05/10/2024

«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ

Երեկվանից «մերձքոչարյանական» ԶԼՄ-ները քարոզչական դաշտ նետեցին մի լուր, որտեղ միաժամանակ հոլովվում են ՀՀ նախկին նախագահի և ՌԴ գործող նախագահի անունները։ Տարօրինակն այդ լուրի մեջ այն չէր, որ վաղեմի ընկերներ ու «քիմիական կապի» մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը շփվել են՝ թող որ հեռախոսով։

Տարօրինակն այն էր, որ այդ շփման առիթի՝ Պուտինի կողմից իր «վստահելի գործընկերոջը» հոբելյանի առթիվ շնորհավորելու վերաբերյալ նախկին նախագահի գրասենյակը որոշել է 17 օր անց հիշել՝ «հաստատելով» լուրը (երկրորդ նախագահի ծննդյան օրը օգոստոսի 31-ին էր)։ «Նախագահ Քոչարյանի հոբելյանի օրը նրան զանգահարել է Ռուսաստանի նախագահը և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ»։

Տեղեկությունը «NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։ «Մանրամասներ չեմ հաղորդի, հեռախոսազրույցը մասնավոր է եղել։ Վլադիմիր Պուտինը նաև շնորհավորական հեռագիր է հղել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ-ում ՌԴ դեսպանի միջոցով»։

Քարոզչական մակարդակում, իհարկե, Քոչարյանի և Պուտինի լուսանկարները կողք կողքի տիրաժավորելը (անկախ կից բովանդակությունից) հզոր էֆեկտ կարող էր ապահովել, լսարանի վրա մեծ ներգործություն ունենալ, հանրությանը ներշնչել, թե «ռուսի պահած երկրի» ղեկավարն այնքան քաշ ու պատիվ ունի, որ Պուտինը չի մոռանում շնորհավորել վերջինիս ծնունդը։

Նկատենք, սակայն, որ նախկին նախագահի գրասենյակի քարոզչական պատասխանատուները մեծագույն վատությունն են արել իրենց «կլիենտին»՝ «Քոչարյան» և «Պուտին» երևույթները նույն համատեքստում դնելով, այն պարագայում, երբ Պուտինի բացասական ռեյտինգը խփել է համաշխարհային բոլոր ռեկորդները։ Լեռնային Ղարաբաղին մեկ տարի առաջ այս օրերին պատուհասած աղետը, ավել վաղ՝ 2021-ին և 2022-ին, ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական ռազմական ագեսիային ցուցաբերած՝ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի պահվածքը, շաբաթներ առաջ էլ ՌԴ նախագահի Ադրբեջան կատարած այցը, հայր Ալիևի արձանի առաջ խոնարհումը ստիպեցին հայ ժողովրդին (գոնե դրա ճնշող մեծամասնությանը) դուրս գալ «ռուսի պահած երկիր» լինելու հանցավոր մտայնությունից ու դարավոր խաբկանքից և եզրակացնել, որ Պուտինն այսօր ՀՀ-ի հանդեպ իր վերաբերմունքով ու հավակնություններով «Ալիև» է նույնքան, որքան ինքը՝ «օրիգինալ» Ալիևը։ Կարճ ասած՝ Պուտին=Ալիև։

Հետևապես հաշվեք, որ Քոչարյանին զանգահարել, նրա հետ «մասնավոր հեռախոսազրույց» է ունեցել Ալիևը։

«Զանգ ընկերոջը»՝ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացին ընդառաջ

Ուշագրավ է պետության ղեկավարների՝ միմյանց շնորհավորելու ստանդարտ «ծիսակարգի» հանրայնացման ժամանակագրությունը։ Նախկին նախագահի գրասենյակը լուրն այդ «հաստատում է» նույն օրը, երբ լրահոսում հայտնվում է մեկ այլ կարևոր լուր՝ «սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը հրապարակել է քրեական գործով (ըստ մեղադրանքի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռ. Քոչարյանի, Ս. Օհանյանի, Ա. Գևորգյանի և Յ. Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»:

Արդյոք պատահականությո՞ւն է սա՝ Պուտինի մասին «հիշեցնել» այն իրավիճակում, երբ նրա երբեմնի կոլեգային առնչվող՝ «Մարտի 1-ի» քրեական աղմկահարույց գործով իրավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։

Հարկ է նկատել, որ ռուսական ագիտպրոպը սույն գործով իրավական հավանական նոր գործընթացի մասին անոնսել էր դեռ հուլիսին։ Մասնավորապես «Սպուտնիկ Արմենիա»-ն հուլիսի 23-ին զրուցել էր Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի հետ, որը նշել էր՝ իր պաշտպանյալի և մյուսների դատական գործը հնարավոր է վերսկսվի։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նշենք, տարեսկզբին դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ի, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, ու ըստ այդմ՝ վերաորակավորելու Ռ. Քոչարյանին և մյուսներին ներկայացված մեղադրանքը։ Հուլիսի 22-ի նիստում ՍԴ-ն որոշեց, որ մեղադրանքը վերաորակելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ «Համապատասխան հոդվածը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, հակասահմանադրական ճանաչվեց, և դատախազությունը ցանկանում էր այդ նույն գործողությունները վերաորակավորել, հավանաբար, որպես պաշտոնեական դիրքի չարաշահում կամ պաշտոնեական անփութություն, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ չէր տալիս այս փուլում վերաորակավորել։ Հիմա ՍԴ-ն նման որոշում կայացրեց և, ըստ էության, հնարավորություն ստեղծեց, որպեսզի հակասահմանադրական հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվի մեկ այլ հոդվածով, որը հակասահմանադրական չէ»,- պարզաբանել էր Ալումյանը։

Հիմա «Սպուտնիոկ»-ով անոնսի, Վճռաբեկ դատարանի որոշման և Պուտինի շնորհավորանքի մասին լուրի կապի մասին։ Դեռ 2021-ին հանրության շրջանում լուրեր էին շրջանառվում, թե «Մարտի 1»-ի գործով ՍԴ որոշումը (որով հակասահմանադրական էր ճանաչվել ՔՕ 300.1 հոդվածը), այսպես ասած, «ներքին քաղաքական պայմանավորվածության» արդյունք է՝ հետպատերազմական ծայրահեղ լարված մթնոլորտը լիցքաթափելու և ամենակարևորը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին Փաշինյանի ախոյան Քոչարյանին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով։ Ըստ այդ խոսակցությունների՝ Կրեմլն իր ազդեցության լծակներն օգտագործելով՝ կարողացել է հասնել նրան, որ ՍԴ-ն կայացնի խնդրահարույց որոշումը, և, փաստորեն, այսպիսով Քոչարյանը «մաքրվի» «Մարտի 1-ի» արյան պատասխանատվությունից։

Այս խոսակցությունները վերհիշելով է, գուցե, որ ֆեյսբուքյան որոշ օգտատերեր Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքի մասին լուրը մեկնաբանել են որպես «զանգ ընկերջը», օգնելու այս անգամ էլ պլստալ «Մարտի 1-ի» գործով սպասվելիք նոր հետապնդումից։ Քաղաքագետ Էդգար Առաքելյանն, օրինակ, նկատել է. «Կրկին խաղարկվում է Քոչարյանի՝ Պուտինի «ընկեր» լինելու (չնայած մի առիթով Պուտինն ասել է, որ քաղաքականության մեջ ընկերներ չկան) և Հայաստանի վրա մարդ բերելու սցենարը, ու նորից տեղեկատվական դաշտ է նետվում լուրը, թե բա Պուտինը զանգել ա Քոչարյանին։ Ի դեպ, զուգադիպություն է, թե չէ, բայց ես չեմ տեսել որևէ մեկին, ով Պուտինի ընկերն է ու, զուգահեռաբար, նաև Հայաստանի բարեկամը»։

Ինչո՞ւ Քոչարյանը ուշացումով «կպավ» «սրբազան պայքարին», արդյոք «կաշին փրկելու» համա՞ր

Հարկ է նկատել, որ այս ընթացքում մամուլը գրում էր, որ Քոչարյանը ՌԴ թելադրանքով իրականացվող «սրբազան պայքարի» շահառուներից է։ Անգամ գրվեց այն մասին, որ մայիսին Քոչարյանը հանդիպել է Բագրատ Գալստանյանին, սակայն նախկին նախագահի գրասենյակը հերքեց այդ լուրը։ Եվ միայն վերջերս՝ սեպտեմբերի 12-ին, շարժման համակարգող խորհուրդը հայտարարեց, որ Գալստանյանը հանդիպել է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ սեպտեմբերի 22-ին հրավիրված հավաքին ընդառաջ։ Արդյոք այս հանդիպումը և դրա մասին հրապարակավ հայտարարելը վկայո՞ւմ են այն մասին, որ Քոչարյանը սիպված է էլ ավելի մեծ շահագրգռություն ցուցաբերել, ջանք ու եռանդ չխնայել շարժման հաջողության, այն է՝ իշխանափոխությունը գլուխ բերելու հարցում, քանի որ «Մարտի 1-ի» խարանից առմիշտ ազատվելու միակ հնարը ինչպես նախկինում՝ սկսած 2018-ից, այնպես էլ այժմ, Փաշինյանի իշխանությունը տապալելն է։ Իսկ եթե ոչ, ապա գոնե այնպես անելը, որ գոնե հնարավոր լինի խուսափել սույն գործով առաջիկայում ենթադրվելիք իրավական՝ ոչ այնքան հաճելի պրոցեդուրաներից։

Իզուր չէ, որ նախորդ շաբաթ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կրտսեր Քոչարյանը՝ ԱԺ պատգամավոր Լևոնը, խոսելով հայտնի գաղտնալսման մասին, կասկածի տակ դրեց «ժողովրդավարության բաստիոնի» լինելիությունը, խոսեց «քաղաքական հետապնդումների», ՍԴ-ի, «կոնկրետ դատավորների հետևից ընկնելու», նրանց «ճնշելու» մասին։ Ապաև հետաքրքրվեց՝ «նույն ձև ա՞ մինչև հիմա արվում էդ ամեն ինչը, թե՞ ինչ-որ սխեմա ա փոխվել, որտև որ արվում ա, դա փաստ ա, դրա ականատեսն ենք մենք»։ Նրա այս հարցուփորձը՝ «սխեմա փոխվելու» մասին, ենթադրում ենք, հենց իր հայրիկի գործով առաջիկա զարգացումների համատեքստում էր։

Վարչապետն էլ, հիշեցնենք, որդի Քոչարյանին բացատրեց՝ «արդյո՞ք ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, որովհետև եթե դուք այդքան տեղեկացված եք, գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունից բազմաթիվ մարդիկ առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»: Փաշինյանը հավելեց նաև՝ անկախ դատական համակարգ ունենալը միքայլանի գործողություն չէ, և նման համակարգ ունենալը «ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ հետագա զարգացման համար»։

Հ. Մանուկյան