Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որ Միացյալ Նահանգների ՊՆ ռազմական հետախուզության վարչության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի ղեկավար Պատրի Փրայորը Ադրբեջան է այցելել՝ քննարկելու անվտանգության բնագավառում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:
Ավելի վաղ ԱՄՆ հանդես էր եկել մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում գտնվող ամերիկյան եւ իսրայելական ընկերություններին Իրանի կողմից կիբերհարձակման սպառնալիքի մասին հայտարարությամբ:
Ամերիկյան եւ իսրայելական որ ընկերություններն են Azerbaijan-ում գործում՝ հրապարակային տեղեկության չկա, բայց եթե դրանք ենթարկվում են կամ կարող են ենթարկվել իրանցի հաքերների հարձակմանը, ուրեմն խոսքը նավթավերամշակման կամ «Այնա» լվացքի փոշի արտադրող ընկերության մասին չէ:
Բաքվում ամերիկացի բարձրաստիճան ռազմական հետախույզը՝ Պատրի Փրայորը, հանդիպումների մասին ոչ մի տեղեկություն չկա եւ հազիվ թե լինի, բայց չափազանց ուշագրավ է, որ նրա ադրբեջանական այցին զուգահեռ իսրայելական Glodes պարբերականը, հղելով իր վստահելի աղբյուրներին, տեղեկություն է տարածել, որ Ադրբեջանի կառավարությունը Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններին առաջարկել է տեղափոխվել Բաքու:
Պարբերականի տեղեկություններով, Բաքուն շատ գրավիչ առաջարկություն է արել. Ադրբեջան տեղափոխված ընկերությունները տասը տարի կազատվեն բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաեւ՝ հողի վարձակալության վճարներից:
Լրատվամիջոցը դեռ չի բացահայտել տեղափոխվելու ցանկություն հայտնած եւ արդեն իսկ Ադրբեջանի կառավարության հետ բանակցությունների մեջ գտնվող ընկերությունները:
Ըստ երեւույթին, դա գաղտնիք էլ կմնա առնվազն տեղեկատվական տիրույթում: Բայց արդյո՞ք այդ բացահայտումը կապ ունի իրականության հետ: Ավելի հավանական չէ՞, որ Ադրբեջանը որոշել է լեգալացնել իր տարածքում իսրայելական ռազմա-տեխնոլոգիական ներկայությունը՝ առանց բացահայտելու, թե կոնկրետ ինչ ընկերություններ են գործում:
Լեգալացումն, իհարկե, այդ եւ ամերիկյան ընկերություններին կիբերհարփակումներից չեն ապահովագրում, բայց, երեւի, Բաքվում հաշվարկել են, որ այդ քայլը որոշ չափով կարող է մեղմել Իրանի անհանգստությունները:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը ներկայացնում է այնպես, որ Ադրբեջանի կառավարությունը «վերջնականապես որոշել է հաղթահարել նավթա-գազային ոլորտից կախվածությունը եւ անցնել տնտեսության այդքան սպասված դիվերսիֆիկացման»:
Իրականում Ադրբեջանը ոչ միայն սեփական, այլեւ ներգրավված ահռելի միջոցներ է ծախսում՝ մեծացնելու գազի եւ նավթի արդյունահանման ծավալները, քննարկում է նավթա-գազային խողովակաշարերի թողունակության մեծացման, ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր:
Իսրայելական մի քանի ընկերության բարձրտեխնոլոգիական արտադրանքը չի կարող փոխհատուցել այն գումարների նույնիսկ մի մասը, որ Բաքուն ստանում է նավթի եւ գազի արտահանումից, բայց իսրայելական բարձր տեխնոլոգիաներն Ադրբեջանի համար չափազանց մեծ կարեւորություն ունեն:
Իրավիճակի փոփոխության դեպքում դրանք Իրանի կողմից կարող են դիտվել որպես օրինական թիրախ: Իրանցի մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել հրթիռային հարվածներ հասցնել Ադրբեջանում գտնվող իսրայելական օբյեկտներին:
Հրապարակայնացնելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի իսրայելական մի քանի ընկերություններ տեղափոխվում են Ադրբեջան, Բաքուն հնարավոր բարդություններից ապահովագրում է իր տարածքում արդեն իսկ հաստատված՝ իսրայելական «ընկերություններին»:
Այդ քայլին Ալիեւը գնում է ԱՄՆ ռազմական հետախուզության խորհրդով, առաջարկությամբ, թե պարտադրանքով՝ այնքան էլ էական չէ: Կարեւոր է, որ Միացյալ Նահանգների ռազմական հետախուզությունը Բաքվի հետ գտնվում է համագործակցության մեջ, որը կարող է ավելի սերտանալ եւ ընդգրկել նոր ոլորտներ:
Այս դեպքում բացահայտվում է նաեւ, որ իսրայելա-ադրբեջանական ռազմա-տեխնոլոգիական համագործակցությունը բոլորովին էլ Հեյդար Ալիեւի «իմաստուն քաղաքականության» արդյունք չէ: Պատրիկ Փրայորը դեռեւս գտնվում էր Բաքվում, երբ Իլհամ Ալիեւն Իտալիայում ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի, Ադրբեջանը կարող է ներգրավվել ռուս-ուկրաինական կարգավորմանը:
Ալիեւը քաղաքականության մեջ «հետին ջորեպան» չէ, որպեսզի իրեն ինքնագործունեություն թույլ տա: Հետախուզական ծառայությունների մակարդակով քաղաքական բանակցությունները, կարծես, դարձել են ավանդույթ:
Բաց մի թողեք
Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան