13/10/2024

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են

Սեպտեմբերի 12-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ։

Դատավոր Արթուր Գաբրիելյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո գնացել է խորհրդակցական սենյակ, ապա վերադառնալով բավարարել է միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են:

Նրանք դատարանից ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ:

Դեպքի առթիվ 2024 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (Մարդուն առեւանգելը) և 453-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին։

Սեպտեմբերի 9-ին ՆԳ նախարարությունը մանրամասներ և տեսանյութ էր հրապարակել առևանգված կնոջ հայտնաբերման և առևանգողներին ձերբակալելու վերաբերյալ: