05/10/2024

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է անխզելիորեն կապված Հայաստանի անկախության հանրաքվեն. ՀԱԿ-ի ուղերձը

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն ԱԺ առաջին նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակի առթիվ ուղերձ է տարածել.

«Լրացավ պետական-քաղաքական գործիչ, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի 80-ամյակը։

Մոտ մեկ տարի առաջ նա հրաժեշտ տվեց կյանքին։

Ղարաբաղյան շարժման ճանաչված առաջնորդներից էր Բաբկեն Արարքցյանը՝ գործառնական կարևոր դերակատարմամբ։ Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերից է նա՝ ոչ միայն իր ստանձնած կարևոր պաշտոնի բերումով, այլև գործին անսահման նվիրվածությամբ՝ Հայաստանի անկախության ձեռքբերման, պետականության կառուցման գործում ունեցած իր մեծագույն վաստակով։

Անգնահատելի է նրա ավանդը որպես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնի կայացնող ու այդ մարմնի ղեկավար։ Նրա ղեկավարած Գերագույն խորհուրդն ու Ազգային ժողովը, «ամենադժվար» կազմերն ունենալով հանդերձ, իրենց գործունեության արդյունավետությամբ ու քաղաքական որակով կտրուկ տարբերվում են հետագա խորհրդարաններից՝ պայմանավորված առաջին հերթին Բաբկեն Արարքցյանի` որպես այդ մարմինների ղեկավարի, գիտնականի և քաղաքական գործչի անձնական ունակություններով ու դերակատարմամբ։

Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի առջև դժվարագույն խնդիր էր դրված՝ ապահովել խորհրդային քաղաքական ու տնտեսական համակարգից, ըստ էության, տրամագծորեն հակառակ՝ ազատ շուկայական հարաբերությունների և ժողովրդավարական համակարգի անցման օրենսդրական մեխանիզմների ստեղծումը։ Ընդ որում՝ դա անել այնպես, որ հասարակական կյանքի ու հարաբերությունների կարգավորման ասպարեզում վտանգավոր օրենսդրական «վակուում»՝ չառաջանա։ Բաբկեն Արարքցյանի ղեկավարած օրենսդիր մարմինն է իրականացրել քաղաքական համակարգը ժողովրդավարական համակարգին համապատասխանեցնելու՝ իշխանությունների տարանջատման ու հակակշիռների ապահովման օրենսդրական նուրբ ու բարդ աշխատանքը։ Ինչպես Գերագույն խորհուրդը, այնպես էլ Ազգային ժողովը նրա ղեկավարությամբ ապահովում էին գործադիր մարմնի լիակատար հաշվետվողականությունն օրենսդիր մարմնին` այդ պահին գործող օրենսդրությանը համապատասխան։

Բաբկեն Արարքցյանի անվան հետ է անխզելիորեն կապված Հայաստանի անկախության հանրաքվեն։ Նա է ղեկավարել հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը՝ ամենաբարդ ու ամենադրամատիկ պայմաններում ապահովել դրա արդյունավետ ու հետևողական աշխատանքն ու փայլուն արդյունքը։ Պատկերավոր ասած՝ եթե քառամյա իր անմնացորդ հերոսական պայքարով հայ ժողովուրդն էր Հայաստանի անկախության ծնողը, ապա Բաբկեն Արարքցյանն էր սրբազան այդ ծնունդն ընդունելու պատասխանատուն։

Բարձր գնահատելով Բաբկեն Գուրգենի Արարքցյանի քաղաքական վաստակը՝ նրա 80-ամյակի առիթով առաջիկայում կկազմակերպվի նաև նրա գործի ու ավանդի գնահատման և մեծարանքի հրապարակային միջոցառում»։