07/12/2024

Իրանը պատասխան հարվածը «կախում» է Իսրայելի գլխին` ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ

«Իրանը կայացրել է հոկտեմբերի 26-ի համար Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին որոշում»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Էսմայիլ Կոսարին:

Նա հայտարարել է, որ տարբեր պաշտոնյաներ կարող են խոսել, որ Իրանը չի պատասխանի, սակայն նրանք չեն որոշում կայացնողը: Իրանցի խորհրդարանականը հայտարարել է, որ պատասխան հարվածի որոշումը կայացված է:

Նախօրեին Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդին առընթեր արտաքին քաղաքականության ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին հայտարարել էր, որ Իրանն ունի միջուկային ռումբ ստեղծելու տեխնիկական հնարավորություն: Մեծ հավանականությամբ, սակայն, Իրանը ունի ոչ միայն տեխնիկական հնարավորություն, այլ, ըստ էության, հենց արդեն ունի միջուկային ռումբ:

Որքան էլ հնչի տարօրինակ, բայց այդ հանգամանքն այս փուլում թերևս կարող է ունենալ առավել զսպող նշանակություն, քանի որ հակառակ պարագայում բացառված չէ, որ ամեն գնով մերձավորարևելյան մեծ կոնֆլիկտ հրահրել փորձող և Իրանի ու Միացյալ Նահանգների ներքաշման ձգտող Բենիամին Նաթանյահուն, թերևս, անմիջական հարված էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին:

Ըստ երևույթին՝ հենց Իրանի միջուկային կարողության մասին տվյալներով է, որ Վաշինգտոնն արգելակեց Նաթանյահուի այդպիսի քայլը, թեև վերջինս քննարկում էր դա որպես տարբերակ: Հատկանշական է, որ Իսրայելին հարվածելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ հայտարարությունը Թեհրանից հնչում է ԱՄՆ նախագահի ընտրության քվեարկության շեմին: Քվեարկությունը նոյեմբերի 5-ին է, և այնտեղ շարունակում է պահպանվել երկու թեկնածուների, ըստ էության, հավասար ընթացը: Մեծ հավանականությամբ՝ քվեարկությունից առաջ իր հայտարարությամբ Իրանը փորձում է լուծել մի քանի խնդիր:

Նախ՝ դա մեծ հաշվով Վաշինգտոնի հետ հերթական քաղաքական սակարկության քայլ է, որովհետև հատկապես քվեարկությանն ընդառաջ, դեմոկրատական վարչակազմը, իհարկե, բավականին կլարվի Իրանի հնարավոր գործողության առնչությամբ և կփորձի կապվել՝ ուղղակի, թե անուղղակի, որպեսզի նոյեմբերի 5-ից առաջ չլինեն զարգացումներ, որոնք խնդիրներ կարող են ստեղծել ոչ միայն քվեարկության, այլ նույնիսկ հետընտրական իրավիճակի համար:

Մյուս կողմից, Իրանը պատասխան հարվածը «կախում» է Իսրայելի գլխին, ինչը կարող է դեմոկրատական վարչակազմի և թեկնածուի համար լինել օգտակար, քանի որ ինչքան էլ Թել Ավիվը փորձում է հրահրել մեծ պատերազմ և ներքաշել Իրանին ու ԱՄՆ-ին, այդուհանդերձ, այն ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ անմիջականորեն գտնվելու է ընտրական գործընթացի կիզակետում, Թել Ավիվն իր գլխին կախված իրանական հարվածի պայմաններում թերևս առավել աչալուրջ կլինի ԱՄՆ հանդեպ իր վարքագծի առումով: