13/10/2024

Վրաստանի ընտրություններն այլևս աշխարհաքաղաքական կարևորություն ունեն

«Վրաստանում խորհրդարանական ընտրություններն էքզիստենցիալ կարևորություն ունեն»,- հայտարարել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին: Կուսակցություններն արդեն ներկայացրել են նախընտրական ցուցակները:

Իշխող «Վրացական երազանքի» թիվ մեկ թեկնածուն կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին է, երկրորդը՝ գործող վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ընտրական քարոզարշավի մեկնարկը համընկավ Սուխումի անկման 31-րդ տարելիցին: Այդ առթիվ Հերոսների հուշահամալիր են այցելել ինչպես իշխանությունը, այնպես էլ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ:

Վարչապետ Կոբախիձեի բնորոշմամբ՝ Աբխազիայի կորստյան ցավը երբեք չի բթանում, բայց հանուն Վրաստանի՝ պետք է գտնվի փոխադարձ ներման միջոցով հաշտության ճանապարհը: Նա ամփոփել է՝ միայն այդ ձևով է հնարավոր հասնել երկրի ամբողջականության վերականգնմանը:

Վրաստանի ամբողջականության վերականգնման հեռանկարի մասին չափազանց ենթատեքստային դիտարկում է արել իշխող կուսակցության և երկրի փաստացի առաջնորդ Իվանիշվիլին: Նա ասել է, որ խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու դեպքում նոր կառավարությունը «կքննարկի պետության սահմանադրական կարգի այնպիսի մոդել, որ թույլ կտա հասնել պատմական հաշտության»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Մոսկվան և Թբիլիսին քննարկում են Վրաստանը «կոնֆեդերատիվ պետություն հռչակելու հնարավորությունը»: Ըստ մեկնաբանների՝ դա թույլ կտա, որ Թբիլիսին ֆորմալ իրավազորություն ունենա Աբխազիայի նկատմամբ, բայց Սուխումը կպահպանի ինքնուրույնությունը:

Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները, կարելի է ենթադրել Աբխազիայում իրավիճակի սրացումից: Աբխազիայի փաստացի առաջնորդ Ասլան Բժանիան հարկադրված է եղել ուղերձ հղել և հերքել Աբխազիան Վրաստանին վերադարձնելու կամ Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին լուրերը:

Իրավիճակի լրջությունը գոնե ընդհանուր գծերով բացահայտելու առիթ է հանդիսացել ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, թե հաշտության ձևը պետք է գտնեն կողմերը (Վրաստանը և Աբխազիան): Լավրովի ներկայացմամբ՝ Մոսկվան պատրաստ է աջակցել, որպեսզի չհարձակման մասին պայմանագիր ստորագրվի:

Վրաց-աբխազական, վրաց-հարավօսեթական կարգավորման գործընթացում այս հարցը մշտապես օրակարգային է եղել: Մոսկվան պահանջել է, որ Վրաստանը պայմանագրով պարտավորություն ստանձնի, որ տարածքային ամբողջականության վերականգնման պատրվակով երբեք չի դիմի ուժի:

Լավրովի հայտարարությանը արձագանքել է Թբիլիսի քաղաքապետ, իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Նա ողջունել է Ռուսաստանի պատրաստակամությունը և հավելել, որ խոսքերին պետք է հետևեն գործնական քայլեր:

Կալաձեն Ռուսաստանին առաջարկել է զորքերը դուրս բերել Աբխազիայից և Հարավային Օսեթիայից: Կալաձեի գնահատմամբ՝ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ կանի աբխազ և օս քույրերի և եղբայրների հետ հաշտվելու համար:

Աբխազիայի և Հարավային Օսեթիայի «խաղաղ վերամիավորման» թեմայով շուրջ մեկ տարի տևած փորձագիտական քննարկումներից, տեղեկատվական արտահոսքերից հետո սա առաջին դեպքն է, երբ Վրաստանի իշխող կուսակցությունը հստակ ձևակերպում է խաղաղ վերամիավորման իր ծրագիրը:

Որքանով հասկացվում է Կալաձեի ձևակերպումից, եթե Ռուսաստանը զորքերը հեռացնի Աբխազիայից և Հարավային Օսեթիայից, ապա Վրաստանը ուժի չկիրառելու պարտավորություն կստանձնի, ինչը թույլ կտա երկխոսություն սկսել, ձևավորել վստահության մթնոլորտ և այդ հիմքով գնալ Վրաստանի կազմում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ինտեգրման:

Ռուսաստանը մի քանի անգամ, այդ թվում՝ նախագահ Պուտինի մակարդակով, հայտարարել է, որ երբեք և ոչ մի պայմանով ետ չի կանչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը։ Իր հերթին Թբիլիսին ևս մեկ անգամ պնդում է, որ չի հրաժարվի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից:

Իրավիճակին հավելյալ բարդություն է հաղորդում այն, որ Վրաստանի ընտրություններն այլևս աշխարհաքաղաքական կարևորություն ունեն: Մոսկվա-Թբիլիսի հարաբերություններում ճշմարտության պահը հասունանում է: Լուծում կգտնվի՞: