06/12/2024

Քաղաքացիների անդորրը գերձայնային ազդանշաններով խախտող «Mustang»-ը հայտնաբերվեց. Լուսանկար

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որոնց մեջ է մտնում նաև այն, որ ավտոմեքենաների վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ ու դրանով հանդերձ մարդկանց անդորրը չխախտեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mustang» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ու ընթացքում ավտոմեքենայից գերձայնային ձայներ է արձակում։

Օրեր առաջ 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ նշված ավտոմեքենան Կենտրոն վարչական շրջանում է ու կասկածելի ձայներ հնչեցնելով երթևեկում է։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Ձենով Օհանից Ցռան Վերգո մեկ քայլ է» օպերացիան։

Կարճ ժամանակում 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Գարեգին Մադաթյանն ու Արմեն Դարբինյանը հայտնաբերում են «Mustang»-ը և այն տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ձայներ արձակած վարորդը. տեսնելով պարեկներին, ընկնում է Սասնա էպոսի հերոսներից Ցռան Վերգոյի օրը և հաշտվում այն մտքի հետ, որ ավտոմեքենան պարեկները չեն կարող չտեղափոխել «պլաշչադկա»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում բնակվողներից մեկի անունով, սակայն այն վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Նարեկը։

Քաղաքացիների անդորրը գերձայնային ազդանշաններով խախտող «Mustang»-ը հայտնաբերվեց