05/10/2024

Ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը

Պուտինը ժամանել է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ երկրորդ օրն է, ինչ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների անվտանգության հարցերով պատասխանատուները քննարկումներ են անցկացնում: ՌԻԱ-Նովոստին փոխանցում է ՌԴ նախագահի հրապարակային ելույթի մի քանի շեշտադրումներ, որ առավելապես քորզչական, կարելի է նույնիսկ ասել՝ ինքնագովազդային են:

Նման մակարդակի քննարկումներին Ռուսաստանի նախագահի մասնակցությունը, սակայն, վկայում է, որ նա Սանկտ-Պետերբուրգում շատ լուրջ անելիք, եթե ոչ՝ անելիքներ ունի: Սեպտեմբերի 11-ին իրանական լրատվամիջոցները տարածել են ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հայտարարությունը, ըստ որի Մոսկվան Իրանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է՝ ներառյալ Պարսից ծոցի եերք կղզիները:

Առաջին հայացքից շարքային-արարողակարգային ընկալվող այս տեղեկատվությունը, բացառված չէ, Սանկտ-Պետերբուրգում սկանդալ է հարուցել, քանի որ խոսքը վերաբերում է Իրան-Սաուդյան Արաբիա տարածքային վեճին:

Սաուդյան Արաբիան Մերձավոր Արեւելքի շատ ազդեցիկ երկիր է, սերտ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, միապետության հետ Ռուսաստանը, պատկերավոր ասած՝ «կատակել չի կարող»։

Ասվածը միայն մեկ օրինակ է, խորքային ի՞նչ քննարկումներ են ծավալվել Սանկտ-Պետերբուրգում՝ միայն ենթադրել կարելի է: Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակայնացրել է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների արտգործնախարարների ձեւաչափով կազմակերպության «հետագա ընդլայնման հարցում պաուզա վերցնելու կոնսեսուս է ձեւավորվել»։

Սա չափազանց կարեւոր բացահայտում է, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի նախագահի Բաքու այցից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելու մասին, ինչին հետեւել է Թուրքիայի նույնաբովանդակ հայտարարությունը:

Ռուսաստանյան մամուլի տեղեկություններով՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների արտգործնախարարներն այժմ աշխատում են կազմակերպության «գործընկեր երկրի կարգավիճակի պարամետրերի հստակեցման եւ համաձայնեցման ուղղությամբ»: Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա փաստաթուղթը կներկայացվի ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի հաստատմանը:

Գաղտնիք կմնա, թե ո՞ր երկրները եւ ի՞նչ պատճառաբանությամբ են դեմ եղել ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի իրավահավասար անդամակցությանը: Եվ եթե ԲՐԻԿՍ-ում այդ հիմնավորումներն ընդունվել են, ապա կհաջողվի՞ համաձայնեցնել գործընկեր երկրի կարգավիճակի պարամետրերը, որոնք, ամենայն հավանականությամբ, ոչ միայն տնտեսական են, այլեւ՝ իրավա-քաղաքական, թերեւս՝ նաեւ քաղաքակրթական:

Իսկ գագաթաժողովի գումարմանը մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ է մնում: Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգի հանդիպման մասնակիցներին խնդրել է իրենց երկրների առաջնորդներին ողջույններ փոխանցել եւ ավելացրել, որ նրանց սպասում է Կազանում: ՌԴ նախագահի սպաումները կարդարանա՞ն: