Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը տարածքային հավակնություն է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և այդ Սահմանադրությունը պետք է փոխվի:
Հերթական անգամ նա այդ մասին ասել է Ֆինլանդիայի նախագահ Ստուբի հետ հանդիպմանը, որը Կլիմայի գագաթնաժողովին մասնակցելու համար ժամանել է Բաքու: Հայաստանը դեռևս չի հայտարարել, թե արդյո՞ք կընդունի դրան մասնակցելու Բաքվի հրավերը: Ալիևն էլ հայտարարել է, թե մասնակցել-չմասնակցելը Հայաստանի որոշումն է:
Արդյո՞ք դա նշանակում է, որ Բաքուն չի համաձայնել գերիներ վերադարձնել՝ Հայաստանի մասնակցության դիմաց: Թե՞ Երևանի առաջ Ադրբեջանը դրել է ոչ միայն մասնակցության հարց, այլ գերիների վերադարձի դիմաց նաև ներկայացրել քաղաքական պահանջներ, այդ թվում, օրինակ, հենց Սահմանադրության մասով:
Առայժմ չկա պաշտոնական որևէ հստակություն՝ Երևանի թե՛ մասնակցության, թե՛ անգամ չմասնակցելու որոշման մասով: Բաքվի միջոցառումը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը, ու տեսականում կա գրեթե տասը օր համաձայնության հասնելու համար: Սակայն ամբողջ հարցը այն է թերևս, որ գործնականում կարծես թե չի ստացվում այդ համաձայնությունը, այլապես այն թերևս կայացված կլիներ մինչև գագաթնաժողովի մեկնարկը:
Եվ, ըստ ամենայնի, նաև այլևս չկա բավարար միջազգային հետաքրքրություն՝ Հայաստանի մասնակցության, առավել ևս այդ մասնակցությանն ընդառաջ որևէ փաստաթղթի ստորագրման հարցում: Քանի դեռ Երևանը չի հայտարարել, չի բացառել մասնակցությունը, իհարկե, միշտ կա շանս, որ այդուհանդերձ կարող է լինել որևէ համաձայնություն, որի շրջանակում Հայաստան կվերադառնան գոնե մի խումբ գերիներ ու պատանդներ:
Սա, իհարկե, այն մարդասիրական աներկբա գերակայությունն է, որ կա այս հարցում: Միևնույն ժամանակ, սակայն, դա գերակայություն է դժբախտաբար միայն Հայաստանի համար: Ադրբեջանի համար հայ գերիներն ու պատանդները ընդամենը շանտաժի ու քաղաքական սակարկության ռեսուրս են:
Ալիևի հայտարարությունը՝ թե Հայաստանի մասնակցել-չմասնակցելը Երևանի գործն է, խոսում է այն մասին, որ Ադրբեջանի համար ինքնին Հայաստանի մասնակցությունը ոչինչ է և միայն դրա դիմաց ինքը չի վերադարձնի գերիներ: Սրա պատճառն այն է, որ Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ այդպես էլ չեղավ Բաքվի հանդեպ այնպիսի միջազգային ճնշում, կամ առնվազն այնպիսի միջազգային մթնոլորտ ու միջավայր Բաքվի շուրջ, որ Ադրբեջանը հենց միայն Երևանի մասնակցության հարցում լիներ շահագրգռված և առանց ավելորդ քաղաքական պայմանների՝ համաձայներ գերիներ վերադարձնել այդ շրջանակում:
Սա արդյո՞ք Երևանի համար բացթողում է, որը 2023 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Արցախում էթնիկ զտումից ու հայաթափումից երկու-երեք ամիս անց, փաստորեն համաձայնեց Ադրբեջանին տալ Կլիմայի գագաթնաժողովն անցկացնելու հնարավորություն:
Իհարկե, այդ համաձայնության օգնությամբ Հայաստան վերադարձավ 32 գերի, թեև Հայաստանն էլ, ըստ էությա,ն վերադարձրեց Հայաստանում սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինվորների, որոնք ներթափանցել էին Հայաստանի տարածք:
Այդուհանդերձ, եթե արդեն իսկ գագաթնաժողովի բուն անցկացման համատեքստում չի հաջողվում գալ համաձայնության և նորից վերադարձնել հայ գերիներ՝ իսկ այս անգամ Ադրբեջանը փաստորեն չունի Հայաստանից վերադարձնելիք և ոչ մի զինվորական, ստացվում է, որ հայկական դիվանագիտությանը չի հաջողվել 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության վրա կառուցել որոշակի դիրքեր, որոնք մեկ տարի անց կարող էին ունենալ գոնե համարժեք էֆեկտ:
Այդ հարցի ավելի որոշակի պատասխանի համար ժամանակը կարծես թե հաշվում է առավելագույնը՝ օրերով:
Բաց մի թողեք
Ասադը կործանվեց, ինչ է սպասվում մեր տարածաշրջանին, հիմա բոլորը ողջունում են հակակառավարական ուժերին
Հայաստանը՝ միջնորդավորված կամ ուղիղ, ինչ կարող է առաջարկել Վրաստանին
Անհոգնել կրկնելով, թե Հայաստանը էսկալացիայի խնդիր չունի Ադրբեջանի հանդեպ՝ պատերազմ չի լինի՞