09/10/2024

Սերժ Սարգսյանի «կոստյումի» բազմաչափերը ․․․

Հայաստանի Սահմանադրության փոփոխության գործընթացի շրջանակում քննարկվում է կայուն մեծամասնության դրույթի վերացման հարցը:

Այդ դրույթը 2015 թվականին սահմանադրական ռեֆորմի եւ կառավարման մոդելի փոփոխության գործընթացում ներառվեց մի գլխավոր նկատառումով՝ ապահովել ՀՀԿ անհրաժեշտ մեծամասնություն խորհրդարանում:

Միեւնույն ժամանակ սակայն, հարկ է նկատել, որ կա օբյեկտիվ խնդիր՝ Հայաստանը չկայացած քաղաքական համակարգերով եւ քաղաքական ավանդութականության ու մշակույթի բացակայությամբ երկիր է, որի անցումը խորհրդարանական կառավարման մոդելի կարող է վերածվել համատարած ճգնաժամի, եթե այդ մոդելը գործի դասական սկզբունքներով: Դասական սկզբունքով խորհրդարանական կառավարման մոդելը բնականաբար չի ենթադրում կայուն մեծամասնության դրույթ:

Դասական խորհրդարանականությունը այդօրինակ դեպքերում ենթադրում է կոալիցիաների ձեւավորում, քննարկումներ, անհաջողության դեպքում՝ նոր ընտրություն: Կայացած կառավարման ու քաղաքական համակարգերով երկրներում, որտեղ ինստիտուտները գտնվում են ֆունկցիոնալ «ինքնաբավության» նվազագույն անհրաժեշտ մակարդակում, այդօրինակ ճգնաժամերը չեն բերում կառավարման կոլապսի:

Օրինակ, տարիներ առաջ այդպիսի մի իրավիճակ էր Բելգիայում, որտեղ գրեթե մեկ տարի չէր հաջողվում ձեւավորել կառավարություն: Բայց, Բելգիայի կառավարման համակարգը դրանից չփլուզվեց, քաղաքական ճգնաժամը չբերեց պետական կենսագործունեության կազմալուծման: Հնարավոր է բերել մի շարք այլ օրինակներ: Հայաստանի պարագայում, այդօրինակ քաղաքական ճգնաժամերը կարող են հանգեցնել կառավարման կոլապսի: Կայուն մեծամասնության դրույթը նպատակ ուներ խուսափել նաեւ այդօրինակ վիճակներից:

Դա իհարկե ստեղծում է որոշակի «անբնականություն»: Այսինքն, որեւէ քաղաքական ուժ կարող է ստանալ բացաչձակ մեծամասնություն, երբ չի ստացել դրա համար բավարար հանրային քվե: Ըստ էության, դե ֆակտո, իր բնույթով, դա նույնիսկ հավասարազոր է իշխանություն յուրացնելուն, պարզապես սահմանադրական կարգավորումով, այսինքն «թղթով»:

Հիմա, երբ դրվում է այդ թուղթը վերացնելու հարց, արդյո՞ք կան պատասխաններ այն հարցերին, որոնք վերաբերում են հնարավոր ճգնաժամերին: Եթե չաշխատեն կոալիցիոն լուծումները, որոնք դասական՝ այսպես ասած «չգրված», բայց ավանդութականությամբ եւ քաղաքական ինստիտուցիոնալության մշակույթով կարգավորվող գործընթացներ են, ի՞նչ է լինելու կառավարման համակարգի հետ:

Չէ՞ որ այս տարիներին Հայաստանի կառավարման ինստիտուցիոնալ ամրությունն ու որակը ոչ թե արձանագրել են աճ, այլ հակառակը՝ նկատելի հետընթաց, թե սուբյեկտիվ, թե ինչ որ առումով օբյեկտիվ հանգամանքների բերումով:

Անշուշտ, Հայաստանի հեռանկարը պետք է լինի դասական խորհրդարանական մոդելի անցումը, այդ թվում քաղաքական ռեֆորմի միջոցով: Բայց, նախ պետք է ապահովել այդ ռեֆորմն ու մշակութային հիմքերի ձեւավորումը, հետո այսպես ասած իրավապայմանագրային հիմքը բերել համապատասխանեցնել այդ իրողություններին, բերել դասական մոդելի:

Հակառակ պարագայում, պետք է վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդելի: