Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո կայացել է այսպես կոչված՝ Ժնևի միջազգային խորհրդատվությունների հերթական՝ 62-րդ փուլը: Այդ հարթակը ձևավորվել է ռուս-վրացական զինադադարից հետո և կոչված է խաղաղ-բանակցային կարգավորում գտնելու Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խնդրին:
Անցած տասնվեց տարիներին սկզբունքային որևէ առաջընթաց, իհարկե, չի արձանագրվել, բայց ոչ ոք միջազգայնորեն չի լուծարել այն, թեև Ռուսաստանը վերջերս Շվեյցարիային մեղադրել է չեզոքությունը կորցնելու մեջ և, որքանով հասկացվում է աբխազական աղբյուրներից, փորձում է Սուխումի և Ցխինվալի միջոցով քննարկումները Մինսկ տեղափոխելու այլընտրանք առաջարկել:
Էական է, որ Ժնևի խորհրդատվությունների հերթական փուլից հետո ՌԴ արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ բաց տեքստով դժգոհություն է հայտնվում, որ Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված է երկրի եվրոպական ընտրությունը:
«Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որին ընդդիմության մյուս ուժերը կասկածում էին Բիձինա Իվանիշվիլիի հետ կոալիցիա կազմելու մտադրության մեջ, հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության ոչ միայն կոշտ քննադատությամբ, այլև իրավիճակի խորքային վերլուծությամբ:
Ըստ այդմ՝ Ռուսաստանը խորապես հիասթափված է, որ «Վրացական երազանքը» քվեարկության արդյունքներով խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն չի ստանում: Իսկ դա նշանակում է, որ Իվանիշվիլիի նախընտրական խոստումներն օրինական-սահմանադրական ճանապարհով իրականացնելու հնարավորություն չկա:
Այսինքն՝ իշխող ուժը չի կարող խորհրդարանի երկու երրորդի ձանյներով սահմանադրական փոփոխություն կատարել և Վրաստանի եվրոպական ընտրությունը չեղյալ ճանաչել: Իվանիշվիլին չի կարող նաև հակաօրինական ճանաչել արևմտամետ ընդդիմությունը, սահմանափակել ՀԿ-ների գործունեությունը:
Իսկ եթե այդ փոոխությունները չեն կատարվում, Վրաստանը սահմանադրությամբ և քաղաքական համակարգով մնում է արևմտյան քաղաքակրթության երկիր, ապա Ռուսաստանի համար դադարում է լինել հեռանկարային գործընկեր, առավել ևս՝ դաշնակից պետություն, որ կարող է «եվրասիական ընդհանուր տան» մաս կազմել:
«Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցության առանցքային դեմքերից Թեոնա Ակուբարդիան «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիից պահանջել է հանդես գալ և վրաց ժողովրդին ասել ամբողջ ճշմարտությունը, խոստովանել, որ Ռուսաստանի հետ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի խաղաղ վերամիավորման շուրջ քննարկումների մասին նախընտրական բոլոր խոսակցությունները «բացահայտ կեղծիք են»:
Ակուբարդիան խորհուրդ է տվել լրջորեն վերլուծել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը և համոզվել, որ Ռուսաստանը ոչ թե Վրաստանի ինքնիշխանությունը հարգելու կամ ամրապնդելու, այլ Վրաստանից ամեն ինչ խլելու նպատակ ունի: Նա իշխող կուսակցությանը մեղադրել է «օկուպացիոն ուժերի հետ գործարքի» մեջ:
Ըստ երևույթին՝ Մոսկվայում վրացական ընտրության վերջնարդյունքից իրոք հիասթափված են: «Վրացական երազանքը» վերահաստատել է, որ Արևմուտքի հետ տարաձայնությունները հաղթահարելի են: Թբիլիսիում հատկապես գնահատում են հանրապետական Թրամփի հաղթանակը՝ որպես վրաց-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման հնարավորություն:
Վրաստանում կհաջողվի՞ խորհրդարանի գումարման սահմանադրական քվորում ապահովել, ե՞րբ, ի՞նչ կառավարություն կձևավորի, որքա՞ն կշարունակվեն բողոքի ցույցերը կամ, թերևս, ընդդիմությունը մանդատներից չի հրաժարվի, ներքին հարցեր են:
Բայց կարծես պարզ է դառնում, որ ռուս-վրացական քաղաքական ֆլիրտն սկզբունքային զարգացում չի ունենա: Ամենայն հավանականությամբ՝ հարաբերությունները կմնան այն մակարդակին, որ կար մինչև խորհրդարանական ընտրությունները:
Բաց մի թողեք
Աշխարհը սպասում է. Թրամփը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում
Կհաղթանակի՞ առողջ դատողությունը…
Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից, ուստի՝ Բայրամովը հրաժարվել է հանդիպել Միրզոյանին