05/10/2024

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը թելադրում է Պուտինը, իսկ Հայաստանինը ․․․

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն արձագանքել է Երեւանի առաջարկությանը և համաձայնեցված նախաբանով և հոդվածներով հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը «անհնար» համարել:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի բավական երկարաշունչ հայտարարության ամենաէական դիտարկումը, թերևս, այն է, որ նա Նախիջեւանի հետ հաղորդակցության ապահովումը համարում է Հայաստանի «գրավոր, ստորագրությամբ ստանձնած պարտավորություն», և տարածաշրջանում խաղաղության և համագործակցության հնարավորությունը կապում է այն կատարելու հետ:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ամիիբեկովը հաստատել է հայկական կողմի տեղեկատվությունը, որ փոխադարձ պայմանավորվածությամբ կոմունիկացիաներին վերաբերող հոդվածը հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի նախագծից դուրս է թողնվել:

Ադրբեջանի ԱԳՆ սեպտեմբերի 9-ին Ամիրբեկովի հավաստիացումը չեղարկել է: Ի՞նչ է փոխվել անցած մեկ-մեկուկես ամսում:

Այս հարցի պատասխանը սեպտեմբերի 9-ին բավական ոչ դիվանագիտական խոսույթով տվել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանին: IRNA գործակալության փոխանցմամբ՝ նա ասել է, որ «հնարածին Զանգեզուրի միջանցքի մասին քաղաքական և փորձագիտական քննարկումներն աշխուժացել են պարոն Պուտինի Բաքու այցից հետո»:

Այսպիսով, Քանանին փաստացի ասել է, որ օգոստոսի 18-19-ին պետական այց կատարելով Բաքու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել կամ պահանջել է, որպեսզի Իլհամ Ալիևը հայ-ադրբեջանական պայմանագրի նախագծից վերադարձնի Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցության հարցը:

Սա արդեն փորձագետի կարծիք չէ, ոչ էլ՝ անանուն աղբյուրից տեղեկատվական արտահոսք: Իրանն, ըստ էության, բացահայտում է «սուվերեն արտաքին քաղաքականության» Ալիևյան քարոզչության սնանկությունը:

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Իրանը տարբեր մակարդակներով անդրադառնում է այդ հարցին, բայց Ադրբեջանին գրեթե ոչ մի հասցեագրում չի անում: Տպավորություն է, որ Իրանը Ադրբեջանին դասում է սատելիտ երկրների շարքին:

Դա Ալիևի համար շատ ցավոտ բացահայտում է, որի միջազգային ընկալումը ցրելու համար, կարծես, նա հանձնարարել է, որ Ռուսաստանի նախագահի կողմից տարածաշրջանի համար չափազանց ռիսկային իրավիճակի հրահրման պատասխանատվությունը վերագրի պաշտոնական Բաքվին:

Դրանից, իհարկե, Հայաստանի անվտանգային բեռը չի թեթևանում, բայց Երեւանը դիվանագիտական աջակցություն, ըստ էության, ստանում է: Քանանին պարզորոշ ասել է, որ Իրանը կողմ է կոմունիկացիաների խաղաղ և ազատ ապաշրջափակմանը՝ տարածաշրջանի երկրների լիարժեք իրավազորության ներքո:

Սա այն է, ինչ արդեն երրորդ տարին է՝ ասում է Հայաստանը: Ընդ որում, նման ձևակերպում է արվել նաև 2022 թվականի Պրահայի հանդիպումից հետո Եվրոպայի խորհրդի նախագահ Միշելի գրասենյակի տարածած ամփոփիչ հայտարարությունում: