09/12/2024

Ինչու Մոսկվան՝ ի տարբերություն արևմտյան միջնորդների, Երևանին ու Բաքվին չի մղում խաղաղության պայմանագրի

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանից ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկները՝ 11-րդ խմբագրությամբ: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն, մասնավորապես այն մասին, թե այդ առաջարկները որքանով են մոտեցրել կողմերի դիրքորոշումներն այն կետերի վերաբերյալ, որոնք համաձայնեցված չեն:

Միևնույն ժամանակ հարց է նաև, թե Ադրբեջանից պատասխանները որքանով են արտացոլում այն նամակի բովանդակությունը կամ ամերիկյան առաջարկների էությունը, որոնց մասին հոկտեմբերի վերջին ասվում էր Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հղած նամակներում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին նույն օրը, երբ Երևանը ստացել է Բաքվից առաջարկները, խոսել է նաև ՌԴ արտգործնախարար Լավրովը՝ ասելով, թե Մոսկվան ի տարբերություն արևմտյան միջնորդների, Երևանին ու Բաքվին չի մղում խաղաղության պայմանագրի հապճեպ ստորագրման՝ հաշվի առնելով այն ծանրությունը, որ առկա է երկարատև հակամարտության, բազմաթիվ զոհերի հետևանքով:

Սա նշանակո՞ւմ է, որ Մոսկվան հավանության չի արժանացնում ամերիկյան առաջարկները, որոնք, անկասկած, արվել են թերևս նաև այն հաշվարկով, որ Փաշինյանն ու Ալիևը, ստանալով դրանք ԲՐԻԿՍ գագաթնաժողովի համար Ռուսաստան մեկնելուց անմիջապես առաջ, անշուշտ կքննարկեն դրանք նաև այնտեղ:

ԲՐԻԿՍ-ում Փաշինյանի և Ալիևի շփումները ողջունել է ՌԴ նախագահ Պուտինը, որը ընդունելով մի շարք դեսպանների հավատարմագրեր, այդ թվում՝ Հայաստանի նորանշանակ դեսպանի, հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է Կովկասի կայունության ու խաղաղությանը՝ 2020-22 թվականներին եռակողմ բարձր մակարդակով ձեռք բերված հայտարարությունների համաձայն:

Ռուսաստանի այդ հիշեցումները, ըստ էության, այն մասին են, որ Ռուսաստանը չի ընդունի Կովկասի խաղաղության որևէ ծրագիր, որը հաշվի չի առնում Ռուսաստանի դերն ու շահերը: Այդ պատճառով է նաև, որ Լավրովը հայտարարում է կողմերին հապճեպ խաղաղության պայմանագրի չմղելու մասին:

Այստեղ պատկերը, ըստ էության, հետևյալն է: Ռուսաստանի համար նոր իրողությունների պայմաններում, ընդ որում՝ ոչ միայն կովկասյան նոր իրողությունների, այլ նաև հարակից ավելի լայն ռեգիոնալ նոր դասավորությունների և գործոնների պայմաններում ժամանակ է պետք շահերի «վերադասավորման» համար: Առանց դրա խաղաղության պայմանագրի ստորագրումը Ռուսաստանի համար էլ ավելի է բարդացնելու այդ խնդիրը:

Հենց դրան էլ ձգտում է Արևմուտքը, որն այդ շահն է հետապնդում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն արագացնելու միջոցով՝ այդ կերպ ակնկալելով Ռուսաստանին Կովկասից թելադրել նոր պայմաններ: