Վեհաժողովի շրջանակում դա ստորագրելու ակնկալիք, գնա Իրանի համար «կարմիր գիծ» ենթադրող հարցում այնպիսի քայլերի, որոնք անհանգստացնեն Իրանին:
Չէ՞ որ այդ դեպքում դա կարող է հարվածի տակ դնել այն պայմանագիրը, որ Մոսկվան ակնկալում է կնքել Թեհրանի հետ, հույս հայտնելով, որ Իրանի նոր նախագահը եւ նրա թիմը հավատարիմ կմնան այն պայմանավորվածություններին, որ ձեռք է բերվել Իբրահիմ Ռեյիսիի հետ:
Սա թերեւս հուշում է, որ իրավիճակը այնքան միարժեք ու պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, եւ Ռուսաստանն ու Իրանը կամ խաղում են «փոխանցումներով», կամ՝ նոր իրավիճակը նրանց միջեւ այդուհանդերձ խորացնում է անվստահություն, որը տեսանելի դրսեւորում է ստանում Կովկասի հաղորդուղիների ապաշրջափակման հարցում:
Այդտեղ թերեւս հնարավոր է տեսնել Ադրբեջանի «մատը», որը հնարավոր է Հյուսիս-հարավի հարցում Իրանի ու Ռուսաստանի միջեւ կապող լինելու համար, Մոսկվայից ակնկալում-պահանջում է ապահովել Իրանի լոյալություն Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով կապի հարցում: Իրանը Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը փաստացի ասում է, որ չի կարող բավարարվել այդպիսի ակնկալիքը:
Բաց մի թողեք
Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Ռուս-ղազախական հարաբերություններն «այն չեն»․ Պուտինի Աստանա այցը կլինի «ձեռքեր ոլորելու» քայլ
Լավրովի և Իվանիշվիլիի տեսակետները նույնական են՝ «Վրաստան՝ առանց վրացիների»