04/11/2024

Անշարժ գույքեր, 4 մլն դրամ արժողությամբ զարդ. ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը 2024 թվականի ապրիլի 26-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա չորս անշարժ գույք ունի․ միանձնյա սեփականությամբ մեկ անհատական բնակելի տուն Հունաստանում, որը գնել է 2019 թվականին, Երևանում գտնվող՝ բազմաբնակարան բնակելի շենքում միանձնյա սեփականությամբ բնակարան, որը որպես նվիրատվություն է ստացել 2012 թվականին, ինչպես նաև՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում միանձնյա սեփականությամբ 2012 թվականին ձեռք բերած անհատական բնակելի տուն և հողամաս։

Տվյալ տարվա ընթացքում նա 61 մլն 699 հազար 800 դրամ արժեքով միանձնյա սեփականությամբ բազմաբնակարան բնակելի շենքում ձեռք է բերել բնակարան, որը գտնվում է Երևանում։

ԲԴԽ նախագահ շարժական գույք չի հայտարարագրել։

Վերջինս 43 հազար 500 դոլար արժեքով բանկային ավանդ ունի։

Որպես նվիրատվություն նա ստացել է 4 մլն դրամ արժողությամբ թանկարժեք զարդ։

Տարեսկզբին Անդրեասյանի դրամական միջոցները կազմել են 20 հազար 768 դոլար, 706 հազար 905 դրամ, 11 հազար 956 եվրո, 240 հազար եվրո, որոնք տարեվերջին դարձել են 10 հազար 93 դոլար, 616 հազար 400 դրամ, 10 հազար 48 եվրո, 140 հազար եվրո։

Նրա կանխիկ միջոցը կազմել է 4 մլն 500 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 2 մլն 500 հազար դրամ։

Անդրեասյանի տարեկան ընդհանուր եկամուտը կազմել է 22 մլն 660 հազար 263 դրամ, որն էլ եղել է նրա աշխատավարձը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից։

ԲԴԽ նախագահը 40 տոկոս բաժնեմաս ունի «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն ՍՊԸ-ից։