04/11/2024

Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է սկսվել. նա հրավիրվել է դատախազություն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։

Տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական հայտարարությունների «Ազդարար» հարթակում։

Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում այլ օրը և ժամը համաձայնեցնել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն աշխատանքից ազատվել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին 2022-ի հունվարին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:

Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա: