Region Monitor. Նախօրեին Իրանը լայնածավալ օդային գործողություն է իրականացրել՝ 200 բալիստիկ հրթիռներ արձակելով Իսրայելի ուղղությամբ: Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին հայտարարել է, որ «իր գործողությամբ Իրանն Իսրայելի մի շարք հանցագործությունների վրեժն է լուծել»։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Region Monitor-ի հետ զրույցում, մեկնաբանելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները ասում է. «Իրանը միշտ առաջնորդվել է պատերազմից խուսափելու սկզբունքով, և այդ քաղաքականությունը հստակ դրսևորվել է նաև վերջին մեկ տարվա ընթացքում:
Իսրայելն, ընդհակառակը, ամեն անգամ ավելի է լարել իրադրությունը և հատել նոր կարմիր գծեր: Այդ պայմաններում Իրանն իր հեղինակությունը փրկելու համար ստիպված է եղել արձագանքել: Այդպես եղավ ընթացիկ տարվա ապրիլին, երբ Իսրայելը հարվածներ էր հասցրել Սիրիայում Իրանի դեսպանատանը, ինչին ի պատասխան Իրանն առաջին անգամ իր տարածքից հարվածներ հասցրեց Իսրայելին: Թեհրանն այդ ժամանակ ավելի շատ շեշտը դրել էր պատասխանի քարոզչական բաղադրիչի վրա՝ ցույց տալու, որ իր դեմ գործողություններն անպատասխան չեն մնում: Իրանի համար նոր մարտահրավեր էր Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը, ինչին ևս Իրանը ստիպված էր արձագանքել:
Չնայած Իսլամական հանրապետության հեղինակությանը հասցված վնասին՝ պատասխանն Իրանը ձգձգեց երկու ամիս, քանի որ Արևմուտքը Իրանի զսպվածության դիմաց Գազայում հրադադար էր խոստացել:
Արդյունքում ոչ միայն հրադադար չհաստատվեց, այլև Թել Ավիվը «Հեզբոլլահի» դեմ գործողություններ սկսեց: Այս պայմաններում Իրանի արձագանքի բացակայությունը լիովին կհեղինակազրկեր այդ երկրին՝ ազդակ հղելով հակառակորդներին, որ Իրանի շահերի դեմ ցանկացած գործողություն կարող են իրականացնել : Բայց մյուս կողմից, այս գործողության իրականացմանը զուգահեռ Թեհրանը շարունակում է զգուշավորություն դրսևորել:
Պատահական չէ, որ գործողությունից անմիջապես հետո Իրանից հայտարարում են, որ սահմանափակվում են դրանով: Իրավիճակն այժմ կախված է Իսրայելի գործողություններից, իսկ Թել Ավիվն էլ պարբերաբար միայն բարձրացրել է խաղադրույքները, և ի վերջո կարող է ձևավորվել մի իրավիճակ, երբ Իրանն այլևս զսպվածության հնարավորություն չունենա»:
Բաց մի թողեք
Քծնանքի մի ձև է, վարչապետի կին է` փորձում են ներկաները ինչ-որ ձևով հաճոյանալ, շատ ամոթալի է․ Բախշյան
Քաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար
Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին