03/12/2024

Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի Հանրապետության ռազմավարությունը

1990-ականների սկզբի աշխարհաքաղաքական տեղաշարժերը․

– 1991 թվականին ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ. նրա տարածքում ձեւավորվեցին 15 նոր պետություններ, որոնց մեծամասնությունը կազմավորեց Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ).

– 1991 թվականից ԽՍՀՄ կազմաքանդման եւ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայի վերամիավորման արդյունքում Թուրքիան կորցրեց ՆԱՏՕ-ի առաջապահի իր դերը եւ սկսեց տարածաշրջանում նոր դեր փնտրելու քաղաքականություն վարել։

Թուրք նոր առաջնորդները կարծում էին՝ աշխարհաքաղաքական նոր իրողություններում Թուրքիան պետք է ձերբազատվի Արեւմուտքի եւ Իսլամական Արեւելքի միջեւ «կամրջի»՝ իրեն պարտադրված գաղափարից, քանի որ ունի եզակի աշխարհառազմավարական դիրքն աշխարհում, որը բնորոշ է միայն «կենտրոնական տերություններին»։

2000-ականների վերջից Թուրքիան հռչակեց իր արտաքին քաղաքականության նոր սկզբունքը` «զրո խնդիր հարեւանների հետ». կառավարությունը կարծում էր, որ միայն պատմական ու տնտեսական կապերը բավական են Թուրքիային՝ տարածաշրջանում առաջատար դեր ապահովելու համար: Քաղաքականության առանցքում դրվեց տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման ռազմավարությունը։ Սակայն քրդերը Թուրքիայի համար դարձել եւ մնում են լուրջ խնդիր։ Առանց «ներքին խաղաղության» Թուրքիայի համար շատ դժվար է ազդել հակամարտությունների վրա եւ աջակցել խաղաղության ջանքերին: Բացի դրանից, Թուրքիայի ղեկավարությունն ավելի ու ավելի է տարվում երկիրը տարածաշրջանային տերության վերածելու եւ ողջ Մերձավոր Արեւելքում Օսմանյան կայսրության ժառանգությունը վերակենդանացնելու մոլուցքով: Արդյունքում «զրո խնդիրներ» քաղաքականությունը վերածվեց մի իրավիճակի, երբ «խնդիրներ կան գրեթե բոլոր հարեւանների հետ»։

Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի, թերեւս, ամենանշանակալի փոփոխությունն այն էր, որ երկու հարյուր տարվա քաղաքական բացակայությունից հետո կովկասյան տարածաշրջան վերադարձավ Իրանը: Տարածաշրջանի քաղաքական մթնոլորտի վրա Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ գրեթե մենաշնորհային փոխգործակցության ավանդական սխեման խաթարվում է նույն կարեւորության երրորդ ներկայությամբ: Իրանն առաջին անգամ իր մասին հայտարարեց 1992թ. սկզբին, երբ ինքնուրույն հանդես եկավ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հավակնություններով: Բայց այդ ժամանակ Ռուսաստանի եւ արեւմտյան երկրների (ԵԱՀԿ Մինսկի խումբ) համատեղ ջանքերով Իրանը հեռացվեց ակտիվ միջամտությունից։ Սակայն 2020թ. ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ փաստացի իր համաձայնությունը տվեց Ռուսաստանի եւ Թուրքիայի՝ Արցախը ռազմական ճանապարհով վերացնելու որոշմանը։ Այդ պահից Իրանը դարձավ տարածաշրջանում լիիրավ խաղացող։

Ազգային նախագծերը Կովկասում եւ տարածքների տարանջատման փուլերը ԽՍՀՄ փլուզումից հետո

Աշխարհքաղաքական փոփոխված պայմաններում հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական վերափոխումը տեղի ունեցավ հետեւյալ ձեւերով.

– Դեռ խորհրդային Սահմանադրության նորմերի լուծարումից առաջ Հայաստանը գոյություն ուներ որպես պետական կազմավորում, որը հռչակվել էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂԻՄ Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ ԽՍՀՄ կազմում այս երկու հայկական վարչական միավորների վերամիավորման մասին որոշման հիման վրա։ Քաղաքական շրջանառության մեջ մտավ ՄԻԱՑՈՒՄ-ի գաղափարը, որը ԽՍՀՄ կազմում ստեղծված վարչական սուբյեկտների միավորման միջոցով հայկական պետության ձեւավորման փիլիսոփայություն եւ ռազմավարություն էր;

– 1991 թվականի դեկտեմբերին՝ ԽՍՀՄ կազմաքանդման վերջնական փուլում Հայաստանը զինվեց ԼՂԻՄ-ից քաղաքական եւ իրավական սահմանազատման սկզբունքով։ Ձեւավորվեց առանձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), որտեղ ԽՍՀՄ-ը լուծարելու որոշումից հետո անցկացվեց անկախության հանրաքվե։ Հայաստանը չճանաչեց ԼՂՀ անկախությունը, բայց ճանաչեց ԱՊՀ շրջանակներում Ադրբեջանի ինքնիշխանությունն ու գոյություն ունեցող սահմանները;

– Մինչ այդ, 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ-ի շրջանակներում անցկացվեց Հայաստանի անկախության հանրաքվե, իսկ սեպտեմբերի 23-ին հռչակվեց ՀՀ անկախությունը։ Հայաստանը Ադրբեջանի հետ ԼՂՀ հարցում տարաձայնությունների եւ հակամարտության առկայության մասին չէր արտահայտվել;

– Ադրբեջանը 1991թ. օգոստոսին ընդունված սահմանադրական ակտով իր պետությունը ճանաչեց որպես 1918 թվականի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավաժառանգորդ, որն այն ժամանակ ոչ ոք չէր ճանաչել։ Խորհրդային Միության կազմում գոյության տարիները հռչակվեցին որպես Ռուսաստանի կողմից օկուպացիայի տարիներ;

– Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ գոյություն ունեցող սահմանների ճանաչումը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի շրջանակներում: Հայաստանն այստեղ եւս չի արտահայտել ԱՊՀ շրջանակներում ԼՂՀ հարցում Ադրբեջանի հետ տարաձայնությունների եւ հակամարտության առկայության մասին։ Հայաստանի որոշումը Ադրբեջանին իրավունք տվեց ռազմական ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի դեմ;

– Արտաքին քաղաքական համատեքստում Հայաստանի քաղաքականությունը նույնպես կոնկրետ բնույթ ստացավ անմիջապես այն բանից հետո, երբ երկրի նախագահը հայտարարեց «Թուրքիայի հետ հաշտեցումը» որպես արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակ, իսկ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակասությունները՝ որպես առանցքային խնդիր Հայաստանի զարգացման հարցում;

– Փաստորեն, ԽՍՀՄ փլուզման փուլում ի հայտ եկած քաղաքական ինքնորոշման հնարավորությունը հայ ժողովուրդը բաց թողեց։ Ինքնորոշման ռազմավարական ճակատագրական իմաստը չի գիտակցվել ՀՀ նոր քաղաքական վերնախավի կողմից։ Հայ ժողովրդի ինքնուրույն գոյության հույսերը կապված էին արտաքին ուժերի, առաջին հերթին՝ Ռուսաստանի քաղաքական օրակարգերին մասնակցելու սկզբունքի հետ։ Գործնականում՝ ժամանակի ընթացքում մերժվեց ինքնիշխան քաղաքականությունը` հօգուտ Ռուսաստանի ռազմական, ապա տնտեսական կառույցներին Հայաստանի առավելագույն ինտեգրման;

– Այնուհետեւ, 1992թ. սկզբին ԼՂ հիմնախնդրի միջազգայնացման եւ ԵԱՀԽ-ի կողմից հակամարտության կարգավորման գործընթաց մտնելու ժամանակաշրջանում Հայաստանը ԼՂ խնդիրը ներկայացրեց որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնության խնդիր: Այսպիսով՝ Ադրբեջանը հնարավորություն ստացավ միանալ ԵԱՀԽ-ին եւ ԼՂ խնդիրը ներկայացնել որպես Հայաստանի տարածքային պահանջ Ադրբեջանին։

– 1992թ. փետրվարին, միջազգային ճանաչում ստանալուց եւ ԵԱՀԽ-ին անդամակցելուց հետո, Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ եւ պարտվեց 1994-ին: Այդ թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ կնքվեց զինադադարի պայմանագիր։ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցավ տարածքային տարանջատում։ ԼՂՀ տարածքը գտնվում էր Հայաստանի լիակատար վերահսկողության տակ, իսկ ԼՂՀ տարածքի նկատմամբ բոլոր իրավունքները մնում էին Ադրբեջանի ձեռքին, ինչպես պատերազմից առաջ։ Հակամարտող կողմերի միջեւ իրավունքների բաշխման համակարգում փոփոխություններ չեղան։

1993 թվականից Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը, սակայն ռազմական գործողություններին որեւէ այլ մասնակցություն չունեցավ։ Ստատուս-քվոն նկարագրված վիճակում մնաց մինչեւ 2020-ը։ Կովկասյան տարածաշրջանի իրավիճակով շահագրգիռ բոլոր հաստատությունների հարաբերությունները տասնամյակներ շարունակ կարգավորվել են ԼՂ հակամարտությունը լուծելու համար ստեղծված ԵԱՀԽ Մինսկի կոնֆերանսի (ի դեմս Մինսկի խմբի) բանակցությունների շրջանակներում։

Թուրքիայի հետ խնդիրների լուծման հայկական հայեցակարգերը եւ Հարավային Կովկասում հետխորհրդային իրողությունների ձեւավորումը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայեցակարգի ձեւավորման ձախողումները բխում էին այս խնդրի բուն էության իռացիոնալ գնահատականներից եւ, համապատասխանաբար, խնդրի ոչ ճիշտ ձեւակերպումից։ Մինչ այժմ կենսունակ են այս խնդրի լուծման երկու հիմնական մոտեցում եւ խնդրի համապատասխան ձեւակերպում.

Ա. Հայաստանի ու հայերի նկատմամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների շրջանակներում (հարաբերությունների եռանկյունում) առաջարկվում է միակողմանի ընդունել թուրքերի բոլոր պահանջները (մինչեւ անվերապահ կապիտուլյացիա) եւ, այդպիսով, ռուսներին զրկել թուրքերի հետ հարաբերություններում հայերի խնդիրները շահարկելու մեխանիզմից։ Այսինքն՝ առաջարկվում է խարխլել ռուսական վերջին երկու հարյուր տարվա քաղաքականության հիմքերը։ Նման մոտեցման կողմնակիցները կարծում են, որ ռուս-թուրքական հարաբերություններում կողմերից մեկի դիրքորոշման ընդունումը հնարավոր է, եւ որ հայերը կարող են գլուխ հանել դրանից։ Քննարկումներում երբեմն նշվում է այդ հայեցակարգերից մեկը՝ «երրորդ ուժի բացառումը», այսինքն՝ Ռուսաստանի բացառումը հայերի եւ թուրքերի միջեւ բանակցություններից։

Բ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկրորդ մոտեցումը հանգում է պատմությունից մնացած Հայկական հարցի խնդիրների քաղաքականացմանը՝ 1915թ.-ի Ցեղասպանության խնդրին եւ 1920թ. Սեւրի կոնգրեսի որոշմանը Օսմանյան կայսրության տարածքային տարանջատման մասին։ Ենթադրվում է, որ այդ թեմաները միջազգային իրավական հարթություն բերելը կարող է հաջողություն ապահովել Հայաստանին՝ Թուրքիայի հետ սեփական պայմաններով հարաբերությունները կարգավորելու համար՝ ներառյալ իրավական, նյութական եւ տարածքային փոխհատուցումները Թուրքիայից։

Այս հայեցակարգի շրջանակներում իրական առաջընթաց արձանագրվեց երկու ուղղությամբ՝ 1970-ականներին ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի) ստեղծումը եւ տասնյակ երկրների, հիմնականում արեւմտյան երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս գործընթացները իրական ազդեցություն չեն թողել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի վրա։

1988-91 թվականներին վերը նկարագրված տեսական մոտեցումների հենքին ՄԻԱՑՈՒՄ-ի հիմնախնդրի առաջացումը՝ նախկին Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի վերամիավորման հիման վրա Հայկական պետության ձեւավորումը, թարմացրեց պատմական խնդիրների թեման ՀՀ գործնական քաղաքականության մեջ։ Հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն բանավեճ սկսեց Հայաստանի պետական քաղաքականության մեջ այս կամ այն մոտեցումների կիրառման նպատակահարմարության շուրջ։ Արդյունքում մի քանի տարվա ընթացքում ձեւավորվեց հիբրիդային հայեցակարգ՝ երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ռազմավարություն՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցությամբ։

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններն առաջարկվեց կարգավորել ԵԱՀԽ Մինսկի գործընթացի շրջանակներում։ 1994-ի Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի մուտքը ԱՊՀ՝ «սառեցրին» հայ-թուրքական հարաբերությունների թեման երկար տարիներ։ Հայաստանը շրջափակման մեջ պահող Թուրքիայի քաղաքականության մեջ ի հայտ եկավ մի թեզ. «Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման դեպքում՝ վերջինիս պայմաններով»։

Կովկասյան տարածաշրջանի երկրների եւ նրա տարածաշրջանային հարեւանների քաղաքականության արմատական շրջադարձի սկիզբը դրվեց 2008թ.-ին սերբական Կոսովոյի շրջանի միջազգային ճանաչման եւ ի պատասխան՝ Ռուսաստանի կողմից վրացական Աբխազիայի եւ Հարավային Օսիայի գավառների միակողմանի ճանաչման փաստով։ Այդ պահից սկսած՝ 2009թ.-ին նկատվեց Թուրքիայի աշխուժացման գործընթացը կովկասյան տարածաշրջանում։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջազգային միջնորդությամբ բանակցությունների գործընթաց սկսեց՝ այս երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման սկզբունքների վերաբերյալ արձանագրություններ կազմելու համար։ Միեւնույն ժամանակ Թուրքիան բանակցություններ սկսեց Ադրբեջանի հետ ռազմական դաշինք կնքելու շուրջ։ 2010թ.-ին նման պայմանագիր կնքվեց։ Միաժամանակ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան տարածաշրջանի երկրների նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Ռուսաստանը սկսեց ծանր հարձակողական զինատեսակների զանգվածային մատակարարումներն Ադրբեջանին։

Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքականության եւս մեկ շրջադարձ նկատվեց 2015թ.-ին, երբ այս երկրների հարաբերությունները կտրուկ վատթարացան Սիրիա ռուսական զորքի մուտքից հետո։ Այս երկրում շահերի բախումը հանգեցրեց մի շարք իրադարձությունների՝ թուրքերը Սիրիայի հետ սահմանին խոցեցին ռուսական ռազմական ինքնաթիռը, սպանեցին ՌԴ դեսպանին։ Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները, սակայն, որոնք մոտենում էին լիակատար խզման, մերձեցման փուլ մտան Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջումից հետո։ Ռուսաստանը Սիրիայի եւ Լիբիայի հարցերում մոդերատորություն սկսեց՝ Թուրքիայի հետ համագործակցություն հաստատելով այս երկրներում գործընթացների վերահսկման բավական բարդ օրակարգերի շուրջ։

Ուկրաինայում իրավիճակի հարցում արեւմտյան երկրների հետ Ռուսաստանի աճող հակասությունները վերջնականապես որոշեցին ռուսական քաղաքականության ուղին։ 2020թ.-ին Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ձեւավորվեց չհայտարարված դաշինք, որը հանգեցրեց ԼՂ-ում 26-ամյա ստատուս քվոյի փոփոխությանը։ Երեք տարվա ընթացքում այս երկրների համատեղ գործողություններով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց, իսկ ԼՂՀ-ն՝ որպես քաղաքական խնդիր, հասցվեց ինքնալուծարման։

Դեռ ԼՂ-ից հայերի դուրս գալուց առաջ նրա անմիջական հարեւանությամբ ստեղծվեց ռուս-թուրքական համատեղ դիտակետ, որը փաստացի օրինականացրեց Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։ Սիրիայում գործընթացների համատեղ վերահսկողության պրակտիկան տեղափոխվեց այստեղ։

Նոր իրավիճակ Հարավային Կովկասի երկրների եւ նրա հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հարաբերություններում. Հայաստանը արեւմտյան երկրների հետ տարածաշրջանային տերությունների դիմակայության կենտրոնում է

2022թ. փետրվարին ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք եւ արեւմտյան երկրների ու Ռուսաստանի միջեւ գլոբալ առճակատման ձեւավորումն արմատապես փոխեցին իրավիճակը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր կնքեց։ 2022թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակը սկսեց գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՌԴ-ն չհակազդեցին եւ օգնություն չցուցաբերեցին Հայաստանին։ Ռուսաստանը հրաժարվեց Հայաստանին փոխանցել նախկինում գնված սպառազինությունը։ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունները սկսեցին կտրուկ վատթարանալ։ Հայաստանը կանգնեց իր անվտանգության ապահովման այլընտրանքային աղբյուրների ընտրության առջեւ։

Հույսերը, թե ԼՂ-ի լուծարումը բավարար պայման կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաշտության համար, նույնպես չեն արդարացվում. պատմական հակառակորդներն ավելի ու ավելի շատ նոր պայմաններ են առաջադրում բարիդրացիության համար։ Առաջին հերթին՝ նրանք փորձում են հասնել Նախիջեւանի հետ Հայաստանի վերահսկողությունից դուրս ցամաքային կապի հաստատմանը։ Երկրորդ՝ նրանք ձգտում են քաղաքական խոսույթ մտցնել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի վերականգնման սկզբունքը (ադրբեջանական բնակչության վերադարձ): Միաժամանակ նրանք ՀՀ-ից պահանջում են ընդունել նոր Սահմանադրություն՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի պայմաններով։ Հայաստանն էլ կոչում են «Արեւմտյան Ադրբեջան։

Հասկանալի է, որ թուրքերի հետ «հաշտության» նման պայմանները հայկական պետականության ավարտի սկիզբն են։ Ըստ այդմ՝ ՀՀ իշխանությունների բոլոր հույսերը կապվում են արեւմտյան տերությունների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ։ Սակայն առայժմ այս տերությունների բավական հակասական քաղաքականության հենքին Երեւանի խաղաղության քաղաքական ուղեգիծը թեքվում է դեպի «խաղաղություն՝ ամեն գնով» բանաձեւը։ Համենայնդեպս՝ «անզորության» գաղափարի քարոզչությունը շարունակում է թափ հավաքել։ Քաղաքական վերնախավի եւ բնակչության լայն շերտերում գնալով ավելի է խորանում այն կեղծ համոզմունքը, թե կարելի է ապահովել սեփական անվտանգությունը՝ զիջումների գնալով առանց «կարմիր գծերի»։

Հարավային Կովկասի հարեւանները Հայաստանից պահանջում են հրաժարվել արեւմտյան տերություններին տարածաշրջան հրավիրելուց։ Պահանջում են, որ ՀՀ-ն լուծի իր խնդիրները բացառապես իրենց հետ համագործակցության շրջանակներում։ Մինչեւ հիմա տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում հարեւանների մոտ ոչինչ չէր ստացվում։ Այժմ բոլորն ուզում են իրենց հարցերը լուծել հայերի հաշվին։ Հայերը, սակայն, չեն կարողանում գտնել այլոց պահանջներից պաշտպանվելու բաղադրատոմսը։

Շահերի եւ ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում արմատապես փոխվել է։ Հայաստանի դաշնակից Ռուսաստանը դարձել է Հայաստանի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Հայաստանը հայտնվել է բազմակողմ ռազմաքաղաքական ճնշման տակ։ Օրակարգ է մտել ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների թեման։ Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական օրակարգում 2025թ.-ին երկու երկրների բանակները միավորելու ծրագրերը սպառնում են ամբողջովին փոխել քաղաքական մթնոլորտը տարածաշրջանում, եւ ոչ միայն Հայաստանի համար։

Ադրբեջանը թուրքական էքսպանսիոնիզմի քաղաքականության համախմբման կենտրոնն է։ Պատահական չէ Թուրքիայի՝ իր ազդեցությունն ուժեղացնելու ծրագրերում Ադրբեջանի ընտրությունը որպես առանցքային սուբյեկտ։ Նման դերակատարման հարցում Ադրբեջանի պատրաստակամությունը միանգամայն կանխատեսելի էր։

Իրականությունն այն է, որ 1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո՝ հավակնելով առավել ընդարձակ տարածքների, այս սուբյեկտը սկսեց նախահարձակ պատերազմ, որի արդյունքում փլուզվեց։ Պետությունն այդպես էլ չկայացավ եւ զավթվեց Ալիեւների ընտանեկան կլանի կողմից։ 2010թ.-ից Թուրքիան սկսեց գաղութացնել այդ տարածքը եւ ահաբեկչական խմբավորում ստեղծել դրա վրա։ Թուրքական այս ծրագրերում ներգրավվել են տեղական բնակչությունը եւ խամաճիկ ռեժիմը, ինչը հանգեցրել է այդ տարածքում տիպիկ ահաբեկչական միավորման ձեւավորմանը։ Այդպիսին է մնում այն մինչ օրս։ Թուրքիայի զինված ուժերում Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի օրենսդրական մակարդակով ներգրավվածությունը միայն հաստատում է, որ այդ սուբյեկտի հիմնական գործառույթը Թուրքիայի շահերին ծառայող էքսպանսիան է։

Ադրբեջանի Հանրապետության հիմնական գաղափարախոսությունը թյուրքական նացիզմն է։ Շիա մահմեդականությանը ֆորմալ պատկանելությունը նշանակություն չունի: Ադրբեջանական նացիզմը հիմնված է էթնիկական գերազանցության եւ հարեւան պետությունների տարածքում մենաշնորհային իրավունքների գաղափարի վրա։ Բոլոր հարեւան ժողովուրդները հայտարարվել են ադրբեջանական ազգի թշնամիներ եւ նրա իրավունքները յուրացնողներ։ Նման գաղափարախոսությունը նպատակ է հետապնդում ապահովել բնակչության գաղափարական պատրաստակամությունը՝ իրականացնելու ցանկացած էքսպանսիոնիստական ռազմավարություն։

Հայաստանը եւ Ադրբեջանին հարող երկրները չեն կարող անտեսել այս հանգամանքները։ Նման սուբյեկտի առաջացումն ու հզորացումը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար:

Մանվել Սարգսյան