13/10/2024

Իսրայելի ռազմական գործողությունները կապ ունե՞ն ռուս-թուրք-սիրիական բանակցությունների հետ

Սիրիայի նախագահի գլխավոր խորհրդական Շաաբանն անցյալ շաբաթ անսպասելի հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ Անկարան սիրիական տարածքներում է, որտեղ իրականացնում է թուրքականացման քաղաքականություն:

Թուրք-սիրական հաշտեցման նախաձեռնություն Մոսկվան ցուցաբերել է շուրջ չորս տարի առաջ: Այդ ընթացքում կողմերի դիվանագետները և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել: Ենթադրվում էր, որ կկազմակերպվի Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպում: Խորհրդարանի բացման նիստում Սիրիայի նախագահը նույնիսկ հայտարարել է, որ թուրքական զորքերի հեռացումը «նախապայման չէ»:

Այս ֆոնին նրա գլխավոր խորհրդականի հայտարարությունը հակառակն է վկայում: Խնդրին մոտ կանգնած թուրք վերլուծաբանների կարծիքով՝ թուրք-սիրիական հաշտությանը խոչընդոտում է Իրանը: Նրանց տեղեկություններով՝ Թեհրանի գործընկերն այդ հարցում Բաշար Ասադի կրտսեր եղբայր, չորրորդ բանակային կորպուսի հրամանատար Մահիր Ասադն է, որ գտնվում է Իրանի ազդեցության տակ:

Սիրիայում, ըստ միջազգային մամուլի որոշ հրապարակումների, աճում է Իրանի և շիա զինված ներկայության դեմ դժգոհությունը: Վերնախավի որոշ ներկայացուցիչներ համարում են, որ Սիրիան Իրանի պատճառով դարձել է Իսրայելի թիրախը:

Սիրիայի հյուսիսի հետ կապված ի՞նչ համատեղ ծրագիր ունեն Թուրքիան և Ռուսաստանը, կարելի է միայն ենթադրել. թուրքական օկուպացիոն ռեժիմը փորձում է լուծել այսպես կոչված «քրդական ինքնավարության» հարցը: Այդ ոչ ֆորմալ, բայց փաստացի գործող կառույցը վայելում է Միացյալ Նահանգների հովանավորությունը:

Արտառոցն այս իրավիճակում Իրանի դիրքորոշումն է, որ թուրք-սիրիական հաշտությունը «խոչընդոտելով»՝ փաստացի նպաստում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ ներկայության պահպանմանը: Այս իմաստով խիստ ուշագրավ է, որ եկող տարեսկզբից Իրաքում տեղաբնած ամերիկյան ուժերը կտեղաբաշխվեն Էրբիլում:

Թուրքիան Իրաքի կառավարության հետ «ահաբեկչության դեմ համատեղ պայքարի» համաձայնություն է ձեռք բերել: Նույն կերպ Անկարան պետք է Դամասկոսի հետ համաձայնեցներ Սիրիայի հյուսիսում ռազմական ներկայությունը:

Սիրիայի հյուսիսը ռուս-թուրքական ազդեցության գոտիների բաժանելու դիվանագիտական նախաձեռնությունը, երևում է, տեղապտույտի է մատնվել: Լիբանանի հարավում Իսրայելի ռազմական գործողությունները կապ ունե՞ն թուրք-սիրիական բանակցությունների հետ:

Արդյո՞ք դրանք ուղղվա՞ծ չեն տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացմանը: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին օրերս ասել է, որ Ռուսաստանը և Իրանը ոչ թե դաշնակիցներ, այլ ռազմավարական մրցակիցներ են: