Այս տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Հորդանանից ամերիկյան «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությանը ուղարկվելու է հորդանանահայ ռեժիսոր Սարին Հայրապետյանի ֆիլմը։
Կինոհանձնաժողովը ընտրել էր Արցախի և արցախցիների մասին պատմող «Տունս քաղցր ա» (My Sweet Land) վավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար: Սարին Հայրապետյանը նկարահանումները Արցախում սկսել է 2018թ.-ից։ Ֆիլմը պատմում է 11-ամյա մարտակերտցի Վրեժի մասին, որի միջոցով ներկայացվում է Արցախը՝ 44-օրյա պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետո, մինչև Ադրբեջանի կողմից հայաթափումը։
«Տունս քաղցր ա» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա սկզբին Sheffield DocFest-ում, ցուցադրվել է նաև Ամմանի միջազգային կինոփառատոնում, արժանացել ժյուրիի մրցանակին որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ, ինչպես նաև FIPRESCI՝ կինոքննադատներին և կինոգետներին միավորող միջազգային ֆեդերացիայի մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ:
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, հայտնի դարձավ, որ Հորդանանը հետ է կանչել «Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում իր երկրի կողմից ներկայացված «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը։
Այս մասին հայտնում է հոլիվուդյան Deadline պարբերականը։ Նյութում նշվում է, որ ֆիլմը հետ է կանչվել Ադրբեջանի ճնշման տակ. Ադրբեջանի կառավարությունը գրել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ վերանայելու ֆիլմի ընտրությունը։ Նախարարությունն էլ իր հերթին ճնշում է գործադրել կինոհանձնաժողովի վրա, որն էլ հետ է կանչել ֆիլմը։ Այս անվանակարգում Հորդանանը չի ունենա ներկայացված ֆիլմ:
Բաց մի թողեք
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը. Լուսանկար
Վերջին 5 տարում քանի ուղիղ չվերթ է իրականցվել Երևանից Բաքու