06/11/2024

Քննիչը գտել է, որ հիմքեր չկան. Խաչատրյանը՝ Քյարամյանի խոսքի հիման վրա վարույթ չնախաձեռնելու մասին

«Քննիչն է որոշում քննչական գործողությունների հերթականությունը, տակտիկան, այնպես որ ես քննիչի փոխարեն չխոսեմ, դուք տեղյակ կլինեք ամեն ինչից»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հրավիրվե՞լ է հակակոռուպցիոն կոմիտե՝ ցուցմունք տալու:

Խաչատրյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի սկզբունքայնություն և կամք ոչ միայն այս, այլ բոլոր գործերով եթե քննությամբ ձեռք բերվեն բավարար ապացույցներ, քննիչի կողմից միջնորդություն կներկայացվի դատախազին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին:

«Սա է քրեական դատավարության ընթացակարգը, այս գործը մյուս գործերից չի տարբերվում: Մեր կառույցում որևէ մեկի նկատմամբ ընտրողական մոտեցում չի ցուցաբերվում»,- վստահեցրեց նա և հավաստիացրեց, որ իրեն որևէ մեկը երբեք չի զանգել, նման միջնորդություններ չեն եղել իշխանական որևէ մարմնից, և միգուցե դա իր անձի հետ է կապված:

Հարցին, թե եթե այդքան սկզբունքային է, լսումներից 15 օր անց ինչո՞ւ չի հարուցել վարույթ այն դեպքում, երբ անձամբ է ներկա եղել լսումներին, Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է լինի առիթ քրեական վարույթ հարուցելու համար: Այսինքն՝ պետք է լինի համապատասխան հաղորդում: Այս դեպքում մենք հաղորդում չէինք ստացել, և մեր սեփական նախաձենռությամբ էլ վարույթ չենք նախաձեռնել, որովհետև չենք գտել դրա առիթը: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան: Նորմալ եմ համարում, որ քննիչն ինքնուրույն որոշում է կայացրել»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ինչպես մանրամասնել էին Գլխավոր դատախազությունից, Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ):

Հիեցնենք, որ օրերս Ազգային ժողովում լսումների ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու գործով երկու հոգի միջնորդել են իրեն:

***

Խորհրդարանի դահլիճում ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, հետևաբար, այդ հանգամանքներին կրկին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ անդրադառնալով շաբաթներ առաջ իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած դեպքին։

Նա ափսոսանք հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ։

Վերջինիս խոսքով՝ պատրաստ է ներողություն խնդրել հանրությունից, եթե իր ցանկացած գործողության մեջ հանրությունը խնդիր տեսնի։

«Դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- նկատեց նա։

Հարցին, թե այդ թեմայով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խոսակցություն ունեցե՞լ է, ՔԿ նախագահը պատասխանեց. «Ո՛չ»։

***

Արգիշտի Քյարամյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կողմից իրեն վերագրվող մեղադրանքներին:

«Այս հարցը բավական երկար ժամանակ քննարկվում է, և միայն այդ անձը չէ: Քննչական կոմիտեում նույն վարույթով, եթե չեմ սխալվում, ևս մի քանի անձ է նմանատիպ հաղորդումներ տվել: Դրա վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվել է քրեական վարույթ, որը կարճվել է:

Իրավական գնահատականներ են տվել նաև իմ արարքին, այդ թվում նաև՝ այդ վարույթով անցնող ՔԿ-ի այլ ծառայողների արարքներին: Ես անձամբ վարույթի նյութերին չեմ ծանոթացել: Անկեղծ՝ ինձ շատ չի հետաքրքրել: Ես նույնիսկ հարցաքննության չեմ մասնակցել, հրաժարվել եմ ցուցմունք տալուց, որովհետև Քննչական կոմիտեի նախագահի լայն գործառույթների շրջանակում ցանկացած վարույթով կարող է զրպարտություն հնչել»,- պարզաբանեց նա:

Հարցին՝ արդյոք անձամբ շփում ունեցե՞լ է Առաքելյանի հետ, ՔԿ նախագահը տվեց բացասական պատասխան:

«Այդ վարույթով քրեական հետապնդումները չիրականացնելու մասին որոշումներ են կայացված, և գործով վարույթները կարճված են»,- ասաց Քյարամյանը:

Դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ էր ստացվել Տիգրան Առաքելյանից։ Վերջինս նշել էր, որ Քննչական կոմիտեում իր նկատմամբ բռնություն է կիրառվել, մասնավորապես Առաքելյանը հայտարարել էր, թե Արգիշտի Քյարամյանն իր աշխատասենյակում բռնություն է գործադրել իր նկատմամբ: