08/12/2024

«Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալների դեմ Դատախազությունը հայցապահանջներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազը ՀՀ հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ռոբերտի Գալստյանի, Նատալյա Գենադիևնա Գալստյանի, Նասիա Եփրեմի Գալստյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:

Դատարանը հայցադիմումն ընդունել է վարույթ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Ստեփան Գալստյանը, հիշեցնենք, «Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալն է, որը քրեական հետապնդման է ենթարկվում 2021-ից։

Նշենք, որ դեռևս 2012 թվականին Hetq.am-ը գրել էր, որ ծնունդով մարալիկցի Ստեփան Գալստյանը սեփական ավիաընկերությունն ունի։ 2012 թվականին Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի «Մայա-Մայա» օդանավակայանի մոտ ինքնաթիռ էր ընկել։ Արդյունքում զոհվել էին անձնակազմի 7 անդամները, որոնցից 5-ը հայեր էին։ Պարզվեց, որ ինքնաթիռը պատկանում էր հայկական «Ռիջ Էյրվեյս» («Ridge Airways») ընկերությանը: Պետռեգիստրի կայքում ընկերության սեփականատեր է նշված Սերգեյ Քոչարովը: Ինքնաթիռը, սակայն, ըստ «Հետքին» նամակ գրած օդաչուի, պատկանում էր ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, բայց գրանցված էր նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ավելին, չունենալով շահագործման թույլտվություն, ամիսներ շարունակ ինքնաթիռը ապօրինի է շահագործվել։ ՊՆ-ն հերքել էր գեներալ Գալստյանի առնչությունն այս ամենին: Գերատեսչության հայտարարության մեջ նշվել էր, թե նմանատիպ լուրերը զինված ուժերին վարկաբեկելու նպատակ ունեն: «Դժվար է պատկերացնել, որ կառույցը կարող էր հայտարարել, թե, այո, նշված ընկերությունը պատկանում է գեներալին»,- նկատել էր կայքը:

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայցադիմում է ներկայացրել նաեւ ընդդեմ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Մարինե Մելիքսեթի Ասատրյանի, Լիլիթ Ավետիքի Մուրադյանի հայցապահանջը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։ Մուրադյանը նույնպես «անպիտան հրթիռների» գործով մեղադրյալներից է։

ԱԱԾ-ն, հիշեցնենք, 2021-ի սեպտեմբերին հաղորդագրություն էր տարածել և հայտնել՝ բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ. խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառած հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ: Մուրադյանը կալանավորվել էր, ապա որոշ ժամանակ անց ազատվեց կալանքից։

Այս գործով յոթ մեղադրյալներից մեկն էլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է, մյուսը՝ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը։