ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր ազգը երբեք այսքան պառակտված չի եղել, որքան հիմա։ Աճող հակասությունների և շարունակվող պառակտումների մեջ մենք տեսնում ենք, որ մեր աչքի առաջ խորտակվում են միասնության վերջին հույսերը՝ վերջնականապես խարխլելով մեր պետականության հիմքերը:
Սրբազան պայքարի նկատմամբ անվստահությունը և դրա ֆոնին քաղաքական կրքերն ու սրված սոցիալական լարվածությունը վկայում են մտահոգ փոքրամասնության և անտարբեր մեծամասնության միջև խորացող անջրպետի մասին, իսկ դրա հետ մեկտեղ քաղաքական իշխանության և դրա միանձնյա դերակատարի նկատմամբ ջախջախված վստահությունն ու ձևավորված ատելությունը ստեղծում են հանրային քաոսի պատկեր, որտեղ պառակտվածությունը վերից վար է և՝ ձախից աջ:
Բայց ամենավատն այն է, որ մենք ինքներս ենք նպաստում այս կործանմանը։ Ներսում լինելով անհաղորդ, դրսում մենք մեր թշնամիների համար աշխատում ենք ոչ թե կուրորեն, այլ բաց աչքերով, ասես ինքնաոչնչացման անգիտակից մղումով։ Յուրաքանչյուր քայլ (այդ թվում՝ միջազգային ամենաբարձր ամբիոնից սեփական օրակարգերը թողած անիմաստ խաղաղասիրություն քարոզելը, կամ դահիճի տանը դահիճի ձեռքից դահիճի հեղինակած գիրքը խոնարհ ժպիտով ընդունելը, քայքայում է մեր ազգային անձեռնմխելիությունը՝ դարձնելով մեզ ենթակա սեփական անկարողությանն ու արտաքին մանիպուլյացիաներին և ազդեցությանը:
Պատմության պարույրը կրկնվում է։ Երևի այս ենք եղել միշտ։ Համենայն դեպս դրա մասին են վկայում Գարեգին Նժդեհի մարգարեական խոսքերը՝ կարծես գրված այսօրվա համար․
«․․․ Մենք պառակտված ենք։ Նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին՝ իրական թե հավանական, վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում՝ ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավ լինելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա․ նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտության համար։
Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը, կարծեք, արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարվածի հոգեբանություն։ Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն։
Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն։ Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչո՞ւ է աշխարհն անտարբեր մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչու՞ ենք մենք սպեղանի սպասում, բայց նորանոր վերքեր ստանում։»։
Իրավիճակն իրոք ճակատագրական է։ Միայն անմիջական ու ամբողջական զարթոնքը կարող է բերել համախմբմանն ու վերածնմանը միտված կուրսի ընտրությանը և մեկնարկին։
Այդպիսի ընտրությունը, սակայն, պիտի լինի համաժողովրդական ու համազգային։
Բաց մի թողեք
Ամենակարճ ճանապարհով Ադրբեջանին և հետևապես թյուրքական աշխարհին կկապվենք․ թուրք նախարար
Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան
Իրավապահների ցուցադրական «նիկոլիզմի» պատճառով բոլոր երեխաները ահավոր վախեցել են. փաստաբան