06/11/2024

Սամվել Բաբայանի դեմ պայքարում նա վերածվում է Իլհամ Ալիևի քաղաքական նարատիվի քարոզչի

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանը, անդրադառնալով անցյալ տարվա սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակին, ասել է, որ մարդիկ՝ առանց կոշիկի, առանց հագուստի, շտապել էին Ստեփանակերտ, որպեսզի հեռանան Արցախից, քանի որ ոչ ոք չէր պատրաստվում վերցնել Ադրբեջանի անձնագիր:

Հարցազրույցը կազմակերպվել է այլ՝ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, նրա առաջնորդած «Միասնական հայրենիք» կուսակցությանը վարկաբեկելու, Արցախի պետականության կորստի և բնակչության բռնագաղթի պատասխանատվությունը նրա վրա բարդելու մոտիվացիայով, բայց ստացվել է ինչպես միշտ. պատգամավորը բառ առ բառ կրկնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Ղարաբաղի հայերը չեն ցանկացել ապրել Ադրբեջանի իշխանության ներքո և կամավոր հեռացել են»:

Արցախի Ազգային ժողովի, պայմանականորեն ասենք՝ «դիմադրության ճակատի», մաս կազմած խմբակցություններն այսօր Հայաստանի իշխանությունների առջև պահանջ են դնում, որ Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգ բերվի նաև Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի հարցը:

Տպավորություն է, թե ամենևին էլ պատահական չէ, որ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Դանիելյանի հարցազրույցը տարածվել է նույն օրը, երբ Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մեկ ժամ տևած հանդիպում է անցկացվել, որի արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել հարաբերությունների կարգավորման և խաղաղության մասին համաձայնագրի շուրջ աշխատանքները՝ նպատակ ունենալով ամենամոտ ժամանակներս այն հասցնելու ստորագրման:

Այդ պայմանագիրը, եթե անգամ առաջիկայում ստորագրվի, բոլոր խնդիրները չի կարգավորելու: Շատ հնարավոր է, որ ավելի հանգիստ պայմաններում Հայաստանն իրոք Ադրբեջանի հետ քննարկումներում բարձրացնի նաև ԼՂ հայ բնակչության իրավունքների հարցը: Ի՞նչ է պատասխանելու Բաքուն: Մեջբերելու է Արցախի ԱԺ պատգամավոր Աշոտ Դանիելյանի հարցազրույցի վերաբերյալ հատվածը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում նարատիվը, որ ԼՂ հայ բնակչությունը բոկոտն և մերկանդամ վիճակում լքել է տունուտեղ, հասել Ստեփանակերտ, որպեսզի ժամ առաջ հեռանա: Պատերազմական գործողությունները դադարել են 2023թ. սեպտեմբերի 20-ին, արտագաղթը սկսվել՝ 25-ին: Այդ չորս-հինգ օրերին Արցախի իշխանությունը Բաքվի հետ բնակչության մնալ-չմնալու հարց քննարկե՞լ է՝ ոչ ոք չգիտի, ոչինչ չի ասվում:

Եվ այս հարցում Բաքվի և Ստեփանակերտի լռությունն էլ, կարծես, համաձայնեցված է: Այլապես անցյալ տարվա հոկտեմբերին Արցախի կուսակցությունները, ՀԿ-ները, ընդհանուր առմամբ շուրջ երկու հարյուր իրավաբանական և ֆիզիկական անձ պաշտոնական հայտարարություն չէին տարածի, որ հայրենիքից դուրս ազատ ապրելը գերադասել են հայրենիքում ստրկությունից և հեռացել Արցախից:

Նույնը կրկնվում է այսօր, դա հստակ դրսևորվող դիրքորոշում է: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի ինչ-որ «հանձնախմբի» կամ «իրավաբանական խմբի» ստեղծումը, եվրոպական երկրներում ոմանց շրջագայությունը, Հայաստանի իշխանությունների հասցեին մեղադրանքը, եթե Ստեփանակերտն անցյալ տարվա իրադարձությունները գնահատում է այնպես, որ Ադրբեջանի կողմից առաջարկվել է խաղաղ, անվտանգ, քաղաքացիական իրավունքներով երաշխավորված ինտեգրացիա, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի կողմից մերժվել է:

Միջազգային պրակտիկայի առումով այդ թեզը լիովին արդարացնում է Ադրբեջանին, փակում ԼՂ հայ բնակչության հավաքական վերադարձի իրավունքի հարցը: Ստեփանակերտի քվազիքաղաքական «էլիտան» շարունակում է ներքին խնդիրները ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվությունից առաջնահերթ տեսնել. Սամվել Բաբայանի դեմ պայքարի մեջ նա, կամա, թե ակամա, վերածվում է Իլհամ Ալիևի քաղաքական նարատիվի քարոզչի: