Բաքվի իրենց բնակարանում սպանվել են ամուսիններ Իոսիֆ և Լյուդմիլա Տկաչը: Իոսիֆ Տկաչը՝ 85 տարեկան էր, Լյուդմիլան՝ 84: Ամուսինը երկար տարիներ խաղացել է Բաքվի ռուսական դրամատիկական թատրոնում, նկարահանվել մի քանի ֆիլմերում:
Լյուդմիլա Տկաչը մանկավարժ էր, 2015 թվականին Իլհամ Ալիևի հրամանագրով արժանացել է Ադրբեջանի վաստակավոր ուսուցչի կոչման:
Նույն օրն Ադրբեջանի ՆԳ նախարարությունը և դատախազությունը հայտարարություն են տարածել, որ կա ձերբակալված անձ՝ 1973թ. ծնված Իսլամ Խադիև, որ կասկածվում է երկու անձի միտումնավոր սպանության մեջ, ընթանում է նախաքննություն:
Թվում է՝ իրավական առումով արտառոց ոչինչ չկա. տեղի է ունեցել հանցագործություն, կասկածյալը ձերբակալված է, նախաքննություն է սկսվել: Բայց հոկտեմբերի 28-ին ՌԴ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ կառույցի նախագահ Բաստրիկինը հանձնարարել է ադրբեջանցի գործընկերների հետ համագործակցություն հաստատել և այդ քրեական գործի քննությանը հնարավոր օգնություն առաջարկել։
Պաշտոնական ձևակերպումը բավական խրթին է, բայց իմաստը, ամենայն հավանականությամբ, այն է, որ ՌԴ Քննչական կոմիտեն ռուս ամուսինների սպանության գործով քննությանը ներգրավելու առաջարկություն է արել կամ նույնիսկ պահանջ առաջադրել, մի հանգամանք, որ, կարծես, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակին և երկու երկրների հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների սերտ համագործակցությանը հարիր չէ:
Տկաչ ամուսինների սպանության գործով ՌԴ Քննչական կոմիտեի հետաքրքրվածությունը կարող է երկու բացատրություն ունենալ. կամ Մոսկվայում տեղեկացված են, որ սպանությունը կատարվել է ոչ թե «անձնական շահադիտական մղումներով», ինչպես հայտարարել է Ադրբեջանի ՆԳ նախարարությունը, այլ էթնիկ-ռասայական անհանդուրժողականության հողի վրա, կամ նրանք հանդիսացել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:
Ադրբեջանի պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրությունը չի ասում, թե շահադիտական ի՞նչ նպատակ է հետապնդել կալանավորված կասկածյալ Իսլամ Խադիևը: Եթե գործի էությունը սահմանափակվեր ավազակային հարձակմամբ և կողոպուտով, ապա ՌԴ Քննչական կոմիտեն հազիվ թե ադրբեջանցի գործընկերներին «օգնելու առաջարկ» աներ:
Ըստ երևույթին՝ Մոսկվայում հիմնավոր կասկածներ ունեն, որ Տկաչ ամուսիններն սպանվել են էթնիկ անհանդուրժողականության հողի վրա: Խորհրդային շրջանում Բաքվում ավելի քան 300 հազար ռուս է բնակվել, որ 1989-90 թվականների ենթարկվել են բռնությունների և մեծամասամբ արտագաղթել: Ներկայումս Ադրբեջանի ամբողջ տարածքում ռուս և ռուսախոս բնակչության թիվը 50-60 հազար է:
Մնացել են բացառապես տարեց մարդիկ, որ կամ հեռանալու հնարավորություն չեն ունեցել, կամ ապրում են որպես սեփականության իրավունքի պահապաններ: Բաքվի հայ, ռուս և հրեա բնակչությունը հիմնականում ապրել է «սպիտակ քաղաքում»՝ կենտրոնում, որ ներկայումս Ադրբեջանի մայրաքաղաքի ամենաէլիտար մասն է:
Հնարավոր է՝ Տկաչ ամուսիններն սպանվել են, որպեսզի ինչ-որ մեկը տիրանա նրանց բնակարանին: Բայց կատարվածը կարող է ընկալվել որպես նախազգուշացում զառամյալ տարիքի բոլոր ռուսներին, որ պետք է հեռանան, անկախ Ադրբեջանի մայրաքաղաքը մաքրեն իրենց անցանկալի ներկայությունից:
Ադրբեջանցի գործընկերներին «օգնելու» ՌԴ Քննչական կոմիտեի հայտն, ամենայն հավանականությամբ, երկրի քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված է:
Մոսկվան ձգտում է ի՞նչ պարզել կամ հրապարակայնացնել: Ադրբեջանի հետ հարաբերությունները բնութագրելիս Վլադիմիր Պուտինը մշտապես շեշտել է այնտեղ ռուսների, ռուսական մշակույթի, ռուսաց լեզվի հանդեպ հարգանքի գործոնը: Տկաչ ամուսինների սպանությունը հակառակ պատկեր է բացահայտում:
Հանցագործության իրական շարժառիթները պարզելու հարցում Մոսկվան հետևողական կլինի՞:
Բաց մի թողեք
Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրություններից
Գլխավոր դատախազի սխալի հետքերով․ բացատրություն
COP17-ը կանցկացվի Հայաստանում. Լուսանկար