08/12/2024

Ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ընթանում են ինտենսիվ ու ավելի կառուցողական մթնոլորտում:

Միրզոյանը դարձյալ հայտնել է զգուշավոր լավատեսություն, որ կհաջողվի համաձայնեցնել 1-2 ձևակերպումները, որոնք համաձայնեցված չեն:

Հայաստանի ԱԳ նախարարի այդ հայտարարությունները կարծես թե որևէ կերպ չեն համադրվում Ադրբեջանից հնչող հայտարարությունների հետ: Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանից է կախված մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, իսկ Իլհամ Ալիևի օգնական Հաջիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանն այժմ զբաղված է Կլիմայի գագաթնաժողովի հետ կապված օրակարգով և Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նոր գործընթաց կսկսեն դեկտեմբերին:

Հայտարարությունները, որ հնչում են Երևանից ու Բաքվից, թույլ չեն տալիս իրատեսական համարել «զգուշավոր լավատեսությունը», թեև պետք է, իհարկե, խոստովանել, որ գործ ունենք բավականին փակ բանակցության հետ, ըստ այդմ՝ հնարավոր չէ աներկբա ասել, որ հրապարակային հայտարարությունների ներքո չի կարող լինել գործընթաց, որը հենց ծածկվում է իրարամերժ հայտարարություններով:

Բայց դա, իհարկե, կլինի բավականին տեսական, քանի որ գործնական մակարդակում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կախված է լինելու ոչ միայն երկու կողմերի միջև համաձայնությունից, այլ նաև ավելի լայն միջազգային միջավայրից՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական շահագրգռությունները, որ կան այդ թվում Հարավային Կովկասի հանդեպ ազդեցության առումով:

Իսկ այդ առումով նոր իրավիճակ է, հատկապես ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո: Դոնալդ Թրամփը ձևավորում է իր վարչակազմը, հայտնի են դառնում պաշտոնյաները, որ զբաղեցնելու են արտաքին քաղաքականությանը վերաբերող առանցքային պաշտոններ: ԱՄՆ համար անցումային այս փուլում պատկերացնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, թերևս բավականին դժվար է:

Միրզոյանը միևնույն ժամանակ հայտարարել է երկաթուղու գործարկման վերաբերյալ ինտենսիվ բանակցության մասին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն էլ նախօրեին հայտարարել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի մասնագետները համատեղ աշխատում են ջրային ռեսուրսների կառավարման շուրջ, իսկ ԱՄՆ աջակցում է նրանց:

Ակնառու է, որ իրավիճակը կանգնած չէ և ծավալվում է տարբեր ուղղություններով: Սակայն բաց է հենց այն հարցը, թե այդ ծավալումները որքանով են համակարգային, և որքանով՝ իրավիճակային ու հատվածական:

Համակարգային լինելու պարագայում դրանց արդյունքի այսպես ասած ժամկետայնության կարևորությունը կլինի հարաբերական: Բայց եթե ընթացող աշխատանքը և ինտենիվ բանակցությունները հատվածական, իրավիճակային են, ապա այստեղ առաջանում է խնդիր, որովհետև ինտենիվ բանակցությունը ունի շուտ սպառվելու ռիսկ, ու այդ պարագայում կարևոր է դառնում մինչև սպառվելը արդյունքի հասնելու հանգամանքը: Որովհետև մինչ ինտենսիվության սպառումն անհրաժեշտ արդյունք չարձանագրելու պարագայում կառաջանա վակուումի ռիսկ: