15/10/2024

Իրանը՝ սպաների միջոցով, «քաղաքավարի զգուշացրել» է Ադրբեջանին

Իրանի զինված ուժերի մի խումբ սպաներ այցելել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն: Ըստ հաղորդագրության, նրանք կատարել են քաղաքավարական այց: Սակայն ի՞նչն է եղել իրանցի մի խումբ սպաների քաղաքավարության բուն մոտիվը, թերեւս մնում է միայն ենթադրել:

Այն, որ զինված ուժերի սպաները այսպես ասած ազատ չեն՝ քաղաքավարությամբ զբաղվելու համար, առավել եւս այսօրվա աշխարհում եւ մարտահրավերներով շրջապատված Իրանում, կասկածից վեր է:

Ըստ այդմ` կասկած չկա նաեւ, որ նրանք Ադրբեջանին փոխանցել են հաղորդագրություն: Դրա ֆոնը բավականին տարողունակ եւ ուշագրավ է, սկսած իրան-ռուսական ինտեսիվ շփումներից, մինչեւ ԱՄՆ, Բրիտանիայի, Թուրքիայի հետախուզական ինտենսիվ հետաքրքրությունը Բաքվի հանդեպ՝ բարձրաստիճան այցերի տեսքով:

Հարկ է ուշադրության արժանացնել նաեւ հանգամանքը, որ հանդիպումը, կամ այսպես ասած քաղաքավարական այցը Ադրբեջանի նորաբաց դեսպանատուն (հիշեցնեմ, որ նախորդ տարի հայտնի հարձակումից հետո Ադրբեջանը փակել էր Թեհրանում իր դեսպանատունն ու դիվանագիտական ներկայությունը վերականգնեց ընդամենը ամիսներ առաջ, երբ դեռ ողջ էր նախագահ Իբրահիմ Ռեյիսին) տեղի է ունենում Լիբանանում Հըզբոլլահի հանդեպ իսրայելական «փեյջերային» գրոհի ֆոնին:

Իսկ դա պարզապես գրոհ չէր, այլ ըստ էության միջազգային հարաբերություններում ուժի գործոնի կիրառման թե տեխնիկական իմաստով, թե ըստ էության քաղաքական իմաստով տեխնոլոգիական «նորարարություն»:

Հնարավոր է, որ Թեհրանն ունի մտավախություն, որ Լիբանանն ու Հըզբոլլահը Իսրայելի համար լինելով թիրախ, նաեւ եղել են այսպես ասած «պիլոտային» տարբերակ, ու կարող է նույնատիպ եւ ավելի մասշտաբային գրոհ լինել նաեւ Իրանի ուղղությամբ:

Իսկ այդտեղ գրոհային հիմնական հենակետերից մեկը կարող է դիտվել Ադրբեջանը, հաշվի առնելով այնտեղ իսրայելական կենտրոնների առկայությունը: Հնարավոր է, որ Իրանը այդ առնչությամբ «քաղաքավարի զգուշացրել» է Ադրբեջանին: