09/07/2025

Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը

Մոսկվայում տեղի են ունեցել Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումները: Հատկանշական է, որ դրանց այսպես ասած բացման խոսքերում որևէ անդրադարձ չի եղել հայ-ադրբեջանական թեմատիկային, ինչը, անշուշտ, հազիվ թե նշանակի, որ այդ թեմատիկան չի շոշափվել:

Հարկ է նկատել, որ հանդիպումները եղել են նախ այսպես ասած տետատետ, հետո պատվիրակությունների ձևաչափով: Այն, որ բացման կամ ողջույնի խոսքերում չի հնչել հայ-ադրբեջանական թեմատիկան, բոլորովին չի նշանակում, իհարկե, որ այն չի եղել հանդիպումների օրակարգում:

Ավելին, Պուտինի օգնական Ուշակովը հանդիպումների առաջ լրագրողների հետ շփումներում ազդարարել էր, որ հայ-ադրբեջանական կարգավորման թեման կլինի առանցքայիններից: Ուշակովը նաև հայտարարել էր, որ «դեռ չկա եռակողմ հանդիպման պայմանավորվածություն»: Ըստ նրա՝ գաղափար եղել է, սակայն չի համաձայնեցվել: Դա նշանակում է, որ եթե Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներում քննարկել է հակամարտության հարցը, ապա դիրքորոշումները Երևանի և Բաքվի միջև այնպիսին են, որ դրանք թույլ չեն տալիս բարձր մակարդակի համատեղ աշխատանք:

Այստեղ էական է այն, թե արդյո՞ք Մոսկվան կփորձի այդպիսի հնարավորության հասնել մինչև ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, որը կայանալու է Կազանում և որին Պուտինը հրավիրել է թե՛ Փաշինյանին, թե՛ Ալիևին: Թեև, ժամանակ այդ առումով քիչ է, քանի որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովը Կազանում կայանալու է հոկտեմբերի 22-24-ին: Դժվար է հավատալ, որ հնարավոր է գալիք երկու շաբաթների ընթացքում աշխատել այնքան ու այնպես, որ այդ օրերին հնարավոր լինի Կազանում անցկացնել եռակողմ հանդիպում:

Ընդ որում՝ Պուտինը հրավեր հղելով Նիկոլ Փաշինյանին, շեշտել է, որ այդ օրերին դարձյալ կունենան երկկողմ հանդիպում՝ Փաշինյան-Պուտին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի համար գագաթնաժողովը լավ հնարավորություն կլինի շփվել այլ երկրների նախագահների հետ, քանի որ գագաթնաժոովին մասնակցելու է մի քանի տասնյակ երկրների ղեկավարների լայն շրջանակ:

Ընդգծելու այդ հանգամանքը նշանակում է արդյոք, որ Պուտինն ակնարկել է նաև Ալիևի հետ հանդիպման հնարավորության մասին, թե՞ Պուտինը կարող էր նկատի ունենալ նաև Էրդողանին:

Մոսկվան կարո՞ղ է «խանդով» վերաբերել Նյու Յորքում հանդիպմանը և դնել նաև այսպես ասած իր հարկի տակ Փաշինյան-Էրդողան հանդիպման նպատակ, այդ կերպ ցույց տալու համար, որ ունի ազդեցություն նաև այդ պրոցեսում:

Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներից առաջ, նախօրեին, ՌԴ նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ: Այդուհանդերձ, տրամաբանությունը թերևս հուշում է, որ Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական հարցում թերևս ոչ թե իր ազդեցությամբ կարգավորման կամ որևէ համաձայնության հասնելն է նպատակը, այլ իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալը: