04/11/2024

Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է օրենքի բռնաբարմանն ու Միքայել սրբազանի աղմկահարույց հայտարարություններին

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր Ռոբերտ Քոչարյանը:

Մինչ նիստի մեկնարկը լրագրողները Քոչարյանին հարց են ուղղել, թե վերջինս մտավախություն չունի՞, որ իրեն կարող են կրկին կալանավորել։ «Կապրենք, կտեսնենք»,- պատասխանել է նա:

Վերջինս դժգոհել է՝ չի հասկանում, թե ինչու է դատարանից ծանուցում ստացել որպես մեղադրյալ: Ըստ նրա՝ կա ինչ-որ սխալի շտկման կարիք, որը պետք է նիստերի քարտուղարն անի․ «Ես այստեղ եմ, համոզված եմ, որ դուք էլ եք գիտակցում, թե այստեղ խնդիր կա, և խնդրում եմ շտկվի այն սխալը, որը արել եք»։

Նիստը վարող դատավորը նկատել է․ «Դատարանը չի պատրաստվում պարտավորեցնել քարտուղարին շտկել դա, մի քանի րոպե անց դատարանը հանգամանալից պարզաբանում կտա»։

Քոչարյանն էլ ասել է․ «Եթե չշտկեք, ես լքում եմ ոչ թե դահլիճն, այլ այս տեղը»։ Դահլիճը լքելու փոխարեն վերջինս պարզապես փոխել է նստելու տեղը: Քոչարյանը նաև դժգոհել է, թե իր հանդեպ քրեական հետապնդումը սկսվել է լուրջ խախտումներով: «Բռնաբարվում է օրենքը»,- նեղսրտել է նա:

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի արած հայտարարությանը, ըստ որի՝ Բագրատ սրբազանի անհաջողության հիմնական պատճառը նախկին նախագահների (Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան) ստվերն է և ուրվականը:

Քոչարյանը կարծում է, որ իսկական առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։

«Իսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել։ Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը՝ փոքր։ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի, տարօրինակ է ինձ համար, թե ինչո՞ւ են մարդիկ նման որակում տալիս»,- ասաց նա։

Արդյոք հավակնություն ունի Հայաստանի ղեկավարի պաշտոնին․ «Հասկանալի չէ, եթե խոսքը գնում է քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու մեջ, ապա 2008 թվականի ապրիլի 9-ից հետո քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018 թվականից քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձնով։ Պաշտոնը այն քաղցրությունը չունի, որին չտես մարդիկ կարող են կպնել»,- ասաց նա։

Քոչարյանը կարծում է, որ երկիրը վտանգների տակ է, որը իրեն ստիպել է վերադառնալ քաղաքականություն․ «Մինչև այդ սպառնաիլիքները չվերադառանան իմ և իմ թիմի իրավունքն է վերադառնալ քաղաքականությանը»։

Հարցին՝ արդյոք աջակցե՞լ է Գալստանյանի շարժմանը ֆինանսապես կամ այլ ռեսուրսներով, Քոչարյանը պատասխանեց․ «Ո՛չ, մեր աջակցությունը եղել է Հայաստան դաշինքի հայտարարությունը, դրանից հետո որևէ հայտարարություն չի եղել։ Ինքը նաև նման աջակցության չի դիմել, որ լրատվամիջոցները չհամարեն, թե Բագրատ սրբազանի շարժումը նախագահների պրոյեկտն է»։

Հիշեցնենք՝ հիշյալ հարցազրույցի ժամանակ Աջապահյանը մասնավորապես ասել էր. «Ես կարծում եմ, այո, պետք է ինչ-որ բան փոխել, բայց պետք է Բագրատ սրբազանը դրան անդրադառնա: Ես ակնարկել եմ այս բոլոր ամիսներին, թե ինչն է պատճառը իր որոշակի անհաջողության: Հիմա թերևս ավելի բացահայտ կարող եմ ասել: Հիմնական պատճառը նախկին նախագահների ստվերն է և ուրվականը: Այդ ուրվականներից չի կարող ազատվել Բագրատ սրբազանը, այդ ուրվականների հեղինակներն իրենք պետք է հայտարարեն իրենց հեռացման մասին և իրապես հեռանան: Հայրենիքի փրկությունը դա պահանջում է, ու եթե իրենք դա չեն անում, ուրեմն հայրենիքի փրկության մասին չեն մտածում, իրենք մտածում են իշխանության վերադառնալու կամ, այսպես ասած, ընդդիմության իշխանությունը պահպանելու համար»: