09/12/2024

Վեճ ու սպանություն Շիրակի մարզում. մասնակիցները համագյուղացիներ են, կա ձերբակալված

Նոյեմբերի 2-ին՝ ժամը 19:20-ին, ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ.-ն:

Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ»:

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: