13/10/2024

Ո՞ւմ շարքերում է Ռոբերտ Քոչարյանին «լավություն» արած «կադրային չեկիստը». Լուսանկար

Օրերս ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նախկին նախագահ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը որոշել էր «նշել» 2018 թվականի նույն օը՝ սեպտեմբերի 11-ի, հայ (և ոչ միայն) հասարակությանը ցնցած սկանդալի «տարելիցը»։

Խոսքը ԱԱԾ տնօրեն Ա․Վանեցյան-ՀՔԾ պետ Ս․Խաչատրյան-վարչապետ Ն․Փաշինյան՝ համացանցում հրապարակված գաղտնալսման մասին է, որը լիուլի օգտագործվեց երկրորդ նախագահի քարոզչական շտաբի կողմից։ Սա այն շրջանն էր, հիշեցնենք, երբ Քոչարյանը և նրա օրոք պաշոնավարած մի քանի այլ անձինք՝ մասնավորապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քրեական հետապնդման էին ենթարկվում «Մարտի 1»-ի գործով։

Լևոն Քոչարյան-Նիկոլ Փաշինյան հարց-պատասխանի ժամանակ, որի նպատակն, ակնհայտորեն, հարց տվողի կողմից «լսեցնելն» էր, որ ՀՀ-ում չկա անկախ դատական համակարգ, դատավորները ճնշվում են ու վերահսկվում «վերևների» կղմից, քաղաքական նուրբ հանգամանք բացահայտեց։ Փաշինյանն առաջարկեց կրտսեր Քոչարյանին․ «Ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, և ես կարծում եմ՝ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել, թե՝ ոնց ա եղել, ինչ ա եղել։ Հետո՝ դրանից հետո էլի բարձրաստիճան պաշտոնյաներ եղած մարդիկ, էդ թվում ԲԴԽ-ից, էդ թվում ԱԱԾ-ից, էլի ձեր շարքերում են, կարող են պատմել»։ Արձագանքելով Փաշինյանին՝ Քոչարյանն իր խոսքում նկատեց՝ «ընդդիմության շարքերը կարան տարբեր լինեն, երբ որ էս թիմը եղել ա ընդդիմություն, չեմ կարծում, թե ամբողջ ընդդիմությունը պետք ա նույնականացվի, և, էսպես, ձեր շարքեր ասելով․․․․․ձեր նշած անձը իմ շարքերում չէ ամեն դեպքում»։

Ենթադրում ենք, որ Լևոն Քոչարյանն «իր շարքերում» չգտնվող անձ որպես նկատի ուներ Արթուր Վանեցյանին (արագ է կռահում), որից, ինչպես երևում է, Քոչարյանն ու «Հայաստան» խմբակցության անդամները փորձում են դիստանցավորվել՝ չնույնականացվելու վերջինիս հետ։ Ինչո՞ւ, արդյոք այն պատճառով, որ անձը հեղինակազրկված է որպես քաղաքական գործիչ, ավելի ճիշտ՝ «կադրային չեկիստ», թե՞ այն պատճառով, որ ասոցացվում է Սերժ Սարգսյանի թիմի հետ և վերջինիս կոլեգան է՝ որպես նախկին ԱԱԾ-ական։ Ի դեպ, Վանեցյանն այն անձն է, որին, թվում է, Քոչարյան ընտանիքը պետք է երախտապարտ լիներ ակամա արած «լավության» համար, քանի որ եթե չլիներ վերջինիս պաշտոնեական անփութությունը, տեղի չէր ունենա գաղտնալսումը, Լևոն Քոչարյանն էլ այն որպես հաղթաթուղթ չէր թափահարի, գործող իշխանությանը չէր մեղադրի 2018-ին տված՝ անկախ դատական համակարգ ձևավորելու խոստումը դրժելու մեջ, մոռանալով, թե ինչպիսի ամենաթողություն, վախկանալիա էր դատական համակարգում այն տարիներին, երբ պետության «գլուխը» իր սիրելի հայրիկն էր։

Ի դեպ, «իմ շարքերում չէ»-ի մասին․ Լևոն Քոչարյանի եղբայրը՝ Սեդրակ Քոչարյանը ամիսներ առաջ «նշված անձի» որդու՝ «Դվին»-ում տեղի ունեցած շքեղ հարսանիքի հրավիրյալների շարքերում էր։ civic.am-ի տեսացիկն էր նրան ֆիքսել։ Նման հանդիսություններին, որքան գիտենք, հրավիրվում են հրավիրող կողմի հետ մտերիմ, ջերմ-ընտանեկան, ընկերական, բարեկամական կապեր ունեցող անձինք, և ոչ՝ թշնամիներն ու «չուժակները»։ Թե ինչ կարգավիճակ ունեն Սեդրակ Քոչարյանի ու Արթուր Վանեցյանի հարաբերությունները՝ թողնում ենք նրանց, ընդամենը հիշենք, որ Ս․ Քոչարյանը 2018-ին, հենց այդ սկանդալային բացահայտումից՝ գաղտնալսման հրապարակումից հետո դատի էր տվել ԱԱԾ տնօրենին՝ իրեն 2018-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ասուլիսում (որի ժամանակ էլ ԱԱԾ պետն ու ՀՔԾ ղեկավարը պարզաբանումներ էին ներկայացնում գաղտնալսման թեմայով) զրպարտելու, իր պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։ «Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին, որ ինքը հեռուստաընկերությամբ ասում է մենք ոչ մի բան չունենք.. Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել, նց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը 6 մլն դոլար կաշառք ձեռք բերելու արդյունքում և մնացած այլ-այլ ունեցվածքները…»:

«Բաժնետերերի մեջ չի նշանակում, որ պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրանց, իրանք էլ տանեն, ձեզ կտան 6 մլն դոլար հենց ընենք, որ մեկին կտան…»: «Էդ ունեցվածքի հետ կապված, թե որտեղիցա եկել, ապօրինի հարստացումը իրանց չի սպառնում, որովհետև ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումովա հարուցվել քրեական գործ»: Ահա այն հայտարարությունները, որոնք արատավորել էին Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։ Ի դեպ, ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր մերժել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելուն պահանջի մասին Ս․ Քոչարյանի հայցը։ Այն, դատելով «Դատալեքս»-ից, չի բողոքարկվել։

Այժմ դառնանք գաղտնալսման թեմային, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին հարց հղվեց վերջինիս՝ ամիսներ առաջ տեղի ունեցած ասուլիսում։ Վարչապետը մասնավորապես նկատել էր, որ ՀՀ-ում կան քաղաքական գործիչներ, որոնք աջակցում են ՀՀ-ում մարիոնետային իշխանության հաստատման սցենարի իրագործմանը։ «Դրանք են՝ օտար երկրներում ծվարած նարկոբարոնները, կրիմինալներ, որոնք իմ ունեցած հավաստի տեղեկությամբ՝ հավաքագրված են օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Բացի այդ, ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ով հայտնի է նրանով, որ իրեն ձայնագրել են, ձայնագրությունը հրապարակել։ Ո՞վ է ձեզ ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել։ Դրա մի մասն օգտագործվել է որպես ահաբեկման գործիք։ Մենք հստակ տեղեկություն ունենք, որ այն կատարվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ մյուս մասը՝ այդ պաշտոնյային որպես ազդեցության գործիք օգտագործելու նպատակով»,-նշել էր Փաշինյանը՝ բաց հայտարարելով, որ խոսքը Արթուր Վանեցյանի մասին է։ Նա նաև հավելել էր, որ համացանցում հրապարակվածը ձայնագրության ամբողջական տարբերակը չէ և հարց է՝ ուրիշ ի՞նչ կարող էր լինել դրանում։

«Օրինակ՝ ինչ կարող է պարզվել։ Կարո՞ղ է պարզվի, որ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն այն մասին, որ լինելու է ԱԱԾ տնօրեն, չունենալով որևէ թույլտվություն, բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ (Միքայել Մինասյան-խմբ․) ԶՊՄԿ-ի մի մասը իր եղբոր անունով գրելու վերաբերյալ։ Չեմ բացառում, որ այլ բաներ էլ կարող են լինել։ Հիմա, այդ մարդիկ հայրենիքի մասին են խոսո՞ւմ»,-նշել էր Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը, ժամանակին՝ Ռոբերտ Քոչարյանի, ապաև՝ Սերժ Սարգսյանի, Արմեն Սարգսյանի նախագահության օրոք, աշխատել է նախագահի աշխատակազմում։

Հ․Մ․