12/10/2024

Հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուրույն մոտիվացիաներ ունեն ԱՄՆ եւ Ռուսաստանը

Բաքվից Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երեւանում հանդիպել է նաեւ հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի հայաստաննյան հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն: Քննարկվել է հայ-թուրքական կարգավորման գործընթացը, բայց ինչ մանրամասներով՝ հայտնի չէ: Այս հանդիպումը հետաքրքրություն է առաջացնում թե ինքնին, թե առավել եւս այն հանդիպումների ֆոնին, որ նախորդել էին:

Իսկ խոսքը այն մասին է, որ սեպտեմբերի 12-ին Մոսկվայում ՌԴ փոխարտգործնախարարն էր հանդիպել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ բանագնաց Քըլըչին: Ընդ որում, այդ հանդիպումից հետո ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը Ռդ փոխվարչապետ Օվերչուկի հետ ժամանել էր Երեւան եւ մասնակցել Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, իսկ թուրքական կողմից հատուկ բանագնաց Քըլըչը այցելել էր Բաքու, որտեղ հանդիպում էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ եւ քննարկել նաեւ հայ-թուրքական կարգավորման հարցը:

Ահա, դրանից հետո Բաքու եւ Երեւան ժամանող Ջոշուա Հաքը Երեւանում իր հերթին հանդիպում է արդեն հայաստանյան հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ: Այդ հանդիպումների մրցակցայնության մասին հնարավոր է անել միայն ենթադրություններ, քանի որ հայտնի չեն թե Գալուզինի, հետո Բայրամովի հետ Քըլըչի հանդիպման մանրամասները, թե Ռուբինյան-Հաք հանդիպման մանրամասները:

Այդ հանդիպումներում քննարկված մաննրամասները ավելի շատ համադրելի՞ են, թե՞ ավելի մեծ է դրանց հակադրելիությունը: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուրույն մոտիվացիաներ ունեն ԱՄՆ եւ Ռուսաստանը: Թուրքիան խաղում է հենց դրա վրա, այդ կերպ բարձրացնելով հայ-թուրքական հարաբերության գինը, հաշվարկելով թերեւս, որ այդ գինը միշտ էլ ունենալու է աճման միտում:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների վերջին հանդիպումը տեղի ունեցավ հուլիսի 31-ին, մի մասը հայ-թուրքական սահմանի Մարգարայի հատվածի հայկական կողմում, մյուս մասը սահմանի թուրքական կողմում:

Ընդ որում, դա հինգերորդ հանդիպումն էր երկամյա դադարից հետո, քանի որ առաջին չորս հանդիպումները տեղի էին ունեցել 2022 թվականի հունվարից-հուլիս ժամանակահատվածում: Երկու տարի անց հինգերորդ հանդիպումից անցել է գրեթե երկու ամիս, սակայն պարզ չէ, թե ո՞րն է եղել դրա արդյունքը: