ՀՀ-ում իշխանության յուրացման՝ հեղաշրջման ձախողված փորձի մասին ԱԱԾ բացահայտումը առանձնահատուկ էր ոչ թե այն իմաստով, որ իշխանության դեմ նման հանցագործություն է պլանավորվել, այլ նրանով, որ պլանավորողները պլանն իրագործողների «վերապատրաստումն» իրականացրել են ՀՀ դաշնակից երկրում՝ ՌԴ-ում։
ՔԿ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ «հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Ա. Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում, մարտ վարելու պարապմունքներ։
Բացի դրանից, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր»:
Հայտնի է, որ «ԱրԲատ»-ը (արմյանսկիյ բատալյոն) ստորաբաժանում է, որը ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում՝ 2022-ին։ Դրա հիմնադիրը հայազգի գործարար, «Գորլովսկի» մականունով Արմեն Սարգսյանն է։ Սույն ստորաբաժանման հրամանատարն էլ ծնունդով ղարաբաղցի, «Աբրեկ» մականունով Հայկ Գասպարյանն է, որը նախկինում եղել է 2014-ին Եվգենի Պրիգոժինի կողմից ստեղծված մասնավոր ռազմական ընկերության՝ «Վագներ»-ի մարտիկներից։
Պուտինի կողմից շքանշանի արժանացած Հայկ Գասպարյանն, ի դեպ, բավական օպերատիվ արձագանքեց իր հրամանատարությամբ գործող «Արբատ»-ի վերաբերյալ ՔԿ-ի հաղորդագրությանն ու հերքեց իրենց առնչությունը ՀՀ-ում իշխանության յուրացման նախապատրաստությանը։
Հատկանշական է, որ Գասպարյանի արձագանքը բավական օպերատիվ տիրաժավորել էր ռուսական ԶԼՄ-ն՝ «Սպուտնիկ»-ը։ «ՀՀ իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել երկրի քաղաքական կյանքում իրենց ինչ-որ անհաջողություններից։ Նրանք ընտրել են մի ուղղություն, որը երկիրը տանում է դեպի կործանում։ Նրանք փորձում են գտնել ծայրահեղականների, ինչպես դա անում են Ռուսաստանին Ղարաբաղը հանձնելու մեջ մեղադրելիս։ Պարզապես պետք է ինչ-որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»,- նշել է հրամանատարը։
Նրա խոսքով` ստորաբաժանման ներկայությունը Հայաստանում հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե հայ ժողովուրդն արտաքին թշնամու դեմ պայքարելու համար օգնություն խնդրի։ Գասպարյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական կյանքը չի հետաքրքրում «ԱրԲատ» գումարտակին։
«Մենք առհասարակ երբեք չենք մեկնաբանել ո՛չ Հայաստանի Հանրապետությունը, ո՛չ ՀՀ վարչապետին, ո՛չ էլ որևէ այլ մեկին, ով կապ ունի հայկական քաղաքականության հետ։ Մենք զինվորականներ ենք, քաղաքական գործիչներ չենք։ Մենք պայքարում ենք այն պետության հետաքրքրություններից ելնելով, որտեղ մենք ապրում ենք»,- հավելել է նա։
Ի դեպ, Հայկ Գասպարյանը այս տարվա հուլիսին, մասնակցելով համառուսաստանյան ֆորումին, հարցազրուց էր տվել ռազմական լրագրող Արամ Խաչատրյանին և նշել, որ իր բոլոր արմատները, ծնողները ԼՂ Մարտունու շրջանից են, հայրը Սարուշենից է, ՌԴ է տեղափոխվել 2 տարեկանում։ Նա նշել է, որ շատ հայեր են կռվում «հատուկ ռազմական գործողության» վայրում։ Հստակեցմանը՝ իսկ ղարաբաղցիների հանդիպե՞լ է ռազմադաշտում, Գասպարյանն արձագանքել է. «Բավականաչափ թվով ղարաբաղցիների եմ հանդիպել, որոնք կռվում են 2014-ից»՝ հավելելով, որ կռվող հայերի թիվը բավական մեծ է։
Լրագրողի մյուս հարցին՝ որպես ղարաբաղյան արմատներ ունեցող անձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ձեր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի կորստին, «հայկական քաղաքականության հետ կապ ունեցողներին» «երբեք չմեկնաբանող» ռազմական ստորաբաժանման հրամանատարը նախ արձագանքել է, թե այնտեղ են հուղարկավորված իր բոլոր նախնիները, ու երբեք չի համակերպվի ԼՂ-ի կորստի հետ։ Ապա հավելել է՝ «երբեք չեմ ների դավաճաններին»։ «Ես, իհարկե, երբեք չեմ մոռանա և երբեք չեմ կարող ներել դավաճաններին, որոնք հանձնեցին իմ հայրենի Արցախը։ …Ինձ համար Ղարաբաղի հարցը բարոյականության հարց է։ Ղարաբաղի կորստից հետո ես իմ բառապաշարից բացառել եմ այնպիսի բառերը, որոնք են վիրավորանքն ու ցավը… Ես զայրացած եմ Հայաստանի ղեկավարության վրա, որն ուղղակի դավաճանեց Ղարաբաղի հայերին։ Եթե ես հնարավորություն ունենայի թափել իմ զայրույթը նրանց վրա, ապա ես դա կանեի առանց մտածելու»։ Թե ինչպես է պատկերացնում սույն պերսոնը «զայրույթն առանց մտածելու թափելը», և, մասնավորապես, ինչ տեսքով այն պետք է տեղի ունենար՝ արդյոք զինված հեղաշրջմա՞ն, ինչի մասին վկայում է ԱԱԾ բացահայտումը, կարելի է միայն ենթադրել։
Հատկանշական է, որ «Երկրամաս»-ը՝ ՌԴ հայերի միության թերթը, սեպտեմբերի 8-ին տարածել էր «Արբատ»-ի հայտարարությունը, որը, ինչպես նշել է հարթակը, արձագանքն է Արևմուտքի ֆինանսավորմամբ համացանցում տարածված ֆեյք, սպառնալիք պարունակող տեսագրությունների ստորաբաժանման մարտիկների վերաբերյալ։ «Մեր խնդիրը համացանցի ծաղրածուների հետ հարաբերություններ պարզելը չէ։ Բայց քանի որ շատերս ազգությամբ հայ ենք, տեսանյութում ասված խոսքերը ազդեցին մեզ վրա։ Մենք կգանք այն պայմանով, որ մեծ ու ազատ Հայաստանի խաղաղ բնակիչները մեզ դիմեն խնդրանքով՝ պաշտպանել իրենց տեսանյութի հեղինակի պես մարդկանցից և երկիրը Արևմուտքին ծախել փորձողներից։ Մենք պատրաստ ենք պաշտպանել Հայաստանը սադրիչներից և թաքնված թշնամիներից։ Մենք դեմ ենք հայրենիքում տեռորին, բռնությանը և պաշտպանելու ենք Հայաստանը ներքին թշնամիներից, որոնք իրենց արևմտյան տերերի փողերի համար պատրաստ են ամբողջ ուժով դավաճանել իրենց երկիրը։ Մենք սադրիչներին ուշադրություն չենք դարձնի, քանի որ նրանց նմանվելը մեր արժանապատվությունից ու պատվից ցածր է»։ Ի՞նչ վարկաբեկիչ, ֆեյք վիդեոհոլովակի մասին է խոսքը։ Անցնելով «Երկրամաս»-ում զետեղված հղումով՝ պարզեցինք, որ խոսքը «Յութուբ»-ում օգոստոսի 30-ին հրապարակված մի տեսագրության մասին է, որում ռուսերենով հաղորդվում է ՀՀ-ում իրականացվող աշնանային հեղաշրջման և դրա վերաբերյալ ՌԴ-ից իջեցված ցուցումների մասին։ «Մենք ինֆորմացիա ենք ստացել, որ Մոսկվան ցուցումներ է տվել ՀՀ-ի բոլոր պրոռուսական ակտիվիստներին՝ կապված ընդդիմության սեպտեմբերյան միտինգների հետ (հոլովակում կան կադրեր Բագրատ Գալստանյանի, Ռոբերտ Քոչարյանի և այլոց ֆոտոներով)։ Ցուցումներում նշվում է այն մասին, որ ՀՀ իշխանությունը լիակատար կերպով ենթարկվում է Թուրքիային։ Հատկանշական է, որ ՌԴ-ն ՀՀ-ին մեղադրում է դեպի Արևմուտք ձգտելու մեջ, սակայն հորդորում է ընդդիմությանը ազդարարել Թուրքիայի մասին։ Կան նաև տվյալներ ռուսական կամավորական «Արբատ» ստորաբաժանման մասին։ Հաղորդվում է այն մասին, որ սույն խմբավորման մարտիկները պետք է Երևան ժամանեն՝ ներգրավվելու ընդդիմության հանրահավաքներում և անհրաժեշտության դեպքում գրոհելու կառավարչական հաստատությունները՝ Կառավարության և ԱԺ շենքերը»։
Հոլովակում նշվում է, որ ինֆորմացիան ճշգրտվում է համապատասխան հաստատությունների կողմից, որպեսզի այն մերկապարանոց չլինի։ «Սակայն մեզ հայտնի է, որ հայերի ակտիվ «վերբովկան» շարունակվում է, մեկը արդեն մահացել է, և մեր թիմը ճանաչում էր նրան անձնապես։ Մենք նաև գիտենք, թե ով է ՌԴ-ից «Տելեգրամ» ալիքի միջոցով զբաղվել հավաքագրմամբ։ Հիմա ուզում եմ զգուշացնել այս մարդկանց՝ եթե դուք ուզում եք զավթել ՀՀ-ում իշխանությունը, ապա մենք ձեզ ահա թե ինչ ենք խոստանում՝ ՀՀ ուժայինները ձեզ կլիկվիդացնեն ճիշտ այնպես, ինչպես ահաբեկիչների դեպքում»։ Հոլովակում նշվում է նաև, որ ՌԴ-ում գտնվող Արշակ Կարապետյանին, որը աշխատում է ՀՀ-ն գուբերնիա դարձնելու ուղղությամբ, 24 ժամ ժամանակ է տրվել հերքելու կամ ներողություն խնդրելու այն հայտարարության համար, որի մասին ինքը լավ գիտի։ Ժամանակը լրացել է, եկել է մեր ժամանակը։ Ավելին, կա տեղեկություն, որ ՌԴ-ի ուժայիյն կառույցների կողմից մինչև 15 միլիոն դոլար է հատկացվել ՀՀ-ում իշխանափոխության համար»,- նշվում է սկանդալային հոլովակում, որի այլ մանրամասները, մասնավորապես Պուտին-Ալիև շփումների, հրադադարի խախտման մասին Ադրբեջանի կեղծ հաղորդագրությունների նպատակի, պատերազմի սպառնալիքի մասին՝ վերոհիշյալ հղումով։
Հ.Գ. Նշենք, որ «ԱրԲատ»-ի «ծնունդը» դեռ մեկ տարի առաջ Մոսկվայում գտնվող հայկական եկեղեցու պատերից ներս օրհնել է Բագրատ Գալստանյանի «սրբազան շարժումը» իր հերթին օրհնած Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայր, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Հեղինե Մանուկյան
Բաց մի թողեք
Երևանը պաշտոնապես դուրս չի գալիս 2020 թ. եռակողմ համաձայնագրից. Օվերչուկ
Աջապահյանի սկանդալային առաջարկը՝ «նվե՞ր» Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին
Ադրբեջանը բանակը բերում է պատրաստության աստիճանի` Հայաստանի դեմ նոր դիվերսիայի համար