Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ինչպես Ղարաբաղ են վերադառնում ադրբեջանցիների սերունդները, որոնք երբեք չեն ապրել այնտեղ, բայց միշտ ձգտել են, այդպես էլ մի օր «Արևմտյան Ադրբեջան» են վերադառնալու այդ ադրբեջանցիների սերունդները։
Ալիևի այս հայտարարություններում անթաքույց է եղել ակնարկը Հայաստանի տարածքի մասին, որը Բաքուն դիտարկում է հենց այդ համատեքստում, իսկ ավելի բաց տեքստով էլ արտահայտվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ միջոցով:
Այն, որ այդ ՀԿ-ն ստեղծված է ընդամենը պաշտոնական Բաքվին քողարկելու համար, հերթական անգամ ակնառու դարձավ այն բանից հետո, երբ Ալիևի այդ հայտարարությանը կարճ ժամանակ անց հաջորդեց այդ ՀԿ-ի հայտարարությունը, որ ամեն կերպ աջակցելու են իշխանության այդ ծրագրին: Այստեղ էականը, իհարկե, այդ ծրագրի հենց այն շեշտադրումն է, որ անում է Ալիևը՝ սերունդների այսպես կոչված վերադարձ:
Այն, որ «վերադարձ» ասվածն ինքնին հորինվածք է, ամրագրված է պատմական փաստով, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանցիների տեղահանման մասին որևէ փաստի բացակայությամբ: Նրանք ոչ թե տեղահանվել են Հայաստանից, ի տարբերություն Ադրբեջանից հայ փախստականների, որոնց պարզապես սպանում էին Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում, ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են հանգիստ, անվնաս՝ թե ֆիզիկական, թե գույքային իմաստով:
Հետևաբար, չի կարող լինել «վերադարձի» քաղաքական օրակարգ: Բայց Ադրբեջանի նախագահը ոչ միայն ձգտում է հարցն ամրագրել օրակարգում, այլ նույնիսկ ապահովել սերունդների հանգամանքը: Չէ՞ որ նա լավ գիտի՝ գործնականում անհնար է լինելու գտնել որևէ ադրբեջանցու, որը ապրել է Հայաստանում և հայտնելու է ավելի քան երեք տասնամյակ անց վերադառնալու ցանկություն: Հարցը բոլորովին այն չէ, որ նա վախենալու է: Կրկնեմ՝ այստեղ չի ընկել որևէ ադրբեջանցու մազ: Պարզապես հեռացողները տնավորվել են այլ տեղերում, ընդ որում՝ հիմնականում Ռուսաստանում կամ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում, այլ ոչ թե Ադրբեջանում:
Ուրեմն ի՞նչ է պետք անել: Պետք է ստեղծել այսպես կոչված վերադարձողների: Իսկ դրա համար պետք է ստեղծել սերունդ: Իսկ դա հեշտ է՝ փաստաթղթերով ստանալ մի քանի հազար հարազատ, որոնց այսպես ասած պապերը կամ ապուպապերը ապրել են Հայաստանում:
Իսկ այդ «սերունդների» անվան տակ Հայաստան ուղարկել պարզապես անձանց, որոնք կլինեն ոչ այլ ինչ, քան ադրբեջանական «դեսանտ»՝ «վերադարձի» անվան տակ: Հայաստան ադրբեջանցիների վերադարձի թեման բացարձակ արհեստածին օրակարգ է, որին որևէ օժանդակություն հավասարազոր է լինելու Հայաստանում ադրբեջանական «դեսանտի» իջեցմանն օժանդակելուն:
Բաց մի թողեք
Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան