Նախօրեին ուշ երեկոյան տարածվեց տեղեկություն, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի եւ մյուսների գործով դատավարությունը կասեցնելու որոշումն ու գործը նորից կսկսի քննվել՝ Հակակոռուպցիոն դատարանում: Սա նշանակում է, որ հանրությանը սպասում է դատավարական նոր շոու, կամ շոուի նոր սեզոնը:
Գրեթե համընդհանուր գնահատականը այդ տեղեկության առնչությամբ եղել է այն՝ անկախ քաղաքական հայացքներից, համակրություններից կամ հակակրանքներից, որ գործը ըստ էության վերաբացելու որոշումը Հայաստանում ընտրական պրոցեսների «ձնծաղիկ» է, ընդ որում արտահերթ պրոցեսների: Իհարկե որեւէ բան միարժեք ասել հնարավոր չէ, առավել եւս, որ խոշոր հաշվով հերթական ընտրությունն էլ սարերի հետեւում չէ՝ մնացել է գրեթե մեկուկես տարի:
Մյուս կողմից, ինքս դեռեւս մեկ տարի առաջ բազմիցս ուշադրություն եմ հրավիրել հանգամանքին, որ իշխանության վարքագծում բավականին զգալի է նախընտրական շունչը եւ ամենեւին բացառված չէ, որ դիտարկվում է արտահերթ ընտրության սցենար՝ կախված արտաքին-անվտանգային մարտահրավերների դինամիկայից, ուժգնությունից, բնույթից, որպես դրանց դիմագրավելու հնարավոր տարբերակներից կամ գործիքներից մեկը:
Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի ըստ էության վերաբացման որոշումը տեղավորվում է անմիջականորեն այդ տրամաբանության դաշտում, ապա դա նշանակում է թերեւս, որ դիտարկվող սցենարն իր էության ընդամենը լինելու է արդեն մի քանի անգամ խաղարկվածի կրկնությունը: Իսկ դա այլ բան, քան Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ստագնացիա, չի կարող նշանակել:
Դրա վրա կառուցվող որեւէ ընտրական՝ արտահերթ, թե անգամ հերթական սցենարխոշոր հաշվով չի կարող Հայաստանը դուրս բերել վերականգնման ու զարգացման որակապես այլ հարթություն, այլ ընդամենը հերթական պպտույտը կլինի մի շրջանով, որն այնքան է կրկնվել, որ ըստ էության Հայաստանի շուրջ գոյացրել է արդեն շրջանաձեւ մի ակոս, երբ ամեն հերթական պտույտից հետո այն խորանում է եւ բարդացնում դրանից Հայաստանը դուրս բերելը:
Բաց մի թողեք
Ալիևի ռազմական գերատեսչությունը վերսկսելու է «հայկական կողմից հրադադարի խախտման» կեղծ քարոզչությունը
Human Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէ
Վրաստանում տեղի ունեցող ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դա կազդի Եվրոպայի հետ Երևանի հարաբերությունների վրա