09/12/2024

ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա. Աբրահամյանը մեկնաբանել է հրապարակումները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ««Ֆեյսբուք»-ի իր էջում, արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին, նշել է․

«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։

Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։

Հիշեցնենք, որ կառավարության նոյեմբերի 19-ի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։

Կառույցում ղեկավարի նոր նշանակում առայժմ չկա:

Նշենք՝ լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն, ՔԿ-ում, իբր, քաոսային իրավիճակ է: Հրապարակման մեջ ասվում է, թե կոմիտեում աշխատանքից ազատման դիմումներ են գրել մի շարք պաշտոնյաներ՝ չհամաձայնելով ղեկավարի նոր հավանական թեկնածուի հետ աշխատել: